«Շատ կորուստներ եմ ունեցել կյանքում, բայց այս մեկն ուրիշ էր…Մինչեւ օրս էլ մտքումս թաքուն խոսում եմ հետը: Նա ինքն իրենով հենց կյանքն էր, որ կար…»,- երջանկահիշատակ Վահան Հովհաննիսյանի մասին այսպես է արտահայտվում նրա մտերիմ ընկերը՝ Երեւանի Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը:
Նրա խոսքով՝ Վահան Հովհաննիսյանն ունիկալ էր: Անկրկնելի էր հատկապես նրա հումորի զգացումը, որը բեմադրիչը որակում է «հեղինակային», բնորոշ միայն նրան: Ռ. Բաբայանի համոզմամբ իր ընկերը բացարձակապես չէր ձգտում, բայց ակամա լիդեր էր. «Մասսան նրան տանում էր առաջ: Եվ ինչպես ցանկացած իսկական պետական գործչի, նրա համար էլ կուսակցական շրջանակները շատ նեղ էին, գուցե կուսակցությունն էր իրենով կուսակցություն, ոչ թե հակառակը…»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նկատեց բեմադրիչը:
Քչերը, բայց ընտրված մարդիկ, «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցության բյուրոյի անդամ, Գերմանիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Վահան Հովհաննիսյանից զատ ճանաչում էին մեկ այլ Վահանի՝ սրամիտ, կենսուրախ մարդուն, հետաքրքիր զրուցակցին, անձնվեր ընկերոջը: Նրանցից մեկն էլ Պարույր Սանթրոսյանն է, ով աշխատել է ՀՅԴ բյուրոյի Երեւանի գրասենյակում, եղել է ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի գրասենյակի ղեկավար, մի քանի տարի էլ՝ ԱԺ նախագահի տեղակալ Վահան Հովհաննիսյանի խորհրդական, դարձել վերջինիս ուրախ ու տխուր օրերի ընկերը, նրա կյանքի ուշագրավ դրվագների ակամա վկան:
Պ.Սանթրոսյանը լավ է հիշում, թե Վահան Հովհաննիսյանն ինչպես էր սիրում փոխել մարդկանց անունները, երբեմն փաղաքշական երանգ էր հաղորդում դրանց. «Լաուրային Ֆլորա էր ասում, ոմանք նրա համար մի րոպեում Սերոժիկ էին դառնում, իսկ, օրինակ, ինձ էլ «Պարյուր» էր ասում: Այնքան լավ էր նա այդ ամենն անում, որ ամենքն էլ ցանկանում էին հայտնվել նրա թիրախում»:
Նա եւս վկայում է, որ Վահան Հովհաննիսյանն անկրկնելի հումորի տեր մարդ էր եւ կարողանում էր սարկազմի միջոցով մեղմել ագրեսիան. «1993-ն էր, պատերազմի տարիներն էին, թուրք լրագրողների մի խումբ եկել էր Հայաստան եւ պաշտոնական հանդիպումներից զատ ցանկություն էր հայտնել հանդիպել Վահան Հովհաննիսյանի հետ: Երբ վերջինս խոսքի բռնվեց լրագրողների հետ, իր առջեւ դրել էր Հայաստանի քարտեզը, իսկ որոշ քաղաքների վրա դրոշներ էր փակցրել, մի մասը կապույտ, մյուս մասը կանաչ: Լրագրողներից մեկը հարցրեց՝ երեւի կապույտով նշված են գրավված քաղաքները, կանաչով էլ՝ նրանք, որոնք հետո պետք է գրավեք: Իսկ Վահան Հովհաննիսյանը պատասխանեց` ոչ, պարզապես կապույտ դրոշակները վերջացել էին…Ու բոլորը ծիծաղեցին, լարվածությունն անցավ»,-հիշեց Պ.Սանթրոսյանը:
Նա խոստովանեց, որ երկար ժամանակ այն կարծիքին է եղել, թե Վահան Հովհաննիսյանն աթեիստ է, սակայն հետո համոզվել է, որ նա իսկական հայ քրիստոնյա է. «Դա կարելի է զգալ «Մանդիլիոնն» ընթերցելիս, բայց ես շատ ավելի վաղ էի հայտնաբերել այդ փաստն ինձ համար: Հիշում եմ՝ մի անգամ խնդրեց, որ գնանք Էջմիածին, այդպես էլ արեցինք, նա եկեղեցում մոմ վառեց, ու ասեմ, որ դա հենց այն նույն եկեղեցին էր, որի մասին նա նկարագրել է իր գրքում»,-պատմեց Պ.Սանթրոսյանը:
Պարզվում է՝ Վահան Հովհաննիսյանն առանձնակի կարեւորել է արվեստի գործիչների դերը. «Մի օր ասաց՝ ուզում եմ հանդիպում կազմակերպել հանարապետության ճանաչված արվեստի գործիչների հետ: Ինձ հաջողվեց մեկ տեղում հավաքել նրանցից ոմանց, այդ թվում՝ Խորեն Աբրահամյանին, Արմեն Էլբակյանին եւ այլոց: Վահանն առանձնակի նպատակ չուներ, պարզապես ուզում էր անձամբ ճանաչել նրանց, զրուցել հետները»,-հիշեց ընկերը:
Նա ծանոթ է եղել նաեւ Վահան Հովհաննիսյանի երաժշտական ճաշակին եւ գիտեր, որ վերջինս շատ էր սիրում Ջանիս Ջոփլինին, եւ, այնուամենայնիվ, ինքը հենց նրանից է առաջին անգամ լսել Գրիգորի Լեպսի անունը:
Ընկերը վկայում է Վահան Հովհաննիսյանի մեկ այլ ունիկալ կարողության մասին եւս` կանանց գրավելուն. «Վահանն ուներ յուրահատուկ տղամարդկային խարիզմա, որի համար կանայք նրան շատ էին սիրում»,-նշեց Պ.Սանթրոսյանը:
Հիշեցնենք, որ Վահան Հովհաննիսյանը մահացել էր դեկտեմբերի 28-ին՝ ծանր հիվանդությունից:
Աննա Բաբաջանյան