ՍՏԵՂԾՎԱԾ ԼԱՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐՆ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Գյումրիում ստեղծված լարված իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրում են Հայաստանի իրավապահները. նրանք պարտավոր էին ամեն ինչ անել, որպեսզի քաղաքացիների մոտ կասկած չառաջանար, որ Ավետիսյանների ընտանիքի վեց անդամներին սպանելու մեջ կասկածվող ՌԴ զինված ուժերի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը ՀՀ օրենսդրության ողջ խստությամբ է պատասխանատվության ենթարկվելու: ՀՀ իրավապահները՝ մասնավորապես ՀՀ ոստիկանությունը, պարտավոր էր թույլ չտալ, որ ՌԴ զինված ուժերի ներկայացուցիչները մասնակցեին Պերմյակովին հայտնաբերելու նպատակով կազմակերպված օպերատիվ-հետախուզական միջոցառումներին: ՌԴ զինված ուժերի ներկայացուցիչները պետք է մեկ խնդիր լուծեին` ապահովել, որ իրենց զորամասից եւս մեկ զինվոր զենքով դուրս չգա ու ՀՀ քաղաքացիների կյանքին վտանգ չսպառնա: ՀՀ իրավապահները ոճրագործության մեջ կասկածվողին ամեն գնով իրենց ուժերով հայտնաբերելու փոխարեն թույլ են տվել, որ ՌԴ զինված ուժերի ներկայացուցիչները մասնակցեն օպերատիվ-հետախուզական գործողություններին, ինչի արդյունքում Պերմյակովը հայտնվել է նրանց ձեռքում: ՀՀ քաղաքացիներն արդարացի կասկածներ ունեն, որ նա կարող է խուսափել ՀՀ արդարադատությունից, եւ երեկ բողոքի ինքնաբուխ ցույց էին կազմակերպել Գյումրիում: Եթե ՀՀ իրավապահներն իրենց բարձունքի վրա գտնվեին, ապա ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը ստիպված չէր լինի հատուկ հայտարարել, որ Հայաստանում կատարված ոճրագործության մեջ մեղադրվող անձն անպայման Հայաստանում կդատապարտվի: Ի դեպ, Կոստանյանը դեռ պետք է կարողանա կյանքի կոչել իր խոստումը, ինչը ենթադրում է, որ ՌԴ զինված ուժերի հրամանատարությունը պետք է համաձայնի Պերմյակովին փոխանցել ՀՀ իրավապահներին:

 

 

 

 

 

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը երեկ որոշել է 10 միլիոն դրամով տուգանել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին: Ըստ ՀԾԿ հանձնաժողովի որոշման՝ սպառված էլեկտրաէներգիայի դիմաց սպառողներից հավաքագրված գումարներն ամբողջ ծավալով չեն մուտքագրվել ՀԷՑ-ի հատուկ հաշիվներում: Այս փաստն ի հայտ է եկել նույն ՀԷՑ-ի կողմից ՀԾԿ հանձնաժողովին ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում: Իսկ թե ուր են փոխանցվել այդ գումարները, որոշման մեջ նշված չէ: Բացի այդ, ՀԷՑ-ը «Հայկական ատոմային էլեկտրակայան», «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր», «Միջազգային էներգետիկ կորպորացիա», «Երեւանի ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ-ներին առաքված էլեկտրաէներգիայի դիմաց, իսկ «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ին մատուցված ծառայությունների դիմաց վճարումները կատարել է ուշացումներով եւ ոչ ամբողջական: Ըստ ՀԾԿՀ-ի՝ ՀԷՑ-ն այսպիսով վտանգել է համակարգի անվտանգությունն ու հուսալիությունը:

 

 

 

 

 

Այս տարվա առանձնահատկություններից մեկն էլ, թերեւս, այն է, որ ՀՀ վերահսկիչ պալատը պարապուրդի է մատնված. չունի տարեկան գործունեության ծրագիր, քանի որ ՀՀ Աժ-ն անցած աշնանային նստաշրջանի ընթացքում այդ փաստաթուղթն այդպես էլ չհասցրեց հաստատել: ՀՀ Սահմանադրության 83.4 հոդվածի համաձայն՝ ՀՀ վերահսկիչ պալատի գործունեության ծրագիրը հաստատում է ՀՀ ԱԺ-ն: Նույն ձեւակերպումը տեղ է գտել նաեւ «Վերահսկիչ պալատի մասին» ՀՀ օրենքում: Այսպիսով՝ պետք է արձանագրել, որ ՀՀ ԱԺ-ն խախտել է ՀՀ Սահմանադրությունը: Եւ այս իրավիճակում հարց է ծագում, թե ինչպես պետք է գործի ՎՊ-ն, եթե չունի ԱԺ-ի կողմից հաստատված ծրագիր: Այս հարցի պատասխանը չկա ո՛չ Սահմանադրությունում, եւ ո՛չ էլ «ՎՊ մասին» օրենքում: ՀՀ վերահսկիչ պալատը, որը լիազորված է վերահսկելու պետական միջոցների տնօրինման ընթացքը, փաստացի մատնված է անգործության, քանի որ եթե այս կառույցը որեւէ վերահսկողական գործողություն կատարի, ապա չի կարող փաստել, թե ինչի հիման վրա է դա անում:

 

 

 

 

 

ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի՝ երեկ հրապարակած տվյալների համաձայն՝ անցած տարի Հայաստան է ներկրվել 2,451 մլրդ խմ գազ, որից 2,062 մլրդ խմ-ը Ռուսաստանի Դաշնությունից, իսկ 0,389 մլրդ խմ-ն՝ Իրանից: Նախորդ` 2013 թվականին, Հայաստան է ներկրվել 2,361 մլրդ խմ գազ: Այսինքն՝ 2014-ին նախորդ տարվա համեմատ գազի ներկրումն ավելացել է 90 միլիոն խմ-ով: Սակայն այս աճը Հայաստանի համար ոչ մի լավ բան չի նշանակում: Գազի սպառման տվյալների «Ժողովուրդ»-ի ուսումնասիրությամբ՝ արդյունաբերությունում օգտագործված գազը զգալիորեն նվազել է. 2013-ին այդ ցուցանիշը եղել է 268,427 մլն խմ, իսկ 2014-ին այն կազմել է 243,113 մլն խմ: Անկումը կազմել է 25,314 մլն խմ: Սա նշանակում է, որ Հայաստանի արդյունաբերությունը անցած տարում զգալի անկում է ունեցել: Գազի սպառման աճը հիմնականում ապահովել են էներգետիկ ձեռնարկությունները, որոնք 2013-ի համեմատ 83 մլն խմ-ով ավել գազ են սպառել: Այսինքն՝ սպառողին թանկ էլէներգիա են մատակարարել:

 

 

 

 

ՃՈՐՏԱՊԵՏԱԿԱՆ

ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը երեկ հերթական «աչքալուսանքն» է տվել ՀՀ քաղաքացիներին` հայտարարելով, թե առաջիկայում հնարավոր է էլեկտրաէներգիայի սակագների նոր թանկացում: Նա, իհարկե, կոնկրետ ժամկետ կամ թանկացման չափ չի նշել, սակայն փոխարենը ներկայացրել է հնարավոր թանկացման պատճառը: «էլեկտրաէներգիա մատակարարող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը մեծ պարտքեր է կուտակել: 2015 թվականի հունվարի 1-ի դրությամբ էլցանցերի պարտքը կազմել է 15,8 միլիարդ դրամ, այդ թվում՝ ժամկետանց պարտքը` 7,8 միլիարդ դրամ: Ընկերությունը միլիոնավոր դոլարներ էլ պարտք է առեւտրային բանկերին: Այս պահի դրությամբ բանկերին պարտքը կազմում է 220 միլիոն դոլար»,-ներկայացրել է Զախարյանը:

Փաստորեն ՀԷՑ-ի ապաշնորհ կառավարիչների կուտակած պարտքերը ՀՀ քաղաքացիների հաշվին թեթեւացնելու նպատակով անցած ամռանը կատարված էլէներգիայի սակագնի 27 տոկոսով թանկացումը բավարար չի եղել վիճակը շտկելու համար, եւ առաջիկայում  հայաստանցի սպառողները հերթական անգամ ստիպված են լինելու իրենք վճարել ռուս կառավարիչների փոշիացրած գումարները: Եվ պարզապես ցնցող է նախարարի տված պատասխանը լրագրողների հարցին, թե ինչու, այս խայտառակ պատկերն աչքի առջեւ ունենալով, չեն փոխում  ՀԷՑ-ի վատ կառավարչին: «Հայաստանը որեւէ կապ չունի, էլցանցերի սեփականատեր «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ը պետք է որոշի` ով կառավարի»: Ահա, այսպես՝ փաստորեն Զախարյանն արձանագրում է առանց այդ էլ հայտնի իրողությունը, որ Հայաստանի Հանրապետությունը, որպես այդպիսին, չունի ռուսական ընկերության վրա ազդեցության եւ ոչ մի լծակ:

Եվ եթե կոնկրետ այս եւ բազմաթիվ այլ հզորությունները ռուսներին նվիրելու հարցում մեղավորը բացառապես Ռոբերտ Քոչարյանն էր, ով, ի դեպ, հիմա դարձել է հաջողակ ռուսաստանցի բիզնեսմեն, ապա նույնչափ, անգամ ավելի խայտառակ, գազային պայմանագրի  կնքահայրն էլ արդեն Սերժ Սարգսյանն է, ով պաշտոնանկությունից հետո գուցե իր բիզնես-կարիերան նախընտրի շարունակել որեւէ այլ երկրում: Իսկ մինչ այդ ՀՀ քաղաքացիները ստիպված կլինեն վճարել ռուսների կուտակած պարտքերը: Ի վերջո, այլեւս անթաքույց իրողություն է, որ Հայաստանի Հանրապետությունը դարձել է Ռուսաստանին պատկանող ճորտապետություն, որտեղ ռուսները կարող են անել այն ամենը, ինչ ցանկանան՝ սկսած ՀՀ քաղաքացիներին գնդակահարելուց, ավարտած մեզ բոլորիս պերմանենտ թալանելով: Այս հարցում, սակայն, պետք չէ մեղադրել ռուսներին, ի վերջո, հինգ հազար դրամով ՀՀ քաղաքացիների քվեները գնած իշխանությունները տվել են, ռուսներն էլ` վերցրել:

 

 




Լրահոս