Հունվարի 12-ին Գյումրի քաղաքում տեղի ունեցած ողբերգական դեպքից անցել է 3 օր, եւ մինչ օրս այս չարաբաստիկ սպանությունից մի շարք հանգամանքներ այդպես էլ անհասկանալի են մնում հասարակության համար:
Հիշեցնենք, որ նշված օրը Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը մտել էր Մյասնիկյան փողոցի թիվ 188 տուն եւ Ավետիսյան ընտանիքի 6 անդամներին քնած վիճակում գնդակահարել: Ամուսիններ 1961 թ. ծնված Սերյոժա եւ 1959 թ. ծնված Հասմիկ Ավետիսյանները, դուստրը՝ 1979 թ. ծնված Աիդա Ավետիսյանը, որդին՝ 1981 թ. ծնված Արմեն Ավետիսյանը, նրա կինը՝ 1990 թ. ծնված Արաքսյա Պողոսյանը եւ նրանց դուստրը` 2,5-ամյա Հասմիկ Ավետիսյանը տեղում մահացել էին: Իսկ ընտանիքի 7-րդ անդամի` 1-ամյա Սերյոժա Ավետիսյանի կյանքի համար բժիշկները դեռ պայքարում են:
Ինչո՞ւ հենց Ավետիսյանների բնակարան
Ըստ պաշտոնական տեղեկության՝ դեպքը տեղի է ունեցել երեկոյան ժամը 03:00-ի սահմաններում, իսկ թաղամասում աղմուկը բարձրացել է առավոտյան ժամը 10:00-ի սահմաններում: «Ժողովուրդ»-ին լուրեր հասան այն մասին, որ հարեւանն է առավոտյան մտել Ավետիսյանների բնակարան եւ տեսել նրանց անշնչացած մարմինները: Անմիջապես զանգահարել է շտապօգնություն եւ հայտնել, թե հարեւանի ընտանիքը գազի արտահոսքից թունավորվել է: Մի փոքր անց շտապօգնության բժիշկներն են պարզել, որ ոչ թե գազից են թունավորվել Ավետիսյանները, այլ գնդակահարվել են քնած ժամանակ:
Ինչպե՞ս է Վալերին ներխուժել Ավետիսյանների բնակարան: Ըստ լուրերի՝ բնակարանի դռան մոտ եղել է միայն տանտիրուհու դին, որն էլ հիմք է տալիս մտածելու, թե նա է զինվորականի առաջ բացել դուռը: Պարզվում է՝ գյումրեցիները գիտեին, որ Ավետիսյանները տան բակի դարպասները փակելու սովորություն չեն ունեցել:
Ռուս զինվորականը ցուցմունք է տվել՝ հայտնելով, որ փախուստի է դիմել զորամասից, քանի որ չի ցանկացել ծառայել: Ճանապարհին Պերմյակովը ներխուժել է Ավետիսյանների տուն՝ իբրեւ թե ջուր խմելու: Երբ ընտանիքի անդամները տեսել են իրեն, վախեցել է, որ իր մասին կպատմեն զորամասի ղեկավարությանը, դրա համար նրանց սպանել է:
Տեղեկացնենք, որ ռուսական ռազմաբազայից մինչեւ Ավետիսյանների բնակարան 5 կմ է, մոտ 1 ժամ է հարկավոր ոտքով այնտեղ հասնելու համար: Ավելին՝ մինչ սպանվածների բնակարանը մի շարք նմանատիպ բնակարաններ ու խանութներ կան, որտեղից ռուս զինվորականը կարող էր ջուր խնդրել եւ հագեցնել ծարավը: Բացի այդ՝ Մյասնիկյան փողոցի թիվ 188 տան բակում՝ դարպասներից ներս, երկու առանձնատուն կա, սակայն ռուս զինվորականը շրջանցել է նշված հասցեի առաջին, աջ կողմում գտնվող տունը եւ 30 մետր քայլել է դեպի խորք, որպեսզի հենց Ավետիսյանների ընտանիքից ջուր խնդրի: Բայց արդյունքում անհասկանալի հանգամանքներում սպանել է մեծից փոքր բոլորին:
Զենքը «լռվե՞լ» է
Բազում հարցականներ է հարուցում ռուս զինվորի պահվածքը: Մասնավորապես ինչո՞ւ է սպանության կասկածանքով ձերբակալված ռուս զինվորն իրեն ամրակցված ինքնաձիգով սպանել տան անդամներին, ապա զենքը, զինվորական համազգեստն ու կոշիկները թողել սպանվածների բնակարանում: Եթե սպանության մեջ կասկածվողը նպատակ է ունեցել փախչելու եւ հատելու հայ-թուրքական սահմանը, զենքը նրան պետք կգար: Ի վերջո, զինվորականի մոտ եղել է երկու լիցքավորված պահունակ, որոնցից մեկով նա սպանել է տան անդամներին, իսկ մյուսը ամբողջությամբ լիցքավորված է եղել եւ չի օգտագործվել: Ըստ տեղեկությունների՝ կրակոցների ժամանակ զենքը «լռվել» է, եւ դա է եղել պատճառը , որ նա զենքը թողել է դեպքի վայրում: Սակայն այս վարկածն այնքան էլ հավատարժան չէ, քանի որ զինվորականի համար «լռված» զենքը քանդելն ու նորից հավաքելը խնդիր չէ, հատկապես եթե սեփական անվտանգությունը պետք է ապահովեր:
Իրավական խայտառակություն
Պետք է արձանագրել, որ Գյումրիում տեղի ունեցած սպանությունն ու դրան հետեւած օպերատիվ աշխատանքներն ամանորյա կերուխումի խումհարի մեջ գտնվող իրավապահ համակարգի (ե՛ւ հայրենի, ե՛ւ ռուսական) անգործության հետեւանք էր: Պարզվում է՝ գիշերը՝ ժամը 01-ի սահմաններում, Վալերի Պերմյակովը ռուսական 102-րդ ռազմաբազայում ծառայակիցների հետ վիճել է ու զինված փախել զորամասից: Մոտ երկու ժամ անց կատարել է զազրելի ոճրագործությունը: Եւ ռուս սահմանապահները միայն լուսադեմին՝ 06-07-ի սահմաններում են ահազանգել ՀՀ ոստիկանությանը՝ հայտնելով, որ զինված զինվոր է փախել: Այսինքն՝ եթե փախուստից րոպեներ անց կամ նույնիսկ մեկ ժամ անց ռուսական ռազմաբազայից փախուստի մասին հայտնեին ՀՀ ոստիկանությանը, գուցե հնարավոր լիներ կանխել մի ընտանիքի բնաջնջումը: Արդյունքում՝ զինվորական «չէպէ»-ն թաքցնելը մի ընտանիքի կյանք արժեցավ: Թեեւ մյուս կողմից էլ, եթե ՀՀ ոստիկանությունը, ԱԱԾ-ն եւ ուժային մյուս կառույցները զգոն լինեին, կարող էին օպերատիվ տվյալներ հավաքել զինված զինվորի փախուստի մասին ու գոնե բնակիչներին հայտարարությամբ զգուշացնեին, որ զինված զինվոր է շրջում տարածքում:
Ձախողված օպերացիա
Բայց սա միակ բացը չէ: Նկատենք, որ ռուս զինվորին որոնելու ընթացքում ՀՀ ուժային կառույցների ներկայացուցիչներին ուղեկցում էին նաեւ ռուս սահմանապահները: Մինչդեռ ՀՀ իրավապահները պետք է ի սկզբանե արգելեին ռուսական ռազմաբազայից մուտքուելքը, որպեսզի հնարավոր լիներ իրականում գտնել փախուստի դիմած զինվորին: ինչո՞ւ էին ռուսները մասնակցում ՀՀ իրավապահների օպերատիվ որոնողական աշխատանքներին. «Ժողովուրդ»-ը այս տարրական հարցի պատասխանը փորձեց պարզել ՀՀ ոստիկանությունից, սակայն մեզ հորդորեցին դեպքի հետ կապված բոլորը հարցերը պարզել նախաքննող մարմնից՝ ի դեմս ՀՀ քննչական կոմիտեի: Մեզ հետ զրույցում ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանն էլ վստահեցրեց, որ քննչական կոմիտեն օպերատիվ աշխատանքներ իրականացնելու լիազորություն չունի: Այսպիսով՝ միջգերատեսչական «խանդի տեսարանների» պատճառով այդ կարեւորագույն հարցի պատասխանը մնաց օդում: Մինչդեռ հենց այդտեղ է թաղված շան գլուխը, քանի որ զինվորը ռուս սահմանապահների կողմից հայտնաբերվեց հենց այն հատվածում՝ Բայանդուր գյուղից մոտ 700 մետր հեռավորության վրա, որտեղ ՀՀ ոստիկանությունը, վստահաբար կարելի է ասել, մի քանի անգամ «սանրել» էր:
Վարկածներ կան, որ ռուս զինվորին տարել, առոք-փառոք պայմաններում իջեցրել են այդ բնակարանի մոտ եւ հանցանքը կատարելուց հետո փախցրել են: Իսկ թե ում կամ ինչ ուժերի կարող էր ձեռնտու լինել Ավետիսյանների ընտանիքի ոչնչացումն ու այս աղմուկը, դժվար է միանշանակ ասել:
«Գժի դերով»
Միայն փաստ է, որ ռուսական ռազմաբազայում գտնվող հանցագործ զինվորը երեկ եղել է «Օդնոկլասնիկի» ցանցում: Նրան, կարծես թե, «վատ չեն կերակրում», եւ Գյումրիում լուրեր են պտտվում, որ Վալերի Պերմյակովը հոգեկան հիվանդ է կամ էլ փորձում է այդպիսին ձեւանալ: Բայց երկու դեպքում էլ ռուս բարձրաստիճան զինվորականների համար խնդիրներ են առաջանալու. ինչպե՞ս են հոգեկան հիվանդին զենք վստահել:
Ի դեպ, Վալերի Պերմյակովը ծառայել է ՌԴ-ում եւ որպես կարգազանց զինվորական՝ նրան պատժել են՝ Հայաստան ուղարկելով: Իսկ նրա հարազատ եղբայրը բանտում է:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՍԽԱԼ ԷԻՆ
ՄԻԵԴ-ում Հայաստանը ներկայացնող դատավորի աթոռը դեռ թափուր կմնա: Սերժ Սարգսյանի հրամանագրով ուժը կորցրած է ճանաչվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթում հաղթող ճանաչվածների ցուցակը:
Հիշեցնենք, որ ի սկզբանե այս մրցույթն անցավ բավականին աղմկալի դրվագներով: Թեկնածուներից շատերը բարձրաձայնում էին, որ արդարադատության նախարարությունը թափանցիկ չի գործում. նախ՝ չի հրապարակում դիմումատուների անունները: Ավելին՝ տեղեկություններ տարածվեցին, որ որոշ թեկնածուների նկատմամբ հովանավորչություն կա, իսկ թեկնածուներից մեկն էլ դիմումը ներկայացրել էր մրցույթի վերջնաժամկետի ավարտից հետո: Արդյունքում՝ մրցույթը կայացավ, եւ ՄԻԵԴ-ում դատավոր հավակնորդները 3-ն էին` Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արամ Հարությունյանը, իրավապաշտպան Արա Ղազարյանը եւ գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնի պետ Նելիկ Հարությունյանը: Նշենք, որ կին թեկնածուի փոխարեն պետք է լիներ Վիգեն Քոչարյանը, սակայն սեռերի ներկայացվածության սկզբունքի ապահովման նպատակով մրցութային հանձնաժողովի որոշմամբ նրանցից առավել ցածր հանրագումարային միավոր ստացած Վիգեն Քոչարյանը փոխարինվել էր ամենաբարձր հանրագումարային միավոր ստացած իգական սեռի մասնակցով՝ Նելիկ Հարությունյանով:
Ուստի հենց այս կարծիքն էլ հիմք է եղել ցուցակն ուժը կորցրած ճանաչելու համար: Tert.am-ի հետ զրույցում Սահմանադրական դատարանի անդամ, Եվրոպական դատարանում Հայաստանի նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանը ասել էր, որ ՄԻԵԴ-ում Հայաստանի դատավորների ընտրությունը ոչ թե ԵԽԽՎ-ն է հետաձգել, այլ Հայաստանի Հանրապետությունն է որոշել ներպետական մրցույթում հաղթածների ցուցակը չներկայացնել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին:
Դատելով ՄԻ եվրոպական կոնվենցիայի 1-ին մասի պահանջից, ուր ասվում է, որ «դատավորները պետք է ունենան բարոյական բարձր նկարագիր եւ բավարարեն դատական բարձր պաշտոններում նշանակվելիս ներկայացվող պահանջները կամ լինեն ճանաչված, իրազեկ իրավագետներ», ուստի այս պահանջը հիմք է տալիս մտածելու, որ մրցույթում հաղթած թեկնածուները, ըստ էության, հավասարապես չեն համապատասխանել այս կոնվենցիայի պահանջներին:
Ի դեպ, մինչ նոր ցուցակն ու դատավորի ընտրությունը, Հայաստանը հնարավորություն ունի ներկայացնելու ժամանակավոր ցուցակ, որտեղից մեկին Եվրոպական դատարանի նախագահը կարող է հրավիրել Ստրասբուրգ: Թե ով կլինի նա, դեռ պարզ չէ: Միայն հայտնի է, որ փաստաբան Վահե Գրիգորյանը լրջագույնս հավակնում է ՄԻԵԴ դատավորի պաշտոնին, եւ լուրեր կան, որ նրա բողոքների արդյունքում է իրականում գործընթացը գլխիվայր շուռ եկել՝ «սխալ հանելով» մրցույթի կազմակերպիչ ՀՀ գլխավոր դատախազ Գ. Կոստանյանին եւ ՀՀ ԱՆ Հ. Մանուկյանին:
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՍԱԴՐԱՆՔ է
«Նոյեմբերի 13-ին ոմն Կարինե Գրիգորյանի կողմից արված հրապարակումը, ըստ որի՝ իբր թե ես՝ Վահագն Չախալյանս, Ջավախքում կազմավորել եմ 60-70 անձից բաղկացած զինված խմբավորում` ցանկանալով տեղում իրականացնել անհնազանդություն, ծիծաղելի է, անհեթեթություն եւ իրականության հետ ոչ մի աղերս չունի: Պարզորոշ է, որ այս ապատեղեկատվությունը՝ վերակենդանացման փորձեր անող Մ. Սահակաշվիլու պատվերով իրականացված, հերթական հիվանդագին դրսեւորման արդյունքն է, ձեռագիր, որով վերջիններս տարիներ շարունակ ցանկացել եւ այսօր էլ ցանկանում են Վրաստանի ապակայունացման հետ մեկտեղ թշնամանք սերմանել իրար կողք դարերով համերաշխ ապրած երկու քրիստոնյա ժողովուրդների միջեւ»,-երեկ հայտարարել է Վահագն Չախալյանը` անդրադառնալով վրացական եւ ադրբեջանական մամուլում տարածված Կ. Գրիգորյանի հրապարակմանը: