Խոսրով Հարությունյանը երբեք լուրջ գործ անողների ցուցակում չի եղել, սակայն միշտ ձգտելով լինել իշխանության մեջ՝ այն տպավորությունն է ստեղծել, թե իմաստության գագաթ է, աշխատասիրության եւ սկզբունքայնության խորհրդանիշ:
Նրա «աշխատասիրության եւ սկզբունքայնության» մասին հիշեցինք օրերս, երբ նախկինում մի քանի ամիս վարչապետի պաշտոնը զբաղեցրած Մելիքիչը հայտարարեց, թե այդ պաշտոնից հեռացել է՝ ՀՀՇ-ական իշխանությունների հետ անհամաձայնություններ ունենալու պատճառով: «Այն բյուջեն, որ ներկայացրել եմ, մշակել է Հրանտ Բագրատյանի թիմը, կառավարությունում քննարկման ժամանակ այդ բյուջեն պաշտպանություն չի ստացել, բայց ես ինքս, որպեսզի քաղաքական բանավեճը տեղափոխվի Գերագույն խորհուրդ, առաջարկեցի, այդուհանդերձ, բյուջեն ներկայացնել օրենսդիր մարմին: Ինքս դեմ եմ ելույթ ունեցել այդ բյուջեին, որի համար երեկոյան անվտանգության խորհրդի նիստին ինքս ասել եմ, որ հրաժարական եմ տալիս …»,-ասել է Խոսրով Հարությունյանը:
Հիշեցնենք, որ նախագահ Տեր-Պետրոսյանը նրան պաշտոնանկ էր արել էթիկայի կանոնները խախտելու համար: Եւ սա համաշխարհային պատմության մեջ եզակի դեպքերից էր, երբ վարչապետը խորհրդարան էր ներկայացնում բյուջեի նախագիծ ոչ թե հաստատելու, այլ ցույց տալու, թե այն ինչքան վատն է: 1992-ին Խ. Հարությունյանը գրեթե հրճվանքով ընդունեց վարչապետի պաշտոնը, իսկ այդ շրջանի մասին հիմա ասում է. «Առաջին անգամ համաշխարհային պրակտիկայում ՄԱԿ-ի հատուկ հանձնաժողովն օգտագործեց զանգվածային արտագաղթ տերմինը: Դա արձանագրվել է Հրանտ Բագրատյանի կառավարության տարիների համար: Մենք ունեցել ենք մեկ տարուց ավելի թոշակների, նպաստների պարտք, ունեցել ենք սարսափելի ծանր վիճակում գտնվող տնտեսություն: Սեփականաշնորհված ձեռնարկություններն իրենց հաստոցներն էին օտարում, վաճառում լոմի տեղ… Այդ ամենն արդյունք էր անմտածված, անհասկանալի հեղափոխական տնտեսական քաղաքականության»:
Չգիտես ինչու, Մելիքիչը «մոռացել է», որ արտագաղթը սկսվեց հենց իր ապաշնորհ կառավարման շրջանում, երբ ՀՀ-ն հայտնվեց սովի ճիրաններում: Երեւի նա չի հիշում նաեւ իր վարչապետության շրջանում Գյումրիում բռնկված դժգոհության պոռթկումը, երբ մի քանի օր քաղաքի մարդիկ զրկվել էին հացից, անհրաժեշտ կենսամթերքից… Վարչապետն ինքը վախեցավ Գյումրի գնալ եւ այնտեղ ուղարկեց պետնախարար Գեւորգ Վարդանյանին, ՆԳ փոխնախարար Ռոմեն Կարապողոսյանին, ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարար Հենրիկ Քոչինյանին… Հիմա էլ հայտարարում է. «Իմ ամբողջ գործունեության ընթացքում եղել է 1 միտինգ՝ նոյեմբերի 27-ին»:
Մի հանգամանք էլ. Խ. Հարությունյանն այսօր սուր քննադատության է ենթարկում Բագրատյանի կառավարությանը, բայց 1996-ին նա մեծագույն սիրով աշխատանքի է անցել որպես վարչապետ Հ. Բագրատյանի խորհրդական: ՀՀՇ իշխանությունը չսիրող, սակայն հենց ՀՀՇ-ի միջոցով բարձր պաշտոններ ստացած Մելիքիչը 1998-ին մի քանի ամսով փոխարինեց Բաբկեն Արարքցյանին` դառնալով ԱԺ նախագահ: Շատ կարճ տեւեց երկրի երկրորդ դեմքի երջանկությունը, սակայն Հարությունյանը հասցրեց հայտնի դառնալ իր անիմաստ ու անբովանդակ «բարի-բարի»-ներով, որոնք հնչում էին ոչինչ չասելու համար: Շատերս ենք հիշում, թե ի~նչ ջանքեր գործադրեց Խ. Հարությունյանը՝ «Միասնություն» դաշինքի ղեկավարներ Կարեն Դեմիրճյանի եւ Վազգեն Սարգսյանի տեսությանն արժանանալու եւ տարածքային կառավարման նախարար նշանակվելու համար…
Ստացվել է այնպես, որ որեւէ բարձր պաշտոնում Հարությունյանը երկար չի մնացել` մի քանի ամիս վարչապետ, մի քանի ամիս ԱԺ նախագահ եւ մի քանի ամիս նախարար: 2000-ին Ռոբերտ Քոչարյանը նրան նշանակեց Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700-ամյակի տոնակատարության հանձնաժողովի նախագահի տեղակալ: Սա Մելիքիչի համար բարեբեր պաշտոն դարձավ. այս հանձնաժողովի ֆինանսական գործունեությունը ոչ ոք չէր վերահսկում, ոչ ոք չէր հաշվառում այն գումարները, որոնք իբրեւ թե ներդրվում էին միջոցառումների կազմակերպման համար: Ժամանակին մամուլը գրեց. «Խոսրով Հարությունյանը 1700-ամյակի փողերով հրատարակել է Նարեկացու «Մատյան ողբերգությանը» անգլերեն թարգմանությամբ: Թարգմանիչը գրական եւ թարգմանական շրջանակներին մեծապես անծանոթ ոմն Խաչատուրովն է: Հայկական եւ համաշխարհային թարգմանական շրջանակներին մեծապես ծանոթ թարգմանիչները թերթեցին սույն թարգմանությունն ու արձանագրեցին. «Այս թարգմանությամբ Նարեկացուն աշխարհին ներկայացնելը մեր բոլորի ամոթն է»: Բայց Նարեկացուն «փչացնելը» Խ. Հարությունյանին բնավ չի հետաքրքրում. կարեւորը, որ գիրքը գունավոր էր»:
Հիշենք նաեւ 2000թ. դեկտեմբերի 31-ի գիշերվա խայտառակությունը Հանրապետության հրապարակում: Զանգվածային նման խայտառակ միջոցառում մենք չէինք տեսել մեր ողջ կյանքում, սակայն միայն լուսային էֆեկտների համար Մելիքիչն իբր կես միլիոն դոլար էր ծախսել: Մի քանի հարյուր հազար դոլար էլ ծախսել էր զգեստների, բեմադրության ռեժիսոր Արմեն Մազմանյանի «վրա»… Այդ շրջանում էլ Հարությունյանը բոցաշունչ ճառեր էր ասում Ռ. Քոչարյանի մասին, փառաբանում նրան: Քոչարյանն էլ ուտող-ուրացող չէր, ուստի հնարավորություն տվեց, որ Հարությունյանն իր «միջին բիզնեսն» ունենա, բենզալցակայանի, հանքերի, էլիտար շենքերի տեր դառնա: Ճիշտ է, մի օր գողերը մտան ու թալանեցին Մելիքիչի բնակարանը, բայց նա «արժանապատվորեն» լռեց այս մասին` հավանաբար վախենալով փչացնել ազնիվ գործչի իմիջը…
Հիմա Խ. Հարությունյանը նորից ԱԺ-ում է: Նրա ներկայությունը պարտադիր էր, որովհետեւ իշխանության գովերգուների թիվը պակասել է: Եկավ ու վարչապետի առիթով հայտարարեց. «Ես միշտ ներկայացրել եմ իմ համակրանքը գործող վարչապետի նկատմամբ: Ճիշտ է, վերջինս զերծ չէ սխալներից, սակայն նա ադեկվատ քաղաքական գործիչ է»:
Ավելացնենք, որ Մելիքիչը նաեւ հասցրել է իր ընտանիքի անդամներին «յուղոտ» պաշտոնների նշանակել տալ. առաջիկայում Եվրախորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ է նշանակվելու փեսան` Արմեն Պապյանը, որն աշխատում է ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչությունում որպես խորհրդական: ՀՔԴԿ առաջնորդն իր որդուն էլ տեղավորել է Հայաստանի զարգացման գործակալության ղեկավարի պաշտոնում:
ԲՈԼՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ՊԱՇՏՈՆՅԱՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ