ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին ուղղված նամակս էլ անպատասխան կմնա, վստահ եմ: Դիմել եմ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն, Արարատի մարզպետարան, ՀՀ ոստիկանություն, սակայն ապարդյուն, իմ վիճակը չի հետաքրքրում ոչ մեկին: Հույսս մնացել են լրատվամիջոցները, որոնց միջոցով գուցե խոսքս գերատեսչություններին հասնի»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում բողոքում է բազմազավակ մայր Լաուրա Եփրեմյանը:
Լաուրան ունի չորս երեխա, նրանցից մեկը հաշմանդամ է, ում համար ամենամսյա դեղորայքի օգտագործումը պարտադիր է: Լաուրայի ամուսինը՝ Վահանը, չի աշխատում, զբաղվում է տնտեսությամբ: Ապրուստի միակ միջոցն ընտանեկան նպաստն է, իսկ սեզոնին՝ այգու բերք ու բարիքը: Լաուրայի տեղեկացմամբ`  մինչեւ 2011թ. նրանք ապրել են Երեւան քաղաքի Աջափնյակ թաղամասում: Սոցիալական ծանր պայմաններից ելնելով` վաճառել են 16 թաղամասի իրենց բնակարանը եւ տեղափոխվել Արարատի մարզի Վարդաշեն համայնքի` եղբորը պատկանող բնակարան:
Կնոջ ներկայացմամբ` իրենք մինչեւ 2011թ. նոյեմբեր ամիսը ստացել են ընտանեկան նպաստ 43.500 դրամի չափով: Սոցիալական ծառայության Աջափնյակի տարածքային բաժնում վերջիններս, ինչպես թելադրում է կարգը, տեղեկացրել են իրենց տեղափոխության մասին: Սակայն Արտաշատի անձնագրային բաժնում աշխատակցի ոչ բարեխիղճ աշխատանքի պատճառով նրանց գրանցման գործընթացը դանդաղել է, ինչի հետեւանքով  Եփրեմյանների ընտանիքը զրկվել է  նոյեմբեր, դեկտեմբեր, հունվար ամիսների նպաստից: Կինն ասում է, որ երեք անգամ դիմել է անձնագրային բաժին, սակայն ամեն անգամ մի պատճառաբանությամբ գրանցումը հետաձգվել է, անգամ գրած դիմումներն են անհետացել: Արդյունքում` ընտանիքը զրկվել է ընդհանուր հաշվարկով մոտ 133000 դրամ նպաստի գումարից` հայտնվելով ծայրահեղ ծանր սոցիալական վիճակում:
«Ես ամեն ինչ արել եմ ժամանակին եւ օրենքի սահմաններում: Ուրեմն ինչի՞ պետք է ես եւ իմ երեխաները պատժվենք, ինչի՞ պիտի իմ հաշմանդամ երեխան տուժի, եւ վիճակը վատանա»,-ասում է  Լաուրան:
Տեղեկացանք, որ ոստիկանությունը, ի պատասխան կնոջ բողոքի, կատարել է ծառայողական քննություն եւ գտել, որ Արարատի մարզի անձնագրային բաժնի աշխատակցի անգործությունը չի ճանաչվել իրավաչափ, եւ վնասի փոխհատուցման պահանջ չի կարող կատարել:
Սոցապ նախարարության լրատվության բաժնից «Ժողովուրդ»-ին պարզաբանեցին. «Տվյալ պարագայում Եփրեմյանների ընտանեկան նպաստի դադարեցումն օրենքի շրջանակներում է, քանի որ նպաստ ստանում են ՀՀ գրանցված եւ համապատասխան աղքատության ցուցանիշ ունեցող  ընտանիքները»:

Ս. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս