Ստանդարտների ազգային ինստիտուտի ներկայացուցիչները սեմինար էին կազմակերպել գյումրեցի գործարարների հետ: Կարելի է ասել՝ լավ հնարավորություն էր տեղի գործարարների համար ներկայացնել ոլորտում առկա բազմաթիվ խնդիրները, որոնք խոչընդոտ են հատկապես փոքր ու միջին բիզնեսի զարգացմանը: Գործարարների պնդմամբ՝ արտահանումը խթանելու ուղղությամբ կառավարությունը քայլեր չի ձեռնարկում, փոխարենը ներկրողների համար դաշտն ավելի ազատ է, իսկ պայմանները` համեմատաբար մեղմ: Տեղի արտադրողը սեփական արտադրանքն արտահանելու համար ստիպված է լինում հաղթահարել ստանդարտացման բարդ գործընթաց, ծախսել մեծ գումարներ, նույնը, սակայն, չի վերաբերում ներկրողներին. Հայաստան ապրանք ներկրելը նույնքան բարդ չէ: Պարտադիր սերտիֆիկացման ենթակա ներկրվող ապրանքատեսակների ցանկը Հայաստանը վերացրել է:
«Պետությունը մեր կողքին կանգնած չէ»,-բաձրաձայնեցին գործարարները: Նրանց խոսքերով՝ արտահանման որոշակի փորձեր արվել են ժամանակին, սակայն այնքան լուրջ խնդիրների առաջ են կանգնել, որ հետագայում ստիպված են եղել հրաժարվել այդ մտքից. «Արտահանել ենք Ռուսաստան եւ շատ մեծ խնդիրների առաջ ենք կանգնել: Կառավարությունը մեր կողքին չէ: Իրենք ասում են՝ ձեր բիզնեսն է, դուք պետք է ինքնուրույն զբաղվեք ձեր բիզնեսով»,-դժգոհում է գործարար Սերգեյ Մանուկյանը: Փոխարենը խոշոր արտադրողների համար Հայաստանում կանաչ լույս է վառված, ինչը դարձյալ խանգարում է մանր ձեռնարկատերերին:
«Խոշոր արտադրողները միշտ օգտվում են էդ պահից, որ իրանք խոշոր են եւ կարող են գին թելադրել: Երբ ուզենան, գին են հանում, երբ ուզենան, իջեցնում են: Օրինակ՝ անցած տարի պանրի գինը 1600-ից հանեցին 2000 դրամ, իսկ էս տարի 2000-ից իջեցրին մինչեւ 1400 դրամ»,-ասում է պանրագործ Սերգեյ Մանուկյանը եւ հավելում, որ բարձր գնի դեպքում իրենք էլ ստիպված են արձագանքել: Իսկ նմանատիպ ցնցումները կործանարար են փոքր ու միջին բիզնեսի համար: Չդիմակայելով մրցակցությանը՝ նրանք պարզապես դադարեցնում են իրենց գործունեությունը: Նման բան եղավ նաեւ հավկիթի պարագայում: Հիշեցնենք, որ ձվի շուկայում տեղի ունեցած գնային կտրուկ տատանումները Շիրակի մարզում հանգեցրին նրան, որ մի քանի մանր թռչնաֆաբրիկաներ չկարողացան աշխատել եւ փակվեցին:
«Խոշորը թող աշխատի, բան չունենք ասելու, բայց մեզ ինչո՞ւ են խանգարում: Մինչեւ Հայաստանում չձեւավորվեն նորմալ, մրցակցային հարաբերություններ, մինչեւ փոքր ու միջին բիզնեսը չկայանա, Հայաստանը նորմալ տնտեսություն չի ունենա»,-իր կարծիքը հայտնեց գործարար Գրիգոր Սերոբյանը:
Ստանդարտացման ազգային ինստիտուտի մասնագետները լսեցին դժգոհությունների տարափը եւ շատ հարցերում տեղին համարեցին անհատ ձեռնարկատերերի ներկայացրած խնդիրները: Ի դեպ, վերջիններիս խոսքերով՝ իրենց միակ աջակիցը կարող է դառնալ շարքային սպառողը, որը տեղի արտադրողի ապրանքը կնախընտրի անհայտ ծագման ապրանքներից եւ կվճարի այն ապրանքատեսակի համար, որը սերտիֆիկացված է եւ որակյալ:
Գյումրի