Չորեքշաբթի օրը՝ հունվարի 21-ին, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ընդունել է Ադրբեջանի նախագահին: Իլհամ Ալիևը Բեռլին է ժամանել Դավոսից, որտեղ ընթանում է Համաշխարհային տնտեսական ֆորումը, Բաքու մեկնելու ճանապարհին:
Ինչպես գրում է գերմանական Deutsche welle-ն, Բեռլինում Ալիևին այդքան էլ ջերմ ընդունելություն չեն ցուցաբերել: Մի քանի իրավապաշտպան կազմակերպություններ, իմանալով նախագահ Ալիևի այցի մասին, քննադատական հայտարարություններով են հանդես եկել, իսկ դաշնային կանցլերի գերատեսչության շենքի դիմաց բողոքի ցույց է տեղի ունեցել:
Գերմանական հրատարակչությունը նշում է, որ Amnesty International-ի հաշվարկներով՝ Ադրբեջանի բանտերում նվազագույնը 22 քաղբանտարկյալ կա, այդ թվում՝ հայտնի իրավապաշտպան Լեյլա Յունուսն ու լրագրող Հադիջա Իսմաիլովան:
Ցուցարարներն Իլհամ Ալիևին դիմավորել են քաղբանտարկյալների լուսանկարներով և պաստառներով. «Կանգնեցրե՛ք բռնապետ Ալիևին», «Ադրբեջանն առանց քաղբանտարկյալների», «Դադարեցրե՛ք աջակցությունը բռնապետ ռեժիմներին» և այլ գրություններով: Կայացած մամլո ասուլիսի ժամանակ ևս Անգելա Մերկելն ընդհանրական կերպով ներկայացրել է բանակցությունների բովանդակությունը: Կանցլերն ու Ալիևը քննարկել են նաև տարածաշրջանում տիրող աշխարհաքաղաքական իրավիճակը, Լեռնային Ղարաբաղի խնդիրը, որի կարգավորման հարցում Բեռլինը պատրաստ է մասնակցել:
«Լրագրողների հետ հանդիպմանը Գերմանիայի համար կարևոր հարցերի թվում Մերկելը նշել է նաև Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը: Սակայն Իլհամ Ալիևը, ըստ երևույթին, այդ թեման կարևոր չէր համարում, քանի որ իր ներածական խոսքում դրան չանդրադարձավ: Նախագահին գերմանացի լրագրողներից մեկը հարցրել է, թե արդյոք Ալիևին չի մտահոգում այն փաստը, որ ազատ մամուլի վարկանշային ցանկում իր երկիրը զբաղեցնում է 160-րդ հորիզոնականը»,- գրում է Deutsche welle-ն՝ նշելով, որ ինչպես երևում է, Իլհամ Ալիևն այս թեման կարևոր չի համարում, քանի որ նա այս թեմային չի անդրադարձել:
«Սակայն Ադրբեջանի նախագահի տրամադրությունը վերջնականապես փչացրեց լրագրողներից մեկը: Երբ ասուլիսն արդեն ավարտվել էր, և Մերկելն ու Ալիևը հեռանում էին դահլիճից, նա վեր կացավ իր տեղից և սկսեց բարձր վանկարկել «Ազատե՛ք Ադրբեջանում կալանավորված քաղբանտարկյալներին»»,- եզրափակում է Deutsche Welle-ն: