ՀՈՎԱՆԱՎՈՐՉՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱԿԱՆՈՒՄ Է ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թեպետ վերջին շրջանում տեղի ունեցած դեպքերը քաղաքական առօրյայից ժամանակավորապես հեռացրին սահմանադրական փոփոխությունների խնդիրը, իշխանություններն ակնհայտորեն չեն պատրաստվում հրաժարվել դրանից: Ավելին՝ բռնությունների ու տնտեսական ամենաթողության շարունակականությունն առավել եւս համոզում է, որ Սերժ Սարգսյանի իշխանությունը չի պատրաստվում փոխել մեթոդները՝ անկախ սահմանադրական նորմերի վերանայումներից: Այդուհանդերձ, հարկ է անդրադառնալ Սարգսյանի կողմից ձեւավորված հանձնաժողովի հրապարակած «Հայեցակարգին»: Այսօր կքննարկենք փաստաթղթի՝ գործադիր իշխանության երկատվածությանը վերաբերող պնդումը, որը սահմանադրականության համատեքստում լիովին արդիական է, սակայն ներկայումս տեղի ունեցող գործընթացների համատեքստում՝ վերացական:

Այսպես՝ հրապարակված փաստաթղթի «Ներածություն» բաժնում սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը հիմնավորելու համար բերվում է հետեւյալ փաստարկը. «Անկատար են գործադիր իշխանության համակարգի սահմանադրական հիմքերը, այն չունի ներքին կուռ տրամաբանություն, գործառույթների ու լիազորությունների հստակ սահմանազատում: Օրակարգային հրատապ հարց է առկա անհստակության եւ երկվության հաղթահարումը գործադիր իշխանության գործառութային դերի, իրավասության եւ պատասխանատվության միջեւ»: Ուշագրավ է, որ այս պնդումը բավականին հիմնավոր է իր բնույթով, քանզի գործող Սահմանադրությամբ նախատեսված, գործադիր իշխանությունը, ըստ էության, մասնատված վիճակում է, ինչը թույլ է տալիս պատասխանատվության հարցում լղոզված ու անհասցե մեկնաբանություններ կատարել: Ակնհայտ է, որ Կառավարությունում վարչապետի գործառույթը չի կարող լիովին արդյունավետորեն իրականացվել հենց թեկուզ այն պատճառով, որ ուժային կառույցների ղեկավարները նրան չեն ենթարկվում: Ի վերջո, գործող Սահմանադրության համաձայն, նախարարներին նշանակում է նախագահը վարչապետի առաջարկությամբ, ինչը նշանակում է, որ կադրային տվյալ որոշման պատասխանատվության պարագան իմպերատիվ բնույթ չի կրում:
Հայեցակարգում, սակայն, բացատրված չէ նաեւ, թե ինչպիսի ընթացակարգ է նախատեսվում վերոհիշյալ ողջ գործընթացի համար: Վերջ ի վերջո, նախագահը կարող է եւ չնշանակել վարչապետին ցանկալի թեկնածուին, ինչը միանշանակորեն կոնֆլիկտ է հարուցում: Ի դեպ, 1990-ականների կեսերին վարչապետ Հ. Բագրատյանն ուժայինների հետ խնդիրներ ուներ, ինչն այդպես էլ սահմանադրական կանոնակարգման չենթարկվեց: Ցավալիորեն, 2005թ. սահմանադրական փոփոխությունների արդյունքում այս խնդիրը չլուծվեց, թեպետ վարչապետի դիրքերը մի փոքր ուժեղացան: Պատասխանատվության երկվությունը շարունակվեց, քանի որ փոփոխությունները կառավարման համակարգում իրական հավասարակշռություն ստեղծելուն չէ, որ միտված էին: Այդժամ Քոչարյանը, անձամբ խախտած լինելով ՀՀ Սահամանադրությունը, անշուշտ, չէր կարող իրավական կարգեր հաստատել, այլ պարզապես նպատակ ուներ իր համար ստեղծել այնպիսի Սահմանադրություն, որպեսզի, շախմատային եզրույթով ասած, «փոխատեղմամբ» բազմեր վարչապետի աթոռին:
Չխորանալով չիրականացած ծրագրերի մանրամասնություններում՝ հարկ է հստակորեն գնահատել, որ սահմանադրական վերոնշյալ փոփոխությունները չանդրադարձան այս կարեւորագույն հարցի լուծմանը: Այսուհանդերձ, ներկայումս տիրող իրավիճակում սա, իհարկե, խնդիր չի կարող հարուցել, քանզի հազիվ թե Սերժ Սարգսյանի ու Հովիկ Աբրահամյանի միջեւ գործառութային հակասություններ առաջանան ինչ հարցով էլ որ լինի: Արամ Սարգսյանի վարչապետությունից հետո գործադիրի ներսում հստակ իրավիճակ էր ստեղծված. որոշողը Քոչարյանն է (այժմ՝ Սարգսյանը), իսկ վարչապետի պաշտոնը զբաղեցնողները լոկ քավության նոխազներն են: Պետական մարմնի նման ապականումը չի կարող կարգավորվել՝ Սահմանադրության մեջ մի քանի տող փոփոխելով, առավել եւս այն պարագայում, երբ այդ փոփոխությունների հեղինակները հենց իրենք` համակարգն այլասերողներն են:
Հարկավ, գործադիրի գործառույթների ու լիազորությունների ճշգրտման խնդիր կա սահմանադրականության մակարդակում, այն էլ, եթե երկիրը զարգանում է նորմալ գործընթացների հիման վրա: Դրա լուծումը գտնվել է առողջ քաղաքական համակարգերում, բայց ոչ միայն խոսքով, այլեւ առաջին հերթին՝ գործով: Միացյալ Նահանգներում, օրինակ, վարչապետի ինստիտուտ գոյություն չունի եւ գործադիր իշխանության համապարփակ գործառույթը վերապահված է անմիջականորեն նախագահին: Այնտեղ չկան նաեւ նախարարներ, որոնց փոխարեն համապատասխան ոլորտների պրոֆեսիոնալ քարտուղարներ են, ովքեր կոչվում են նախագահի խորհրդակիցներ: Հատկանշական է, որ կրկնաստորագրության ինստիտուտի կիրառմամբ յուրաքանչյուր սխալի պատասխանատուն համապատասխան պաշտոնյան է, ով պատասխանատու է Կոնգրեսի առաջ: Ի դեպ, այս պրակտիկան ավելի վաղ սկսել է կիրառվել Մեծ Բրիտանիայում, որտեղ կրկնաստորագրության ինստիտուտի միջոցով լուծվեց քաղաքական պատասխանատվության խնդիրը: Մեզ մոտ, սակայն, այժմ որքան էլ կրկնաստորագրություն ու նման այլ քաղաքակիրթ մեթոդներ ներմուծենք, միեւնույն է, ոչ ոք պատասխան չի տալիս եւ չի էլ տալու, քանի դեռ քաղաքական կամք եւ ցանկություն չկա: Արդ, ներկայումս տեղի ունեցող ֆինանսական խայտառակության համար տեսանելի պատասխանատուն Կենտրոնական բանկն է, սակայն մի՞թե դրա ղեկավարները մտածում են հրաժարականի, կամ գոնե սխալների ու բացթողումների համար պատասխանատվության կանչվելու մասին: Բնականաբար` ոչ, քանզի նրանց էլ հովանավորում է օլիգարխիկ համակարգը եւ անձամբ Սերժ Սարգսյանը: Ուստի եւ խնդիրների լուծումը պետք է լինի ոչ թե հռչակագրային մակարդակով, այլ շարունակական համակարգային փոփոխությունների եւ գործնական քայլերի արդյունքում:

ՆԺԴԵՀ ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

ՎՏԱՆԳԱՎՈՐ ՁԿՆՈՐՍՈՒԹՅՈՒՆ
Ջողազի ջրամբարը գտնվում է հայ-ադրբեջանական սահմանին, այն այժմ փաստորեն սահման է հանդիսանում: Արհեստական այս ջրամբարը մեծ հանդիսությամբ շահագործման հանձնվեց 1980թ. աշնանը: Խորհրդային տարիներին այդ ջրամբարի ջրերով ոռոգվում էին Նոյեմբերյանի, Իջեւանի տարածաշրջանների, ինչպես նաեւ՝ Ադրբեջանի Ղազախի շրջանի հողերը:
1990թ. սկսված հայ-ադրբեջանական հակամարտությունից հետո Ջողազի ջրամբարից սնուցվող ոռոգման համակարգը դադարեց գործել, ադրբեջանցիները թալանեցին ջրամբարից ջուր մղող պոմպակայանը, իրենց տարածքով ձգվող ոռոգման խողովակաշարը: Արդյունքում` Ջողազի ջրամաբարի ափին գտնվող, Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Բերքաբեր գյուղի բնակիչները շուրջ 25 տարի հնարավորություն չունեն օգտվելու 44 միլիոն խորանարդ մետր տարողությամբ ջրամբարի ջրերից: Ադրբեջանական զինուժը պարբերաբար Բերքաբերը գնդակոծում է ջրամբարի ձախ ափին գտնվող հենակետերից: Սակայն չնայած դրան` բերքաբերցիները երբեմն մահացու ռիսկի դիմելով` գիշերները փչովի նավակներով լճում ձկնորսություն են անում: Դա չափազանց վտանգավոր է, քանի որ ադրբեջանական զինուժը, ունենալով գիշերային տեսողության սարքեր, ձկնորսներին թիրախ է դարձնում:
Վերջին դեպքը 2014թ. դեկտեմբերի 14-ին էր, երբ ադրբեջանցիները Բերքաբերի բնակիչ, 1981թ. ծնված Աղասի Թամրազյանի վրա կրակահերթ բացեցին: Բարեբախտաբար, գնդակները դիպել էին նրա ոտքի սրունքներին, եւ նա կյանքի համար վտանգ ներկայացնող վնասվածքներ չստացավ: Սակայն անգամ նման դեպքերից հետո սոցիալական վատ պայմաններում ապրող բերքաբերցիները շարունակում են վտանգավոր ձկնորսությունը:

 

ՎՆԱՍՆԵՐԸ  ՃՇՏՎՈՒՄ ԵՆ
Հունվարի 11-ից հետո ադրբեջանական գնդակոծության հետեւանքով Տավուշի մարզի համայնքները բավական վնասներ են կրել: Ազերիների ոտնձգություններից տուժել են Բերքաբեր, Բաղանիս, Բարեկամավան, Կոթի, Այգեպար, Չինարի գյուղերի առանձնատները: Նախնական տվյալներով՝ գնդակոծությունից վնասված տների թիվը շուրջ 100 է:
Չինարի համայնքի ղեկավար Սամվել Սաղոյանից տեղեկացանք, որ ադրբեջանական զինուժը հունվարի 14-ին խոշոր տրամաչափի գնդացիրներից եւ դիպուկահար զենքերից գնդակոծել է Չինարի գյուղը: Դրա հետեւանքով վնասվել է 4 տուն, գնդակները վնասել են դրանց տանիքները, պատերը:
Տավուշի մարզպետարանից հայտնում են, որ ադրբեջանական գնդակոծություններից վնասների չափը գնահատելու համար սահմանամերձ համայնքներում փորձագետներ են աշխատում: Վնասների չափը ճշտելուց հետո տուժած բնակիչներին օգնություն կցուցաբերվի:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀՀ Վայոց Ձորի մարզի Վայք քաղաքում այս կիրակի տեղի կունենան քաղաքապետի ընտրություններ: Այս պահի դրությամբ առաջադրված թեկնածուն մեկն է՝ ՀՀԿ-ական Արագած Սաղաթելյանը, ով «Վայք» ջրօգտագործողների ընկերության տնօրենն է: Տեղեկացնենք, որ Արագած Սաղաթելյանն առաջադրվել է ՀՀԿ-ի կողմից: Ի դեպ, Արագած Սաղաթելյանից բացի եւս մեկ թեկնածու էր գրանցվել, ով կարճ ժամանակ հետո ինքնաբացարկ էր հայտարարել: Հիշեցնենք, որ նախորդ տարվա հոկտեմբերի 23-ին Վայոց Ձորի մարզպետի պաշտոնից ազատվեց Էդգար Ղազարյանը, ով որոշ ժամանակ անց նշանակվեց Լեհաստանում ՀՀ դեսպան: Եւ Ղազարյանին փոխարինեց Վայքի նախկին քաղաքապետ, ՀՀԿ-ական Հարություն Սարգսյանը: Իսկ Հարություն Սարգսյանից հետո քաղաքապետի պաշտոնում ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել քաղաքապետի տեղակալ Վասիլ Ասլանյանը:

 

ԱՊԱՄՈՆՏԱԺՎՈՒՄ Է
Մայրաքաղաք Երեւանում արդեն սկսվել է տոնական զարդարանքն ապամոնտաժելու գործընթացը: Երեկ «Ժողովուրդ»-ը Երեւանի քաղաքապետարանից հետաքրքրվեց, թե երբ է այն ավարտվելու: Մեր այս հարցին ի պատասխան՝ քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից ասացին. «Երեւանի վարչական շրջաններում տեղադրված տոնածառերի ապամոնտաժումն արդեն սկսվել է: Ընթացքում է նաեւ մայրաքաղաքի գլխավոր տոնածառի ապամոնտաժումը: Աստիճանաբար Երեւանն ազատվում է ամանորյա հանդերձանքից, եւ մինչեւ հունվարի վերջ մայրաքաղաքը կստանա իր նախկին՝ սովորական առօրյա, գեղեցիկ տեսքը»:

 

ԺԱՄԱՆԱԿ Է ՏՎԵԼ
Երեկ «Հրազդան» տոնավաճառի աշխատակիցները, ինչպես եւ սպասվում էր, բողոքի ակցիա անցկացրին: Հիշեցնենք, որ տոնավաճառի սեփականատեր Աշոտ Աղաբաբյանը բարձրացրել է տաղավարների վարձավճարի չափը, իսկ առեւտրականները դրան համաձայն չեն: Այս պատճառով նրանք հրաժարվում են նոր պայմանագիր կնքել տոնավաճառի ղեկավարության հետ: Ի վերջո, երեկ «Հրազդան» տոնավաճառի աշխատակիցներին հաջողվեց հանդիպել տոնավաճառի տնօրեն Գագիկ Ժամհարյանի հետ: Վերջինս առեւտրականների հետ հանդիպմանն անտարբերությամբ հայտարարեց, որ մինչեւ փետրվարի 1-ը ժամանակ է տալիս առեւտրականներին. եթե ցանկանում են այս պայմաններով աշխատել, ապա կարող են, եթե ոչ, թող հեռանան: Նշենք, որ օրվա վերջին բողոքող առեւտրականների մի մասը վերադարձավ իր առօրյա աշխատանքին. նրանք բացեցին իրենց կողմից փակված տաղավարները եւ շարունակեցին աշխատել, իսկ մյուսները համառորեն պնդեցին, որ շարունակելու են բողոքել մինչեւ դրական արդյունքի հասնելը:




Լրահոս