ԼՈՒՐ ԿԱԴՐ
Լուսանկարը՝ president.am-ի
Երեկ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հայաստանի շախմատի ակադեմիա, դիտել Անդրանիկ Մարգարյանին նվիրված 5-րդ հուշամրցաշարը: Իհարկե, հաճելի է, երբ մեր երեխաները գտնվում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի ուշադրության եւ հովանու ներքո: Սակայն ուշագրավն այն է, որ Սերժ Սարգսյանը ժամանակ գտնում է այցելելու եւ հետեւելու նման տիպի միջոցառումներին, մինչդեռ Գյումրիի ողբերգության՝ Ավետիսյանների հուղարկավորության արարողությանը նա հարկ չի համարել ներկա գտնվել: Ո՞ւր էր երկրի առաջին դեմքը, երբ գյումրեցիներն ու ողջ հայությունը սգում էր անմեղ զոհերի հիշատակը, եւ երբ նա իրականում պետք է պատասխաներ գյումրեցիների հարցերին եւ կանխեր ակտիվիստների եւ ՀՀ ոստիկանության միջեւ բախումը:
ՀԱՐՑ. Ըստ նոր օրենքի՝ Վրաստանի Հանրապետությունում առանց վիզայի օտարերկրյա քաղաքացիները մեկ տարում 180 օրից ավել չեն կարող մնալ: Խնդրում եմ պարզաբանեք՝ ՀՀ քաղաքացիներին ե՞ւս վերաբերում է այդ նոր օրենքը: Կցանկանայի տեղեկանալ՝ առանց վիզայի ՀՀ քաղաքացին ներկայիս դրությամբ քանի՞ օր կարող է մնալ ՎՀ-ում:
Սեդա Մխիթարյան (50 տարեկան, հեռախոսավարուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Վրաստանի «Օտարերկրացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց իրավական կարգավիճակի վերաբերյալ» օրենքի համաձայն՝ ՀՀ քաղաքացիները, որպես օտարերկրյա քաղաքացի, ամեն կես տարվա մեջ (180 օր) իրավասու է գտնվել Վրաստանում 90 օր, առանց Վրաստանի մուտքի արտոնագրի:
Եթե ՀՀ քաղաքացին նախատեսում է գտնվել Վրաստանում 90 օրից ավել, ապա վերջինս պարտավոր է նախապես դիմել Հայաստանում Վրաստանի դեսպանություն՝ երկարատեւ մուտքի արտոնագիր ստանալու համար:
Եթե ՀՀ քաղաքացին վրաստանաբնակ է եւ գտնվում է Վրաստանում, ապա նա կարող է դիմել Վրաստանի իրավասու մարմիններին՝ օրենքով նախատեսված կարգով կացության կարգավիճակ ստանալու համար:
ՀՀ արտաքին գործերի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». ԵՏՄ-ին անդամակցելով՝ ՀՀ քաղաքացիների համար կացության խնդիրը կարգավորվել է միայն ՌԴ-ի հետ, մինչդեռ մեր հարեւան երկրում՝ Վրաստանի Հանրապետությունում, հակառակ պաշտոնական հայտարարությունների, հարաբերությունները մնում են անորոշ:
ՀԱՐՑ. Տղաս ծառայում է հայոց բանակում: Միակողմանի ծնողազուրկ է: Կցանկանայի տեղեկանալ՝ բացի բժշկական օգնությունից, ուրիշ ի՞նչ արտոնություններից կարող է օգտվել զինծառայողի ընտանիքը:
Մելինե Խաչատրյան (49 տարեկան, հաշվապահ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ժամկետային պարտադիր զինծառայողների ընտանիքների անդամները «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի 33 հոդվածի համաձայն՝ ապահովվում են անվճար որակյալ բժշկական օգնությամբ համապատասխան գերատեսչական բժշկական հիմնարկներում: Ծառայության անցկացման վայրում նման բժշկական հիմնարկների բացակայության, ինչպես նաեւ անհետաձգելի դեպքերում զինծառայողներին եւ նրանց ընտանիքների անդամներին անհրաժեշտ բժշկական օգնություն ցույց է տրվում Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր կարգի բժշկական հիմնարկներում՝ համապատասխան մարմինների միջոցների հաշվին, բուժման ծախսերի հետագա փոխհատուցմամբ, որի կարգը եւ պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության Կառավարությունը:
ՀՀ պաշտպանության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Թեեւ օրենքով սահմանված են նշված արտոնությունները, սակայն քիչ չեն այն դեպքերը, երբ խախտվում են զինծառայողների եւ նրանց ընտանիքի անդամների իրավունքները: Նկատենք, որ շատ դեպքերում դա օրենքին եւ սեփական իրավունքներին անտեղյակ լինելու հետեւանք է: