2011թ. հոկտեմբերի 2-ին Այրում քաղաքի մոտ տեղի ունեցած սողանքի հետեւանքով քանդվեց Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի 350-մետրանոց հատվածը: Տարերքի հետեւանքով եղավ 5 զոհ, շուրջ չորս տասնյակ ավտոմեքենաներ ճզմվեցին հողի եւ քարի հսկա զանգվածի տակ: Պետական ոչ մի կառույց պատասխանատվության չենթարկվեց այն բանի համար, որ զոհերը եւ նյութական մեծ կորուստները կարելի էր կանխել: Չէ՞ որ դեպքից 2 օր առաջ այդ նույն տարածքում հողի եւ քարի մեծ զանգված էր փլուզվել, ինչից հետո ճանապարհը պետք է առնվազն փակվեր:
Հունիսի 20-ին ավարտվել է Այրումի սողանքից քանդված ոռոգման ինքնահոս ջրագծի վերականգնումը: Այն ոռոգում է Դեբեդի հովտի 6 համայնքների ավելի քան 1000 հա տարածք: Նոյեմբերյանի ոռոգման համակարգերի ձեռնարկության տնօրեն Սեդրակ Եսայանը հայտնեց, որ վերականգնվել է սողանքից քանդված խողովակաշարի 210 մ հատված: Սակայն սողանքից քանդված միջպետական ճանապարհի վերականգնումը դեռ չի ավարտվել: Պետբյուջեի 550 միլիոն դրամ ֆինանսավորմամբ մարտի կեսերից սկսված այդ աշխատանքներն իրականացնում է Էդուարդ Բեզոյանի ղեկավարած «Ճանապարհաշինարար» ՍՊԸ-ն: Այրում քաղաքի բնակիչները «Ժողովուրդ»-ի թղթակցին հայտնեցին, որ ճանապարհաշինարարները փլուզման գոտում մեծ քանակությամբ բազալտի ճայռաբեկորներ են հանել եւ վաճառել Դեբեդի հովտում քարի վերամշակմամբ զբաղվող ձեռնարկություններին: Դա բավական եկամտաբեր գործ է:
Այրումի ճանապարհի փակ լինելու պատճառով Հայաստան բեռներ ներկրող խոշոր բեռնատարները ստիպված երթեւեկում են Նոյեմբերյան-Իջեւան ճանապարհով: 40-50 տոննա քաշով մեքենաների ճնշումից «Լինսի» հիմնադրամի միջոցներով կառուցված Նոյեմբերյան-Ջուջեւան, Ոսկեպար-Կիրանց հատվածներում՝ շատ տեղերում, ասֆալտի ծածկույթը քանդվել է: Ճանապարհով երթեւեկությունն ապահովելու համար քանդված տեղերում խճաքար են փռել: Էդուարդ Բեզոյանը մեզ հավաստիացրել էր, որ իրենք սողանքից քանդված ճանապարհի վերականգնումը կավարտեն նախատեսված ժամկետից՝ հուլիսի 16-ից շուտ: Սակայն գրեթե անհնար է, որ մինչ հուլիսի 16-ը քանդված ճանապարհը վերականգնված լինի:
Փաստորեն, պետությունը 9 ամսում չկարողացավ վերականգնել Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի 350 մ հատվածը: Վերջերս Տավուշի մարզ այցելած, Այրումի սողանքի գոտում եղած ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը մարզային «Տավուշ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց, որ ճանապարհի վերականգնումը կկատարվի նախատեսված ժամկետներում: Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանն էլ գարնան սկզբին Դեբեդի հովտի գյուղապետերին հավաստիացնում էր, որ մինչ ոռոգման սեզոնի սկիզբը սողանքից քանդված ոռոգման ջրագիծը կվերականգնվի: Այնինչ պետական բարձրաստիճան պաշտոնյաների հավաստիացումները, ինչպես միշտ, այս դեպքում եւս իրականությունից հեռու են:
Տավուշ