ԵԹԵ ՇԱՀԵԿԱՆ ՉԼԻՆԻ` ԲՀԿ-Ն ԿԴԻՄԱԴՐԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Էլինար Վարդանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ ինքը, լինելով ԱԺ մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահ, չի կարող խոսք տալ այնպիսի բան, որն իր իրավասության սահմաններից դուրս է, բայց այն, ինչ իր իրավասության շրջանակներում է, միանշանակ ձեռնամուխ է լինելու դրա իրագործմանը:
-Տիկի՛ն Վարդանյան, այժմ ԱԺ մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահն եք, ինչպիսի՞ն է Ձեր գնահատականը՝ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի կողմից կիրակի օրը իրավապաշտպան Արման Վեզիրյանին հարվածելու հետ կապված:

-Թե՛ որպես մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ, թե՛ որպես ՀՀ քաղաքացի, ես ցանկացած բռնություն, որը դրսեւորվում է երկու քաղաքացիների միջեւ, միանշանակ դատապարտում եմ: Առավել եւս դատապարտում եմ բռնությունը, որը տեղի է ունենում հասարակական ակցիաների ժամանակ: Այսինքն՝ սա այն դեպքն է, երբ առաջացել է հասարակական ալիք տեղի ունեցող անօրինականությունների արդյունքում, եւ մոմավառությունը՝ Վահե Ավետյանի մահվան 7 օրի հետ կապված, միանշանակ պետք է ընթանար խիստ հանդարտ: Իսկ բռնության դրսեւորումը դատապարտելի է: Ինչ վերաբերվում է կոնկրետ  Ռուբեն Հայրապետյանի կողմից իրավապաշտպանին չգիտեմ հրել է, հարվածել է, դրա իրավական գնահատականը ես չեմ կարող տալ, ես գտնում եմ՝ եթե դա օրենքի սահմաններից դուրս է, պետք է միանշանակ դրան տալ իրավական գնահատական:
-Փաստը մնում է փաստ, որ այսօր ՀՀ քաղաքացին մեր երկրում պաշտպանված չէ, որքան էլ որ նման արարքներից հետո որոշում են սգալ կամ ներողություն խնդրել:

-Անկեղծ ասած, ես որեւէ մեկի քայլի բարոյական ասածի վերաբերյալ իրավասու չեմ գնահատական տալ: Ամեն դեպքում, ես՝ որպես մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ, իրավաբան եւ ընդհանրապես ՀՀ քաղաքացի, գտնում եմ, որ ցանկացած արարք պետք է լինի իրավական դաշտում, օրենքի շրջանակներում: Այսինքն՝ եթե ներողություն խնդրելն օրենքի շրջանակներում է, եւ դա կատարված արարքի իրավական գնահատականն է, հարցի մի կողմն է լինում, բայց եթե դա բարոյականության դրսեւորումն է, ապա այդ դեպքում թերեւս ես չէ, որ դրա վերաբերյալ պետք է գնահատական տամ:
-ՄԻՊ Կարեն Անդրեասյանն այս ամենի հետ կապված եւս հայտարարությամբ է հանդես եկել, համակարծի՞ք եք նրա հետ:

-Իհարկե, ցանկացած բռնություն պետք է ստանա իրավական գնահատական, պատասխանատվությունն էլ պետք է լինի օրենքի սահմաններում:

-Իսկ որպես ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ՝ ի՞նչ եք կարծում, Ձեզ կհաջողվի՞ նման օլիգարխներից «պաշտպանել» մարդկանց իրավունքները:

-Իսկապես մեծ պատասխանատվություն է լինել մարդու իրավունքների պաշտպան, քանի որ պետք է ձեռնամուխ լինել ինչ-որ բան փոխելու այս երկրում, հատկապես դա բարդ է մարդու իրավունքների պաշտպանվածության առումով: Այնպես որ, ես կարծում եմ, որ շատ մեծ աշխատանք կա անելու՝ միանշանակ մարդու իրավունքների հանձնաժողովի եւ հանձնաժողովի նախագահի իրավասության սահմաններում: Ես չեմ կարող խոսք տալ անել այնպիսի բան, որն իմ իրավասության սահմաններից դուրս է, բայց այն, ինչ իմ իրավասության շրջանակներում է, միանշանակ ձեռնամուխ եմ լինելու դրա իրագործելուն:

-Ձեր հարազատ կուսակցությունը՝ «Բարգավաճ Հայաստան»-ը, այդպես էլ չհայտարարեց՝ ինքն իշխանություն է, թե ընդդիմություն: Այդ կարգավիճակում ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր գործունեությունը խորհրդարանում: 

-Մենք բազմիցս հայտարարել ենք, որ հանդես ենք գալիս որպես այլընտրանք, որի հիմնական գործունեությունը լինելու է այն, որ այն բոլոր օրենքները, որոնք կարեւոր են մեր երկրի համար՝ անկախ նրանից, թե խորհրդարանական որ ուժի կողմից է դա առաջ քաշվելու, մեր կողմից պաշտպանվելու է: Եւ հակառակը, այն օրենսդրական գործունեությունը, որը շահեկան չի լինելու ՀՀ քաղաքացիների համար եւ նրա շահերից չի բխելու, միանշանակ լուրջ դիմադրության է արժանանալու: Այնպես չէ, որ եթե իշխանությունն է այդ նախագիծը ներկայացրել, անկախ նրանից՝ լավն է, թե վատն է, մենք ասում ենք՝ դեմ ենք կամ դեմ չենք եւ հակառակը:

-Որպես կին պատգամավոր՝ Ձեզ դո՞ւր է գալիս խորհրդարանը, նախադրյալներ կա՞ն օրենսդրական դաշտում աշխատելու համար:

-Գիտեք ինչ, այժմ գնահատականներ տալու դեռեւս հիմք չկա, քանի որ դեռեւս աշխատանքները նոր են սկսվել, ամառային հանգիստ վիճակ է: Ամեն դեպքում, հանձնաժողովում աշխատանքի համար ամեն ինչ տրամադրող է:


Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս