Մարտի 1-ի դեպքերով Սերժ Սարգսյանն արդարացրել է Ռոբերտ Քոչարյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Վիկիլիքսի» հանրայնացրած այս փաստաթուղթը հեղինակել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի նախկին ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգտոնը: Հեղինակը պատմում է Սերժ Սարգսյանի եւ Եվրոպայի ու Եվրասիայի ամերիկյան օգնության համակարգող Թոմ Ադամսի՝ 2009թ. մայիսի 15-ին կայացած հանդիպման մասին: Ըստ զեկուցագրի` ամերիկյան դիվանագետները փորձել են ՀՀ իշխանություններին հասկացնել բռնաճնշումների շարունակականության անթույլատրելիությունը, ինչը կարող է անդրադառնալ ՀՀ ոչ միայն արտաքին վարկի, այլեւ տնտեսական զարգացման վրա:

Այդուհանդերձ, զրույցի ընթացքում Սերժ Սարգսյանը բացեիբաց պնդել է իրենը՝ արդարացնելով Մարտի 1-ին Քոչարյանի բոլոր քայլերն ու իշխանության հակաժողովրդավարական գործողությունները:

Զեկուցագրից տեղեկանում ենք, որ Սերժ Սարգսյանի հետ ունեցած 90 րոպեանոց զրույցի ընթացքում Թոմ Ադամսին ուղեկցել են նրա տեղակալ Դենիել Ռոսենբլումը եւ ՀՀ-ում ԱՄՆ ժամանակավոր հավատարմատար Ջ. Փենինգտոնը: Ադամսն արտահայտել է Վաշինգտոնի մտահոգությունը Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների առնչությամբ՝ շեշտելով կասկածելի ընտրություններն ու ընդդիմության նկատմամբ ծավալված բռնարարքները: Այդուհանդերձ, ամերիկացին արտահայտել է իրենց ցանկությունն առ այն, որ Սարգսյանը հաջողի իր գործերում:

Ամերիկյան կողմը հավելել է, որ իրենք ցանկանում են օգնել Հայաստանին՝ վերադառնալու ժողովրդավարության ուղուն՝ հրաժարվելով ճգնաժամային ընթացքից: Նա ընդգծել է, որ Հայաստանը որոշ ռիսկի է ենթարկել ԱՄՆ օգնությունը, հատկապես «Հազարամյակի մարտահրավերները», որը հանդես էր գալիս որպես պարգեւ լավ կառավարման համար:

Պատասխանելով վերոնշյալ դիտողություններին՝ Սերժ Սարգսյանը տեղեկացրել է, որ Հայաստանում տնտեսական ռեֆորմների հարցում ոչ մի ետընթաց չի եղել՝ ընդգծելով միջազգային կառույցների կողմից ՀՀ ՀՆԱ-ի աճի տեմպերի մասին հաղորդումները: Նա հայտնել է, որ քաղաքական հարթությունում փոփոխությունների հիմնահարցը լոկ մոտեցման խնդիր է: Սարգսյանը ջանասիրաբար պաշտպանել է 2007թ. խորհրդարանական ու 2008թ. նախագահական ընտրությունները՝ դրանք որակելով որպես «քայլ առաջ դեմոկրատիայի հարցում»: Հատկանշական է, որ դրության ողջ մեղքը նա գցել է Տեր-Պետրոսյանի գլխավորած ընդդիմության վրա՝ արձանագրելով, որ վերջիններիս իրական նպատակն է եղել իշխանությունն ուժով խլելը: Սարգսյանը հիշել է նաեւ միջազգային հանրության գնահատականները, ըստ որոնց՝ ընտրությունները համապատասխանել են միջազգային չափանիշներին:

Նկատենք, սակայն, որ միջազգային դիտորդների զեկույցներում ընտրությունների առնչությամբ առավելապես ընդգծված էր, որ դրանք համապատասխանել են Հայաստանի ստանձնած պարտավորություններին: Ուստի եւ միջազգային չափանիշների հիշատակումը պարզ մանիպուլյացիա է, որն իրականացրել է Սարգսյանը: Նման հնարքները մշտապես կիրառվել են իշանության ներկայացուցիչների եւ նրանց ազդեցության տակ գտնվող լրատվամիջոցների կողմից՝ նպատակ ունենալով մոլորեցնել հասարակությանը:

Զրույցի ընթացքում Սարգսյանն անդրադարձել է նաեւ Մարտի 1-ի դեպքերին՝ պնդելով, որ իշխանությունները կարող էին հաղթահարել դժվարությունները առանց որեւէ մարդկային կորստի: Խնդիրը, նրա կարծիքով, եղել է ոստիկանության փորձն ու պատրաստվածությունը, որը չկարողացավ արդյունավետորեն մոտենալ իրավիճակին: Նա ավելացրել է, որ ո՛չ ինքը, ո՛չ էլ Քոչարյանը չեն ցանկացել բռնություն, սակայն այլ կերպ չեն կարողացել արձագանքել տեր-պետրոսյանական ընդդիմության կողմից ծրագրվածին: Երբ Ադամսն ընդգծել է, որ Մարտի 1-ի իրական ու գլխավոր պատասխանատուն Քոչարյանն է, Սարգսյանը միանգամից արդարացրել է նրան՝ նշելով, որ Քոչարյանն արել է այն ամենը, ինչ պետք էր: Սարգսյանն ասել է, որ եթե ոստիկանությունն օրվա ընթացքում օգտագործեր ավելի մեծ ուժեր եւ տեղայնացներ ցույցերը, զոհեր չէին լինի:

Սարգսյանի նկատառումը, թե ինքն ու Քոչարյանը չեն ցանկացել բռնություն գործադրել, լիովին հավանական է, քանզի հրապարակում քնած ժողովրդի վրա հարձակում հրահանգելով՝ իշխանական տանդեմը չէր հավատում, որ լուրջ դիմադրության է հանդիպելու եւ ստիպված է լինելու դիմահար կրակ արձակել:

Զրույցի վերջում Թ. Ադամսը խորհուրդ է տվել քայլեր ձեռնարկել՝ լարվածությունը լիցքաթափելու եւ ընդդիմության ուժը նվազեցնելու համար: Ամերիկացին շեշտել է, որ իշխանությունների որդեգրած մարտավարությունը միայն ու միայն բենզին է ավելացնում Տեր-Պետրոսյանի կրակին: Սերժ Սարգսյանը պատասխանել է, որ Կառավարությունը որոշ քայլեր կանի, սակայն դրանք չպետք է վտանգեն երկրի ապագան: Նրա համոզմամբ՝ ինքը ստացել է մարդկանց ձայների լոկ 50 տոկոսը, ինչից էլ հետեւում է, որ բնակչության կեսը միշտ էլ դժգոհ կմնա: Նկատենք, որ այսօր արդեն այդ թիվը շեշտակիորեն մոտենում է հարյուր տոկոսին:

ՆԺԴԵՀ ՀՈՎՍԵՓՅԱՆ




Լրահոս