ՍԱՀՄԱՆԻՆ ԿՐԿԻՆ ԶԻՆՎՈՐ Է ԶՈՀՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի կողմից հերթական անգամ խախտվել է հրադադարի պահպանման ռեժիմը, ինչի արդյունքում հակառակորդի գնդակից զոհվել է 1995 թվականին ծնված Սուրեն Խաչիկի Փիլոսյանը: ԼՂՀ ՊՆ տարածած հաղորդագրությունում նշված է նաեւ. «Նույն ժամանակահատվածում շփման գծի տարբեր հատվածներում ադրբեջանական զինուժի կողմից ձեռնարկվել են 8 հետախուզադիվերսիոն գործողությունների փորձեր, որոնք ժամանակին հավաստանշվել եւ կորուստներ կրելով՝ հետ են շպրտվել»: Սուրենը 2015-ի արդեն վեցերորդ զոհն է: Ակնհայտ է, որ Ադրբեջանը ինչ-ինչ պատճառներով վեջին շրջանում ավելի սանձարձակ եւ լկտի է դարձել, եւ ՀՀ ղեկավարությունը ինչ-որ միջոցներ պետք է ձեռնարկի՝ Ադրբեջանին սաստելու համար: Տարեսկզբին ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանի հնչեցրած հայտարարությունն այն մասին, որ հրամայել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքում նախահարձակ լինել, նպատակ ուներ սաստելու ադրբեջանական կողմին: Սակայն, ինչպես ցույց է տալիս ժամանակը, Օհանյանի խոսքերը մինչ օրս մնում են միայն որպես խոսք եւ ոչ ավելին: Նրա հայտարարությունը սկսում է նմանվել Սաֆարովի վերաբերյալ Սերժ Սարգսյանի կողմից ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանին տրված հայտնի հանձնարարությանը, որը այդպես էլ ոչ մի հետեւանք չունեցավ: Ժամանակն է, որպեսզի ՀՀ պաշտոնյաները սկսեն գիտակցել իրենց խոսքի արժեքը եւ եթե մի բան ի վիճակի չեն անելու, ապա ավելի լավ է այդ մասին չհայտարարեն: Նրանք իրենց հիմար վիճակի մեջ դնելուց բացի՝ վնասում են Հայաստանի հեղինակությանը:

 

 

 

Երեկ Գյումրիի Սուրբ Նշան եկեղեցում տեղի ունեցավ վեց ամսական Սերյոժա Ավետիսյանի հոգեհանգստի արարողությունը: Եկեղեցու ներսում եւ բակում մարդկանց հոծ բազմություն էր հավաքվել: Ողջ Գյումրին եւ Հայաստանի տարբեր մարզերից մարդիկ եկել էին Սուրբ Նշան եկեղեցի` փոքրիկին իրենց հարգանքի տուրքը մատուցելու: ՀՀ ղեկավարությունից հոգեհանգստին մասնակցում էր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նրան ուղեկցում էին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն ու առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: Սերյոժա Ավետիսյանի հոգեհանգստին մասնակցում էին նաեւ Շիրակի մարզի, Գյումրիի ղեկավարությունը, ԱԺ պատգամավորներ եւ այլ պաշտոնյաներ: Մինչեւ հոգեհանգստի մեկնարկը երեկ լուրեր տարածվեցին, որ Սերյոժա Ավետիսյանի հոգեհանգստին մասնակցելու նպատակով Գյումրի պետք է մեկնի Սերժ Սարգսյանը` ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի ուղեկցությամբ, սակայն այս անգամ էլ նա բավարարվեց ծաղկեպսակ ուղարկելով:

 

 

 
Չնայած երեք ամսից ավել է, ինչ Արմեն Գեւորգյանն ազատվել է ՀՀ փոխվարչապետի եւ տարածքային կառավարման նախարարի պաշտոնից, սակայն ՀՀ Կառավարությունը դեռ շարունակում է նրան «ազատելու» մասին որոշումներ կայացնել: Բանն այն է, որ ՀՀ Կառավարության հունվարի 22-ի նիստի օրակարգում ընդգրկված նախագծերից մեկով առաջարկվում է հաստատել նախագահի հրամանագրի նախագիծ, ըստ որի՝ Արմեն Գեւորգյանը կազատվի անկախ պետությունների համագործակցության հարցերով Հայաստանի Հանրապետության ազգային համակարգողի պաշտոնից: Նրա փոխարեն այդ պաշտոնում պետք է նշանակվի ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը: Այսպիսով՝ կարող ենք արձանագրել, որ ՀՀ Կառավարությունում այնքան անիմաստ պաշտոններ կան, որոնց մասին գործադիրում ուղղակի մոռանում են, եւ ի պաշտոնե այդ տեղում նշանակված անձի ազատվելուց հետո ամիսներ պետք է անցնեն, որ այդ մասին հիշեն:

 

 

 
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Երեւանի Ալիխանյան եղբայրներ փողոցի թիվ 2 շենքում՝ «Ա.Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայում», երեկ մի պահ խուճապային վիճակ է ստեղծվել: «Երեւանի ֆիզիկայի ինստիտուտ» հիմնադրամի սենյակներից մեկում աշխատակիցները նկատել են արկղեր եւ փորձել են պարզել, թե դրանք ով է բերել, եւ ինչ կա դրանցում: Բացելուց հետո տեսել են, որ արկղերում պայթուցիկ սարքերի նմանվող առարկաներ կան: Հնարավոր վտանգից խուսափելու համար ահազանգել են արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայություն: Տեղում հավաքված քաղաքացիները նկատել են, թե ինչպես են ԱԻՆ աշխատակիցները մարդկանց հորդորել լքել նշված շենքը, մի մասն էլ մինչեւ փրկարարների ժամանելն է «փախել» շենքից: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում «Ա.Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայից» պաշտոնապես ասացին, թե կատարվածի մասին առաջին անգամ են լսում:

 

 

 

ԱՆԹԱՍԻԲՈՒԹՅՈՒՆ

Գյումրիում կատարված ողբերգությունը լրջագույն փորձություն էր բոլորի համար` թե՛ ՀՀ իշխանությունների, թե՛ ընդդիմության, թե՛ շարքային քաղաքացիների եւ թե՛, մասնավորապես, գյումրեցիների: Առայժմ այդ փորձությունը պատվով տանում են միայն գյումրեցիները: Ցավալի եւ ամոթալի է, սակայն այդ հարցում գյումրեցիներին ցուցաբերված աջակցությունը շատ չնչին է: Արդեն առիթ ունեցել ենք գրելու կատարվածից հետո ՀՀ նախագահի, իշխանական վերնախավի, ինչպես նաեւ նրանց այլընտրանք ներկայացող ընդդիմադիր առաջնորդների անընդունելի պահվածքի մասին, որոնք գուցե նաեւ ականջալուր լինելով այդ քննադատությանը, գուցե եւ Պուտինի հեռախոսազանգից «դուխ» հավաքելով` այդուամենայնիվ, գոնե ֆորմալ մակարդակում փորձեցին տեղից շարժվել:
Ինչ վերաբերում է մեզ բոլորիս` ՀՀ շարքային քաղաքացիներիս, ապա, անկասկած, խորապես ցավելով եւ սգալով անմեղ զոհերի հիշատակը՝ այս օրերին մենք այդպես էլ չկարողացանք մեր վիշտն ու պահանջատիրությունը ներկայացնել համազգային, իրապես հուժկու եւ միասնական դրսեւորմամբ:
Ինչ խոսք, այսօր Հայաստանում մարդիկ ապրում են ծայրահեղ ծանր սոցիալական պայմաններում, եւ ամեն մեկն ունի իր հոգսը, որը ցանկանում է հնարավորինս շուտ հոգալ: Սակայն, վստահաբար, գյումրեցիների սոցիալական վիճակն ավելի ծանր է, էլ չասած` կատարվածից հետո նրանց բարոյահոգեբանական վիճակի մասին: Սակայն գյումրեցիները մեկ մարդու նման դուրս եկան փողոց եւ մեզ բոլորիս` ՀՀ բոլոր քաղաքացիներիս, «թասիբի» եւ արժանապատվության դաս տվեցին: Մինչդեռ Գյումրիում կատարվածը մեզանից յուրաքանչյուրը պիտի ընդուներ որպես անձնապես իրեն հասցված հարված եւ իր զավակին սպառնացող վտանգ:
Գյումրեցիներն այս օրերին իրենց անկոտրում կամքի շնորհիվ կարողացան անգամ ՌԴ իշխանությունների տրամադրվածությունը փոխել եւ, փաստորեն, պաշտպանում են մեր բոլորի պատիվը: Մինչդեռ երեկ՝ փոքրիկ Սերյոժայի հոգեհանգստի օրը, Երեւանում ՀՀ նախագահի նստավայրի առաջ բոլորովին այլ պահանջներով ակցիաներ էին: Չգիտես ինչու` «Նաիրիտի» աշխատակիցները չէին կարողացել եւս երկու օր սպասել, ապա միայն հերթական անգամ հավաքվել նախագահականի առաջ: Նույնը եւ հացադուլի դիմած ընտանիքը: Հարգելի՛, իրապես հոգսաշատ քաղաքացիներ, ձեր պահանջները իշխանություններից, իհարկե, արդարացի են, սակայն երեկ դրանք հնչեցնելը, մեղմ ասած, տեղին չէր: Երեկ եւ այսօր, եւ մինչ այն պահը, երբ մեր բոլորիս արժանապատվությունը ոտնահարած ՌԴ եւ ՀՀ իշխանությունները չեն դրսեւորի ադեկվատ պահվածք, մեր բոլորիս պահանջը պետք է լինի մեկը` ոճրագործը պետք է պատժվի Հայաստանում:
Եթե այս հարցում մեզ չհաջողվեց պարտադրել մեր կամքը, ապա վստահ եղեք` որեւէ այլ հարցում ձեր ձայնը Բաղրամյան 26-ում հաշվի չեն առնելու:




Լրահոս