ԵՏՄ-ին անդամակցելուց հետո գործարարները շփոթության մեջ են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը գործարար աշխարհում լուրջ խնդիրներ է առաջացրել: Օրենսդրական փոփոխությունները, որոնք նախորդ տարվա ընթացքում գրեթե գաղտնի էին պահվում, այս պահին հայ գործարարների համար լրջագույն խնդիր են դարձել: Գործարարների պնդմամբ՝ մինչ օրս առկա տեղեկատվությունը բավական հակասական է: Տեղեկատվության տրամադրման նպատակով ՀՀ ֆինանսների նախարարությունը Հայաստանի տարբեր քաղաքներում շահագրգիռ հարկ վճարողների համար կազմակերպել է «Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու կապակցությամբ Հայաստանի հարկային օրենսդրական եւ վարչարարական նորամուծությունները» խորագրով տեղեկատվական հանդիպումների շարք:

Ըստ ֆինանսների նախարարության՝ այս հանդիպումները նպատակ ունեն բարձրացնելու հարկ վճարողների իրազեկվածությունը 2015-ից ուժի մեջ մտած հարկային եւ հարակից օրենսդրության փոփոխությունների եւ վարչարարության նորությունների վերաբերյալ:

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում գործարարների մեծ մասը հայտարարեց, որ իրենք տեղեկացված չեն, ինչը ուշացումով է նկատվել համապատասխան կառույցի՝ ֆինանսների նախարարության կողմից: Թեեւ վերջինս պարտավոր էր ավելի շուտ եւ հնարավորինս հանրամատչելի ձեւով մեծ ու փոքր ձեռնարկատերերին ներկայացնել այն փոփոխություններն ու նորմածությունները, որոնք կատարվել են կամ պետք է կատարվեն: Այս իմաստով բոլոր այն գործարարները, ովքեր ՖՆ-ի կողմից կազմակերպած հանդիպմանը ներկա էին, համոզվեցին, որ իսկապես տեղեկացվելու կարիք ունեն:

«Ժողովուրդը» զրուցեց ֆինանսների նախարարության կազմակերպած հանդիպումներին մասնակցած գործարարներից մի քանիսի հետ: Նրանք նշեցին, որ դեռ չգիտեն, թե ինչ է լինելու: Այն գործարարները, որոնք ՌԴ-ի հետ որոշակի գործընկերային հարաբերություններ ունեն, անհամեմատ ավելի լավատես են, իսկ նրանք, ովքեր եվրոպական երկրների հետ են համագործակցում, բնականաբար, ընկճված են: Եվրոպական երկրներից ապրանք ներմուծող ընկերությունների ներկայացուցիչները սկսել են արդեն ուսումնասիրել ռուսական շուկան՝ հասկանալու համար, թե ի՞նչ որակի, ի՞նչ գնով եւ ի՞նչ եղանակով կարող են նույն ապրանքը ներմուծել ՀՀ:

«ՄՎՄ Լյուքսուս» ընկերությունն արդեն երկու տարի է, ինչ գործում է: Այս ընկերությունը Գերմանիայից տնտեսական ապրանքներ, հատկապես մաքրող միջոցներ է ներմուծում: Ընկերության տնօրեն Վազգեն Մարդոյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում մտահոգվեց՝ նշելով, որ ԵՏՄ-ին անդամակցելու հետեւանքով ընկերությունը կարող է կանգնել լուրջ դժվարությունների առաջ: «Այս պահին կոնկրետ ինձ համար դրսից ներկրելը խնդիր է դարձել: Նախկինում սահմանված մաքսատուրքի չափը ցածր էր, իսկ հիմա այն բարձրանալու է: Հետեւաբար ապրանքատեսակն էլ կթանկանա: Ինչպես հայտնի է՝ գերմանական արտադրանքը թանկարժեք է, իսկ դա նշանակում է, որ այն բարձր մաքսատուրքերով ներմուծելուց հետո, է՛լ ավելի կթանկանա: Հույսեր չեմ կապում ԵՏՄ-ի հետ»:

«ՄՎՄ Լյուքսուս» ընկերության ներկայացուցիչը տեղեկացրեց նաեւ, որ արդեն սկսել է ուսումնասիրել ռուսական շուկան: «Հիմա ուսումնասիրում եմ ռուսական շուկան, որպեսզի որոշակի ապրանքատեսակներ սկսեմ ներմուծել Ռուսաստանի Դաշնությունից: Համացանցի միջոցով փորձում եմ գտնել որեւէ ընկերություն եւ պայմանավորվածություն ձեռք բերել ապրանք ներմուծելու նպատակով: Այս պահին հարմար ապրանքատեսակ չեմ կարողանում գտնել: Պետք է միայն որակով ապրանք գտնել, որովհետեւ ես կարծում եմ, որ միայն այդպես կարող եմ հաջողության հասնել»,- ներկայացրեց մեր զրուցակիցը:

Հանդիպմանը ներկա մյուս գործարարը՝ «Սատար» հաշմանդամների հասարակական կազմակերպության նախագահ Հունան Հունանյանը, իրեն հետաքրքրող մի շարք հարցեր հնչեցրեց: «Փորձում եմ հասկանալ, թե ինչ փոփոխություններ են լինելու: Մեր ՀԿ-ն բարեգործական բեռներ է ԱՄՆ-ից Հայաստան ներմուծում: Հիմա հետաքրքիր է, թե ինչպես է այդ գործընթացն իրականացվելու ԵՏՄ-ին անդամակցելուց հետո: Այսինքն՝ որքանով են այս փոփոխություններն ազդելու մեր գործունեության վրա»,-«Ժողովուրդ»-ին փոխանցեց Հունանյանը:
Նկատենք, որ այս պահին գործարարների մի մասը մտահոգված է հայաստանյան շուկայում ձեռք բերված փոքրիկ տեղը չկորցնելու խնդրով: Այնուամենայնիվ, նրանք համոզված են, որ եթե սպառողը վարժվել է որակյալ, բայց թանկարժեք ապրանք գնելուն, ապա նա պատրաստ է հետայսու նույնպես ծանոթ ապրանքատեսակը չփոխարինել նոր եւ դեռեւս անհայտ ապրանքով:
Գործարարների հետ հանդիպման նախաձեռնությունը, իհարկե, ողջունելի է, քանի որ պետական կառույցը, տվյալ դեպքում՝ ֆինանսների նախարարությունը, փորձ է անում նման դասընթացների միջոցով տեղեկացվածության խնդիրը լուծել: Բայց լավ կլիներ, որ դա արվեր ժամանակին՝ երկրում նման մեծ տնտեսական փոփոխությունների մեկնարկից առաջ, այլ ոչ թե հետո:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս