«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Անցած տարվա վերջին արձանագրված կտրուկ թանկացումներից հետո այս տարեսկզբին գնաճային դրսեւորումները Հայաստանում որոշ չափով մեղմացել են։ Կարծես թուլացել են նաեւ դրա վրա ազդող գործոնները։ Այնուհանդերձ դա չխանգարեց, որ Կենտրոնական բանկը հերթական անգամ կտրուկ բարձրացնի վերաֆինանսավորման տոկոսադրույքը։
Գնաճը նախատեսված թիրախի սահմաններում պահելու ակնկալիքով ԿԲ-ն շարունակում է փողի թանկացման ագրեսիվ քաղաքականությունը։ Վերջին մեկ ամսվա ընթացքում երկրորդ անգամ անընդմեջ բարձրացվեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Ընդ որում՝ երկրորդ անգամ դա արվեց արտահերթ ձեւով։ Չսպասելով հերթական նիստին՝ ԿԲ խորհուրդը որոշեց կրկին ավելացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը։
Ըստ այդմ, այն բարձրացվեց եւս 1 տոկոսով։ Մինչ այդ, տարեվերջին վերաֆինանսավորման տոկոսադրույքն ավելացվել էր 1,75 կետով։
Սա փողի թանկացմանն ուղղված աննախադեպ ագրեսիվ քաղաքականություն է, որը վերջին տարիներին երբեւէ իրականացրել է Կենտրոնական բանկը։ Ընդամենը մեկ ամսվա ընթացքում վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվեց 2,75 կետով՝ հասցնելով 9,5 տոկոսի։
Եթե տարեվերջին արժութային շուկայում տեղի ունեցող դրսեւորումների եւ անկայունության պայմաններում ԿԲ քայլերը միանգամայն հասկանալի էին, ապա վերջին նախաձեռնությունը որոշակի տարակույսների տեղիք է տվել։ Մանավանդ որ Կենտրոնական բանկը ինքն է խոստովանում արտաքին եւ ներքին միջավայրից թելադրված գնաճային ճնշումների թուլացման մասին։
Այս դրսեւորումներով հանդերձ, Կենտրոնական բանկը դեռեւս չի կարողանում կողմնորոշվել, թե դրանց ազդեցությունն ինչպիսին կլինի ներքին ապրանքային շուկաներում։ Չնայած արտաքին շուկաներում տեղի է ունենում հումքային եւ պարենային ապրանքների գնանկում, այնուհանդերձ դրանց «հնարավոր արտացոլման չափն ու արագությունը Հայաստանի համապատասխան շուկաների գնային փոփոխություններում դեռեւս անորոշ է»։
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: