ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻ ԵՐԵԽԱՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԲԱՆԱԿ ԳՆԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ միանգամից երկու միջադեպ է արձանագրվել հայ-ադրբեջանական սահմանի՝ այս անգամ արդեն ՀՀ ՊՆ զինված ուժերի պատասխանատվության տակ գտնվող հատվածում: Նախ՝ երեկ առավոտյան հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը հունվարի լույս 21-ի գիշերը՝ ժամը 3-ի սահմաններում, դիվերսիոն գործողություն է կազմակերպել Քարվաճառի դիրքերից մեկի ուղղությամբ, ինչի արդյունքում զոհվել է 32-ամյա պայմանագրային զինծառայող Նահապետ Ասատրյանը, իսկ Օնիկ Գասպարյանը վիրավորվել է: Իսկ արդեն երեկ երեկոյան հայտնի դարձավ, որ հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում Տավուշի հայ-ադրբեջանական սահմանի դիրքերից մեկում ժամը 18-ի սահմաններում հրազենային մահացու վնասվածք է ստացել պայմանագրային զինծառայող 35-ամյա Արման Ռաշիդի Ուդումյանը: Վերջինս եղել է Տավուշի մարզի Չորաթան գյուղի բնակիչ: Այսպիսով՝ չնայած պաշտոնապես մարտական գործողությունները չեն վերսկսվել, բայց Ադրբեջանը, ըստ էության, միակողմանի պատերազմ է սկսել: Ստեղծված իրավիճակը ՀՀ իշխանություններից պահանջում է ոչ միայն արագ եւ հստակ քայլեր իրականացնել՝ ադրբեջանական կողմին սաստելու համար, այլեւ կտրուկ փոխել Հայաստանում առկա բարոյահոգեբանական մթնոլորտը: Այս խնդրի միակ լուծումը կարող է լինել այն, որ ՀՀ բոլոր մեծուփոքր պաշտոնյաները, մեծահարուստները, ովքեր ունեն զինապարտ որդիներ, որոնք ինչ-որ հիմնավորմամբ տարկետում են ստացել եւ չեն զորակոչվել բանակ, թեկուզ մեծ «հանդիսավորությամբ» ինքնակամ հրաժարվեն տարկետումներից եւ մեկնեն բանակ՝ պաշտպանելու մեր սահմանները: Այսպիսով՝ իշխանական թիմը կարող է ՀՀ քաղաքացիներին համոզել, որ չնայած կոռումպացված է, բայց անհայրենիք վարձկան չէ: Կկարողանա ապացուցել, որ Հայաստանն իրենց միայն թալանի համար չէ, որ պետք է, այլ իրականում Հայաստանի Հանրապետությունը նաեւ իրե՛նց Հայրենիքն է, ոչ թե միայն անապահով եւ իրենց երեխաներին բանակից ազատել չկարողացող շարքային քաղաքացիներինը:

 

 

 
«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների համաձայն՝ ՀՀ ֆինանսների նախարարության հարկային ծառայությունը դեռեւս անցած տարվա դեկտեմբերից ստուգումներ է սկսել «Երեւանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲԸ-ում: Այս կոմբինատը, ինչպես հայտնի է, պատկանում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին: Վերջինիս մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը մեզ հետ զրույցում հաստատեց Ծառուկյանին պատկանող այդ կոմբինատում լայնածավալ ստուգումներ անցկացնելու փաստը, որոնք մինչ օրս շարունակվում են: Տեղեկացնենք, որ ՀՀ ֆինանսների նախարարության հարկային ծառայության հրապարակած 2014 թվականի հուլիսի 1-ից մինչեւ 2015 թվականի հուլիսի 1-ի պլանային ստուգումների ցանկում «Երեւանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲԸ-ն նշված չէ: Այսինքն՝ կարելի է ասել, որ այդ ստուգումները պլանային չեն, արտահերթ են: Թե դրանով ինչ են փորձում հասկացնել ոչ իշխանական եռյակի դե ֆակտո առաջնորդ Ծառուկյանին, դժվար է ասել, բայց հիշեցնենք, որ նա ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի խնամին է:

 

 

 

 

Հունվարի 15-ին, երբ տեղի ունեցավ անասելի ոճրագործության զոհ գնացած Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների հուղարկավորությունը, Գյումրիում զանգվածային միջոցառումներ սկսվեցին: Նաեւ մայրաքաղաք Երեւանից Գյումրի գնացած մի խումբ ակտիվիստներ, ՌԴ հյուպատոսարանի առջեւ կազմակերպված ակցիայով չբավարարվելով, փորձ արեցին գնալ Գյումրու թիվ 102-րդ ռազմաբազա՝ պահանջելու ՀՀ-ին հանձնել մեղադրյալ Վ. Պերմյակովին: Պարզվում է՝ այնտեղ պատրաստ են եղել՝ «դիմավորելու» արդարության պահանջով փողոց դուրս եկած գյումրեցիներին: «Ժողովուրդ»-ին լուրեր հասան այն մասին, որ ռուսական ռազմաբազան ոստիկանական պատով փակած ՀՀ ոստիկանները մի «պատ էլ» բազայի ներսում են շարել, որպեսզի անհրաժեշտության դեպքում հետ մղեն բարկացած ցուցարարներին: Ռուս բարձրաստիճան զինվորականներն էլ շարքային զինվորների ձեռքից հավաքել են մարտական զենքերը՝ բաժանելով մահակներ եւ վահաններ՝ հրահանգելով ռուսական ռազմաբազայի վրա հարձակված ցուցարարների դեմ պայքարել մահակներով, այլ ոչ զենքով:

 

 

 

 
Դեռեւս 2014 թվականի նոյեմբերի 7-ին՝ Գյումրիում «Թումո» կենտրոն բացելու համար կազմակերպված հեռուստամարաթոնի ժամանակ, Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը խոստացել էր փոխանցել է 30 հազար դոլար: Նա հեռուստամարաթոնի ուղիղ եթերում հայտարարել էր, որ 10 հազար դոլարը փոխանցում է իր աղջկա անունից, 10 հազարը` հանգուցյալների անունից, քանի որ նրանք խնդրել են իրեն, իսկ 10 հազարը` անձամբ իր անունից: «Ժողովուրդ»-ի այն հարցին, թե ինչու իր խոստումը չի կատարում, Վարդան Ղուկասյանը պատասխանեց. «Դա քո ինչ խելքի բանն է, ո՞վ է ասել, որ չի փոխանցվել, աղջիկ ջա՛ն, հանգիստ մնա՛, ես ինչ ասել եմ, իմ խոսքի տերն եմ, դու արխային էղի, մենք փոխանցել ենք, որոշակի բան մնացել է, դա էլ կփոխանցենք»: Տեղեկացնենք, որ հեռուստամարաթոնում, ըստ խոստացված նվիրատվությունների արդյունքի, հավաքվել էր 300 հազար դոլար: Այդ գումարով այս տարի Գյումրիում պետք է բացվի «Թումո» կենտրոն, որտեղ պետք է կրթվեն տարեկան 1000 երեխա Գյումրիից եւ Շիրակի մարզի այլ բնակավայրերից:

 

 

 

 

ՄԵՂՍԱԿԻՑ ԵՆ

Այն, որ Գյումրիում կատարված աննախադեպ հանցագործությունից հետո շատերն են փորձում պղտոր ջրում ձուկ որսալ, ակնհայտ է: Ընդ որում, դա արվում է բոլոր մակարդակներում՝ ռուսական իշխանական եւ ընդդիմադիր շրջանակներից սկսած, ավարտած ադրբեջանա-թուրքական եւ ամերիկյան ուժերով: Հայաստանի իշխանություններն այս փուլում հայտնվել են բոլոր կողմերից հարվածներ ստացող միայնակ, վտիտ պատանու դերում, որը ուժ չունենալով հարվածներին հակադարձել` առավելագույնը կարողանում է արմունկներով երեսը փակել` դեմքին հարվածներ չստանալու համար:
Անկախ այն հանգամանքից, թե կատարվածը պարզապես այդ ճիվաղի ձեռքի գործն էր, կազմակերպված էր ինչ-ինչ անձնական կամ կենցաղային հողի վրա, թե դա շատ վտանգավոր եւ հեռահար նպատակներով ծրագրված սադրանք էր, ակնհայտ է մի բան՝ Հայաստանում կրքերն այդ աստիճան չէին թեժանա, եւ իրավիճակն էլ այդքան վտանգահարույց չէր դառնա, եթե ՌԴ եւ ՀՀ իրավական հարցերով եւ փոխադարձ օգնության մասին տխրահռչակ այդ համաձայնագիրը կազմված լիներ պաշտաճ ձեվով` առանց ՌԴ կամ ՀՀ Սահմանադրության հետ հակասությունների:
Եթե այդ փաստաթղթում ամեն ինչ լիներ հստակ, անգամ եթե այն իմպերատիվ կերպով սահմաներ, որ ռուս զինվորականին միանշանակ պետք է հանձնել ռուսական արդարադատությանը, Գյումրիում կրքերն այդ աստիճան չէին բորբոքվի: Մարդիկ իրենց նվաստացած եւ խաբված չէին զգա, եւ վերջին օրերի զարգացումներն էլ, թերեւս, այլ կլինեին: Ասել է թե՝ եթե կատարվածը լավ կազմակերպված սադրանք էր, ապա սադրողը քաջ տեղյակ էր նաեւ օրենսդրական այս հակասությանը եւ շատ լավ հաշվարկել էր դրա խաղարկման հետեւանքները:
Այդ համաձայնագիրը, սակայն, մշակել, կազմել եւ 1997թ. օգոստոսի 29-ին Մոսկվայում ստորագրել են շատ կոնկրետ մարդիկ, այն Հայաստանի ՍԴ-ում քննարկվելուց հետո վավերացրել են ԱԺ-ում, ինչից առաջ փաստաթուղթն անցել է համապատասխան փորձաքննություններ, քննարկումներ հանձնաժողովներում եւ այլն: Միով բանիվ` քաջ հայտնի է, թե ովքեր են Հայաստանի գլխին եկած այս փորձանքի շահարկման համար հնարավորություն ստեղծողները:
Բնականաբար դա արվել է մասնագիտական հանցավոր անփութության, այլ ոչ թե դիտավորության արդյունքում, բայց ինչպես տեսանք՝ դրա հետեւանքով այսօր մենք բոլորս կանգնած ենք լրջագույն փորձության առջեւ: Ուստի այդ մարդկանց պատասխանատվության ենթարկելու հարցն առավել քան հրատապ է, թեպետ, ցավոք, ոչ իրատեսական: Անկախ դրանից, սակայն, անհրաժեշտ է, որ թեկուզ հենց այս դեպքի օրինակով ամենայն մանրամասնությամբ վերանայվեն մեզ համար կարեւորություն ներկայացնող բոլոր միջազգային պայմանագրերն ու այլ փաստաթղթերը` դրանցում առկա նման բացթողումները ժամանակին ուղղելու նպատակով:




Լրահոս