«ԵԿԵԼ ԷԻՆ, ՈՐ ՍԵՊ ԽՐԵՆ ԴԱՐԱՎՈՐ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ այսուհետ բոլորը միահամուռ պետք է հետեւողական լինեն ու տեսնեն, թե ինչպես են իրավապահ մարմինները քննելու Գյումրիում սպանված Ավետիսյանների ընտանիքի գործը: Նախկին քաղաքապետը հայտարարեց, որ Ավետիսյաններին սպանած Վալերի Պերմյակովը կա՛մ պետք է ցմահ դատապարտվի, կա՛մ գնդակահարվի:

-Պարո՛ն Ղուկասյան, փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի հուղարկավորությանը Դուք ներկա չէիք, ի՞նչն էր պատճառը:
-Քո ի՞նչ գործն է, ես էլ առանձին եմ գնացել, մտել եմ եկեղեցի, մարդկանց մեջ եմ եղել, որ ինձ հեռուստատեսությամբ չտեսնեն, ես այս անգամ տենց եմ ճիշտ գտել, չեմ ուզեցել, որ հեռուստաընկերությունը, որն այդ պահին կանգնած կլինի, գա ու այդտեղ կանգնեմ: Ես առանձին եմ գնացել այդտեղ: Քաղաքացիները պետք է անպայման հետաքրքրվե՞ն, թե ո՞ւր եմ… էդ եկեղեցին, որ մտնում ես ներս, աջ պատի վրա կարդացե՞լ եք, թե ով է վերակառուցել… Ու այն ժամանակ ես քաղաքապետ չէի, գիտե՞ք:
-Տեղյակ ենք, բայց ըստ գյումրեցիների՝ ինչ Դուք այլեւս Գյումրու քաղաքապետ չեք, հանրային վայրեր չեք գնում, նեղացածի կարգավիճակում եք, գյումրեցիներից էլ ե՞ք նեղացած:
-Չէ՛, չէ՛, նման բան չկա, ես արդեն ասացի, որ եկեղեցում եմ եղել:
-Ավետիսյանների ընտանիքի սպանության հետ կապված տարբեր վարկածներ են շրջանառվում, ըստ Ձեզ՝ ինչո՞ւ պետք է ռուս զինվորականը 7 անմեղ մարդու սպաներ, Դուք ունե՞ք Ձեր վարկածը:
-Դուք ի՞նչ եք ուզում ինձանից իմանալ: Կիպլոմոսում ասվում է. «… ի երկրաշարժ է, ի խորշակ է, ի պատահար է, փրկյա Տեր Աստված մեզ», այդպիսի աղոթք կա, ուրեմն այդքանի մոտ այդպես է ստացվել, հիմա ես չգիտեմ, թե ինչո՞ւ կոնկրետ Ավետիսյանների ընտանիքը: Նույն ճանապարհը 100 հոգի անցնում են, բայց մի հոգու գլխին է փորձանքը գալիս: Այդ էր, ի՞նչ ասեմ, ես ասելու բան չունեմ: Եւ չարիք կարելի է ասել դրան, միանշանակ ամեն ինչ կարելի է ասել այս դեպքի կապակցությամբ, յուրաքանչյուր բառ, յուրաքանչյուր խոսք, ես չգիտեմ՝ ամեն ինչ սազում է այդ այլանդակին, որ ասվի:
-Գյումրեցիները չեն վստահում ՌԴ իրավապաշտպաններին ու պահանջում են հանցագործին հանձնել Հայաստանի արդարադատությանը: Դուք ի՞նչ եք կարծում` արդյո՞ք ՌԴ իշխանությունները կհամաձայնեն, ինչո՞ւ Դուք չմիացաք այն ցուցարարներին, որոնք փողոց էին դուրս եկել այդ պահանջով:
-Գործն արդեն բացահայտված է, իսկ պատիժը, հույսով եմ, կկրի… Ու հենց այդտեղ մենք բոլորս միասին պետք է հետեւողական լինենք ու նայենք, թե վերջում ի՞նչ կլինի: Եթե ցմահ չտվեցին դրան… կա՛մ գնդակահարություն, կա՛մ ցմահ, դրան ուրիշ ոչ մի բան չի հասնում: Պահի տակ օրենքով էլ նմանատիպ մարդկանց չպետք է դատեն, այլ դատեն այնպես, ինչպես ինքն է մարդկանց հետ վարվել:
-Բայց ՀՀ դատին հանձնված չէ…
-Ոչինչ, ոչինչ, ես գիտեմ, որ ռուսները… ռուսները նման այլանդակին պահեն, որ ի՞նչ անեն, մի հատ ասեք՝ նմանատիպ մարդուն պահեն, որ ի՞նչ անեն, ասեք, ես էլ իմանամ: Աստված ոչ արասցե, թեկուզեւ դա մեկի երեխան լիներ, այդ ծնողը նմանատիպ այլանդակին պահի, ի՞նչ անի, դրանք ինչքան շուտ երկրի վրայից վերանան, էնքան ժողովուրդը լավ կապրի, էնքան լավ կապրեն մարդիկ: Ու մենք բոլորս լավ հասկանում ենք, ուղղակի մենք պետք է հետեւողական լինենք, որպեսզի հասկանանք, թե ինչ պատիժ կտան դրան:
-Գյումրեցիների պահանջն արդար էր, մարդիկ ցանկանում էին, որ հանցագործը ՀՀ-ում իր պատիժը կրի՝ Հայաստանի օրենքներով, բայց կարելի է ասել՝ ՀՀ իշխանությունները կրկին անգամ նրանց լռեցրին: Գյումրիում կրկին վախի մթնոլորտ է տիրում, քանի որ մարդկանց արգելում են նորից նույն պահանջով փողոց դուրս գալ, ու իրենց բողոքի ձայնը բարձրացնել: Լինելով Գյումրիի նախկին քաղաքապետը՝ ինչո՞ւ նրանց չեք աջակցում, ինչո՞ւ նրանց հետ պայքարի դուրս չեք գալիս, որպեսզի ցանկալի արդյունք ունենանք:
-Գյումրեցիներին լռեցնելը… դա այդպես չի, գյումրեցիները հասկացել են, ու ամեն մեկն իր երիտասարդին բացատրել է, որ մի քանի թափթփուկի խելքին ընկնելը, գնալը ռուսական ռազմաբազայի վրա… դրանց էլ ասել, որ մենք տեղյակ չենք, իրենք են արել ու մարդկանց քցել կրակը, իրենց գումարների համար, իրենց քաղաքականության համար… դա չգիտեմ՝ ինչ է, նմանատիպ մարդկանց ամեն ինչ էլ կարելի է վերագրել: Իսկ ինձ պես մարդկանց պարտքն է, որ բացատրվի` տղանե՛ր, երիտասարդնե՛ր, այդպիսի մարդկանց մի՛ հավատացեք, մի՛ վստահեք: Ու, փառք Աստծո, քաղաքում կան այդպիսի մարդիկ, որ երիտասարդները լսեցին իրենց: Ու այն թեւերը, որոնք դրսից էին եկել, ինչ ուզում էին անել… այնտեղ շատ բանսարկուներ կային, որոնց մշտապես տեսնում ենք հեռուստատեսությամբ, եկել էին, որ սեպ խրեն հայ-ռուսական դարավոր բարեկամության մեջ: Կան, նմանատիպ մարդիկ շատ կան:
-Իսկ ո՞ւմ նկատի ունեք, ովքե՞ր են նրանք:
-Ես արդեն ամեն ինչ ասեցի, ավելացնելու որեւէ բան չունեմ:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 

 

Ի՞ՆՉՆ Է ԱՎԵԼԻ ԶԶՎԵԼԻ
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը երեկ հայտարարել է, թե Գյումրիում կատարված ողբերգությունը քաղաքականացնելու փորձերն անթույլատրելի են: «Մենք տեսնում ենք այս իրավիճակը քաղաքականացնելու փորձեր: Դրանք Հայաստանի կամ Ռուսաստանի ղեկավարության կողմից չեն ձեռնարկվում: Քիչ չեն նրանք, ովքեր ցանկանում են ողբերգությունն օգտագործել՝ աշխարհաքաղաքական առավելություններ ստանալու համար: Սա զզվելի է, սա անթույլատրելի է, սա անպատվաբեր է հպարտ հայ ժողովրդի համար, որը վստահ եմ, չի տրվի այդ սադրանքներին»,-ասել է Լավրովը: Նա նաեւ կարծիք է հայտնել, որ ռուս-հայկական հարաբերություններն այս իրավիճակում չեն տուժի:

 

ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ ԵՆ
Երեկ Արցախի ազատամարտիկների միությունը հայտարարություն էր տարածել Արցախում օրերս կայանալիք «Հիմնադիր խորհրդարանի» ավտոերթի մասին: Հայտարարությունում մասնավորապես ասվում է. «Արցախի ազատամարտիկների միության անդամները, գիտակցելով աշխարհաքաղաքական զարգացումներով պայմանավորված մեր երկու հայկական հանրապետությունների առանձնահատուկ վիճակը, դատապարտում են Հայաստանում ձեւավորված, այսպես կոչված, «Հիմնադիր խորհրդարանի» կողմից Արցախում առաջիկայում իրականացվելիք հակաիրավական եւ անհեռանկար գործընթացները ու միաժամանակ արդարացիորեն կիսում եւ պաշտպանում ԼՂՀ իշխանությունների այն տեսակետը, որ կիսապատերազմական վիճակում գտնվող եւ չճանաչված կարգավիճակ ունեցող Արցախի համար էական նշանակություն ունի ՀՀ հետ նրա ամուր կապը, ինչն առաջին հերթին հիմնված է պաշտոնական Երեւանի նկատմամբ արցախցիների դրսեւորած հավատի ու վստահության վրա»:
«Մենք համոզված եւ լիահավատ ենք, որ ցնցումներն ու, մանավանդ, հեղափոխական կոչերը ոչ միայն անընդունելի եւ զրպարտելի են Արցախյան ազատամարտի մասնակիցների, այլեւ հայրենիքի ճակատագրով մտահոգ յուրաքանչյուր հայի համար: Ելնելով այս իրողությունից՝ Արցախի ազատամարտիկների միությունն անընդունելի եւ անթույլատրելի է համարում, այսպես կոչված, «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման կողմից հունվարի 31-ին «Դեպի Արցախ» կազմակերպվելիք «Մեծ ավտոերթը» եւ հավաստիացնում է, որ «չենք թույլատրելու դրա իրականացումը, քանի որ ժողովրդի անունից խոսող, սակայն նույն ժողովրդի իրական ցանկություններին եւ մտահոգություններին անտեղյակ մի խումբ անձանց այդօրինակ վարվելակերպը ոչ միայն անիմաստ, այլեւ ազգային միասնությանն ու նրա անվտանգությանը սպառնացող հանցավոր ծրագիր է»:

 
ՀԵԾԱՆԻՎ ՔՇԵՔ
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դեռեւս նախորդ տարվա դեկտեմբերի 30-ին բենզինի գնման պայմանագիր է կնքել «Ֆլեշ» ՍՊԸ-ի հետ: Ըստ այդմ, ՀԾԿ հանձնաժողովը 2015 թվականի ընթացքում «Ֆլեշ»-ից կստանա 25 հազար 800 լիտր «պրեմիում» տեսակի բենզին, որի համար պետք է վճարի 12 մլն 384 հազար դրամ: Նշված հանձնաժողովից «Ժողովուրդ» օրաթերթին խոստացան, որ առաջիկայում կպարզաբանեն, թե ինչու են այդքան շատ` օրական մոտ 100 լիտր ծախսելու համար բենզին գնել: Նշենք նաեւ, որ ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդը նույն «Ֆլեշ» ընկերությունից այս տարվա չորս ամիսների համար գնել է 1580 լիտր «ռեգուլյար» եւ 560 լիտր «պրեմիում» տեսակի բենզին, ինչի համար պետք է վճարի 995 հազար 600 դրամ: Համաձայնեք, որ եթե Հայաստանի պաշտոնյաների մի մասը սկսի հեծանիվով շրջել, առավել եւս, որ նրանց մեծ մասը բնակվում եւ աշխատանքի է գնում Երեւանի կենտրոնում, ապա ՀՀ պետբյուջեն բավական լուրջ գումարներ կարող է խնայել:

 

ԴԻԶԻՆՖԵԿՑԻԱ
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀ Կառավարությանն առընթեր ոստիկանությունը «Երեւանի կանխարգելիչ ախտահանում» ՓԲԸ-ի հետ դեռեւս նախորդ տարվա դեկտեմբերի 20-ին պայմանագիր է կնքել՝ դիզինֆեկցիոն ծառայություններ իրականացնելու նպատակով: Նկատենք, որ ոստիկանությունը դիզինֆեկցիոն ծառայություններ իրականացնելու համար ծախսել է 998 հազար դրամ: Պայմանագրում նշված է, որ կատարողը պարտավորվում է նշված օբյեկտում կատարել դիզինֆեկցիոն ծառայություն իր բանվորական ուժերով եւ սարքավորումներով: Ի դեպ, 1 ք/մ տարածքի դիզինֆեկցիան արժեցել է 200 դրամ: Այսինքն՝ ընդհանուր դիզինֆեկցիոն աշխատանքներ իրականացվել են 4990 ք/մ տարածքում: Պայմանագրում նշված չէ, թե ՀՀ ոստիկանության հատկապես որ շենքերն են դիզինֆեկցիայի ենթարկվել:

 

ԱՃՈՒՐԴԻ ԵՆ ՀԱՆԵԼ
Վերջին տարիներին մեր գործարարները հաճախ են վարկ վերցնում՝ ստիպված գրավադրելով իրենց ունեցվածքը, այդ թվում նաեւ՝ ձեռնարկությունը: Իսկ հետագայում չկարողանալով մարել վարկը՝ զրկվում են իրենց ունեցվածքից, ձեռնարկությունից: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում ՀՀ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը աճուրդի է հանել 410 քմ տարածք ունեցող երկհարկանի պանրագործարան, որն ունի ավտոտնակ, պահակատուն, խաղասենյակ, լողավազան, լաբորատորիա, սառնարանային տեղամաս, հողամաս եւ այլն: Նշենք, որ պանրագործարանն արժի 80 մլն 584 հազար 200 դրամ: Երեկվա դրությամբ գնային առաջարկ դեռ չէր ներկայացվել:




Լրահոս