«Ժողովուրդ»-ը գրել էր, որ Գյումրիի Մյասնիկյան 188 հասցեում սպանված Ավետիսյանների բակում եւս մեկ տուն կա, որը մեղադրյալ Վալերի Պերմյակովը շրջանցել էր եւ մտել կոնկրետ Ավետիսյանների տուն: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ նշված հասցեի բակում ապրում է սպանված ավագ Սերյոժա Ավետիսյանի հորեղբոր դուստրը՝ Կարինե Ավետիսյանը, որը դեպքից հետո հրաժարվում է իր բնակարանից. «Ես այդ բակ չեմ վերադառնա, վախենում եմ, հոգեկանս կխանգարվի»:
Հիշեցնենք, որ հունվարի 12-ին ռուսական 102-րդ ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը ներխուժել էր Ավետիսյանների 7 հոգանոց ընտանքի եւ սպանել ընտանիքի 6 անդամներին: Երեկ Գյումրին հողին հանձնեց ընտանիքի 7-րդ անդամին՝ 6 ամսական Սերյոժա Ավետիսյանին, որը շուրջ 7 օր պայքարեց իր կյանքի համար, «Սուրբ Աստվածածին» բժշկական կենտրոնում երկու անգամ վիրահատության ենթարկվեց, սակայն բժիշկներին այդպես էլ չհաջողվեց փրկել նրա կյանքը:
Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցել է Մյասնիկյան 188 հասցեի բնակվող, կենդանի մնացած Ավետիսյաններից Կարինեի հետ: Ինչպես տեղեկացրել էինք՝ այդ հասցեում, Ավետիսյանների բնակարանից բացի, կա եւս մեկ տուն, որտեղ ապրում է սպանված ավագ Սերյոժա Ավետիսյանի հորեղբոր դուստրը` Կարինե Ավետիսյանը: Կարինեի հայրը մահացել է երկրաշարժից, իսկ մայրը մահացել է 6 տարի առաջ. «Երեք քույր ունեմ, երեքն էլ ամուսնացած են եւ առանձին իրենց տուն ու տեղն ունեն, իսկ ես չեմ ամուսնացել եւ իմ հայրական տանը՝ Մյասնիկյան 188 հասցեում մենակ կապրիմ: Մեր բակում նաեւ հորեղբորս ընտանքի տունն է` Սերյոժա Ավետիսյանի, ու միշտ այնքան հանգիստ էի, որ մեր բակում մենակ չեմ: Կարելի է այսպես ասել, որ այդ բակում ապրում էինք 8 հոգի` ես՝ մենակ իմ տանն ու հորեղբորս տղան՝ իր ընտանիքի 7 անդամներով: Աշխատանքից գալիս էի տուն, տեսնում էի՝ հորեղբորս՝ Սերյոժայի տան լույսը վառ է, հանգիստ գնում, քնում էի»:
Դեպքի օրը Կարինեն պայթյունի նման ինչ-որ ձայն է լսել ու անկողնուց վեր է թռել՝ մտածելով, թե էլի երկրաշարժ է. «Տան բոլոր լույսերն անմիջապես վառեցի, ասեցի՝ Աստված ջան, երկրաշարջ է, ուշադիր նայեցի ջահին, տեսա չի շարժվում, բայց անհանգստացա: Շալս քցեցի վրաս ու որոշեցի գնամ Սերյոժայենց տուն: Երբ դուռը բացեցի, շատ մութ էր, վախեցա եւ որոշեցի չգնալ, լույսերն անջատեցի, գնացի քնեցի, որ առավոտյան կարողանամ արթնանալ, աշխատանքի գնալ: Այդպես առավոտյան վեր կացա, ամեն ինչ հանգիստ էր ու լուռ մեր բակում, ու գնացի աշխատանքի»:
«Ժողովուրդ»-ի այն հարցին, թե մինչ աշխատանքի գնալը, ինչու չի փորձել մտնել իր հորեղբոր տուն, Կարինեն պատասխանեց. «Իմ աշխատանքի գնալու ժամը շատ շուտ է, ու իրենք սովորաբար այդ ժամին քնած են լինում, դրա համար երբեք առավոտյան աշխատանքի գնալիս չեմ մտել իրենց տուն: Բայց երբ դարպասներից դուրս եկա, մեր հարեւանի տղային հարցրեցի՝ դուք գիշերվա երկրաշարժը զգացի՞ք, ասացին, թե ոչինչ չեն զգացել: Ու ես գնացի գործի: Արդեն ավելի ուշ իմացա կատարվածի մասին: Ախր աղմուկ-բան չեմ լսել, միայն այդ մեկ գմփոցն եմ լսել: Այս ինչ կատարվեց, բակում 8 մարդ կար, մնացել է մեկը»:
Այսպիսով՝ եթե մթությունը չվախեցներ Կարինեին, ապա դատելով նրա պատմածից՝ վերջինս հավանաբար կգնար հորեղբոր տուն եւ, ըստ էության, կլիներ Ավետիսյան ազգի 8-րդ զոհը կամ միգուցե փրկեր հորեղբոր ընտանիքի անդամներից որեւէ մեկին:
Ինչպես տեղեկացրեց Կարինեն, այս զարհուրելի դեպքից հետո չի պատրաստվում ոտք դնել, առավել եւս ապրել իր հայրական տանը: Նա պատրաստվում է դիմել Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանին եւ Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանին, որպեսզի իրեն օգնեն. «Դուրսն եմ մնացել, հոգեկան խանգարում կստանամ: Այդ կողմ չեմ գնա ապրելու, չգիտեմ: Իմ հույսն իմ հորեղբոր ընտանիքն էր, իմ կողքին էին, իսկ հիմա այդ բակում 8 մարդուց մնացել եմ մենակ ես: Հիմա մի օր մի բարեկամի տուն եմ մնում, մյուս օրը՝ քույրերիցս մեկի: Անգամ շորերս բնակարանիցս վերցնելու համար մի քանի հոգու եմ տանում հետս, որ վերցնեմ: Ես իմ տուն, այդ բակ չեմ մտնի, այդ կողմ չեմ թեքվի, ինձ օգնեք, թափառական եմ դարձել, մնացել անտուն»:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԽՄԲԱԿԱՅԻՆ ՄԵՂԱԴՐԱՆՔ
2015թ. հունվարի 12-ին Գյումրի քաղաքում գրանցված սպանդի գործով ռուս զինծառայող Վալերի Պերմյակովին երեկ մեղադրանք է առաջադրվել Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության փաստով: Հայաստանցի քննիչները երեկ ռուսական 102-րդ ռազմաբազայում հարցաքննել են մեղադրյալին:
ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ երկու եւ ավելի անձանց դիտավորյալ սպանության հատկանիշներով հարուցված գործով միակ մեղադրյալն ընդունել է մեղքը: Հայ քննիչները կատարել են քննչական անհետաձգելի գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, երեք տասնյակից ավել վկաների հարցաքննություններ, նշանակվել են ավելի քան մեկ տասնյակ փորձաքննություններ: Ձեռնարկվել են քննչական, դատավարական եւ օպերատիվ-հետախուզական այլ միջոցառումներ:
Ըստ Հայաստանի քննչական կոմիտեի կողմից տարածված հաղորդագրության՝ քրեական գործի քննությունը եւ բոլոր դատավարական գործողությունները կիրականացվեն միջազգային իրավունքի նորմերին համապատասխան, ինչպես նաեւ՝ «Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ ՀՀ տարածքում ռուսական ռազմական բազայի գտնվելու հետ կապված գործերով իրավասության եւ փոխադարձ իրավական օգնության հարցերի մասին» համաձայնագրով: Հիշեցնենք, որ Հայաստանի եւ Ռուսաստանի քննչական կոմիտեների նախագահներ Աղվան Հովսեփյանի եւ Ալեքսանդր Բաստրիկինի ստորագրած համաձայնագրով ստեղծված համակարգող շտաբի կազմում ընդգրկված է 10 անձ՝ երկու երկրների քննչական կոմիտեների ներկայացուցիչներ, քրեագետներ:
Ինչպես հավաստիացրել է ՌԴ քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը, Պերմյակովի նկատմամբ քրեական գործի քննությունը, նախաքննությունը եւ հետագայում դատավարությունը տեղի կունենան բացառապես Հայաստանի Հանրապետության տարածքում: Իսկ ՀՀ քննչական կոմիտեն երեկ պաշտոնապես հայտարարեց, որ սպանության գործով նախաքննությունն ամբողջ ծավալով իրականացնում է ՀՀ քննչական կոմիտեն, դրա շրջանակներում քննչական եւ դատավարական գործողությունները կատարվում են ՀՀ քննչական կոմիտեի քննիչների կողմից՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի դրույթների հիման վրա:
Այսպիսով՝ Պերմյակովի նկատմամբ երկու քննություն է իրականացվում՝ մեկը հայ, մյուսը ռուս քննիչների կողմից: Ռուսները նրան մեղադրում են երկու հոդվածով՝ դասալքության եւ սպանության: Ըստ ամենայնի՝ քննիչների երկու խմբի կատարած աշխատանքները հետագայում կմիավորվեն մեկ մեղադրական եզրակացության մեջ, եւ միասնական փաստաթղթով գործը կմտնի դատարան: Բայց ոչ Հայաստանի: Մեր երկրում գտնվող ռուսական դատարան: Իսկ թե պատժի սահմանումից հետո Պերմյակովը որտե՞ղ կկրի պատիժը, դեռ դժվար է ասել:
ՆՈՐ ԿՈՐՈՒՍՏՆԵՐ
Հունվարի 20-ին լույս 21-ի գիշերը՝ ժամը 03:00-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի՝ Քարվաճառի պաշտպանական ուղղությամբ հակառակորդի ձեռնարկած դիվերսիոն հերթական փորձի կանխման ընթացքում զոհվել է զինծառայող, 1982թ. ծնված Նահապետ Արտակի Ասատրյանը, վիրավորվել է 1973թ. ծնված Հովհաննես Օնիկի Գասպարյանը:
ՊՂՆՁԻ ԳՆԵՐԻՑ
2015թ-ին Հայաստանի տնտեսական աճը կախված է պղնձի գներից, եթե դրանք շարունակեն անկում ապրել, ապա աճը կարող է նաեւ 0% լիներ, իսկ եթե բարձրանա՝ 2-3%: Tert.am-ին նման կանխատեսում է ներկայացրել տնտեսագետ Արտակ Մանուկյանը՝ անդրադառնալով «Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկ»-ի վերջին կանխատեսմանը, համաձայն որի 2015թ-ին ՀՀ-ն կգրանցի 0% տնտեսական աճ:
ԿՄԱՍՆԱԿՑԻ
Հունվարի 21-22 Հայաստանի զինված ուժերի ներկայացուցիչը կմասնակցի Մոսկվայում անցկացվելիք ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի կապի մասնագետների եւ փորձագետների աշխատանքային խմբի խորհրդակցությանը:
ՀԱՆՈՒՆ ԱԶԱՏ ԽՈՍՔԻ
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանին` հունվարի 26-30-ը, ներկայացվելու է Եվրոպայում մամուլի ազատության վերաբերյալ բանաձեւի նախագիծը: ԵԽԽՎ-ի կայքում հրապարակվել է բանաձեւի նախագիծը, որում նշված է, որ Եվրոպայի մի շարք երկրներ լրջորեն ճնշում են խոսքի ազատությունը: Մամուլի սպանված ներկայացուցիչների թվում են նաեւ ադրբեջանցի լրագրողներ Էլմար Հուսեյնովն ու Ռաֆիկ Տագին: Հիշատակվում են նաեւ Աննա Պոլիտկովսկայան, Պավել Խլեբնիկովը, Գեորգի Գոնգաձեն եւ Հրանտ Դինքը: Փաստաթղթի տեքստում խոսվում է Ադրբեջանում ձերբակալված լրագրող Խադիջա Իսմայիլովայի մասին, որն ուսումնասիրել է երկրի ղեկավարության շրջանում կոռուպցիոն փաստերը: Բանաձեւը կոչ է անում Բաքվին անհապաղ ազատ արձակել ձերբակալված լրագրողներին եւ դադարեցնել նրանց հետապնդումը: