Տեւական ժամանակ է` լարվածություն է ստեղծվել ՀՀ Լոռու մարզի Ֆիոլետովո համայնքի բնակիչների եւ «Գրեյթ Ռեդմետ» ընկերության միջեւ: Բանն այն է, որ նշված ընկերությունը Ֆիոլետովո գյուղից մոտ 3.000 մ հեռավորության վրա առաջիկայում պետք է ոսկու հանք շահագործի: Նշենք, որ այս գյուղը հիմնականում մոլոկաններով է բնակեցված, որոնք կտրականապես դեմ են հանքի շահագործմանը: Դա անթույլատրելի են համարում նաեւ բնապահպանները` ահազանգելով, որ ոսկու հանքավայրն իր բացասական ազդեցությունը կթողնի ոչ միայն Ֆիոլետովո, այլեւ Լերմոնտովո եւ Մարգահովիտ գյուղերի վրա:
Բնապահպանների խոսքով՝ «Գրեյդ Ռեդմետ» ՍՊԸ-ն մտադիր է Ֆիոլետովոյի ոսկու հանքավայրը շահագործել բաց եղանակով: Նախագծի համաձայն` Ֆիոլետովոյի ոսկու հանքաերեւակումը գտնվում է Ֆիոլետովո համայնքի վարչական տարածքում` գյուղից դեպի հարավ-արեւելք 500 մ, Աղստեւ գետի աջ ափին գտնվող, ծովի մակարդակից 1.693.1 մ բացարձակ նիշ ունեցող բլրակի մերձակայքում: Հիմնական ջրային արտերիան Աղստեւ գետն է՝ իր բազմաթիվ վտակներով: Բացահանքը զբաղեցնելու է 5.2 հա տարածք: Լցակույտը տեղակայվելու է բացահանքից 1.3 կմ հեռավորության վրա, ընդհանուր մակերեսը` մոտ 4 հա: Տեղեկացնենք, որ Աղստեւ գետի հունին զուգահեռ անցնում է Հրազդան-Դիլիջան երկաթգիծը եւ Վանաձոր-Դիլիջան ավտոմայրուղին, որի հետ հանքաերեւակումը կապված է 700 մ գրունտային ճանապարհով:
Հանքավայրը շահագործվելու է 5 տարի, եւ տարեկան արդյունահանվելու է 37 հազար տոննա հանքաքար: Այն տեղափոխվելու է Արմանիսի կամ Արարատի հարստացուցիչ ֆաբրիկա:
Ըստ նախագծի` հանքավայրի ազդեցության գոտում են գտնվում երեք համայնքներ` Ֆիոլետովո, (հանքավայրից հեռավորությունը` 2.7 կմ), Մարգահովիտ՝ (հանքավայրից հեռավորությունը` 11.1 կմ) եւ Լերմոնտովո՝ (հանքավայրից հեռավորությունը` 7 կմ): Նախագծի վերաբերյալ հանրային լսումները տեղի են ունեցել նախորդ տարվա նոյեմբերի 25-ին եւ դեկտեմբերի 16-ին: Բնապահպան Սիլվա Ադամյանի խոսքով՝ «Գրեյթ Ռեդմետ» ընկերությունը մտադիր է հանքը բաց եղանակով շահագործել, որը լինելու է 100 մետր խորության վրա: Եւ քանի որ այդ տարածքը լեռնային է, երեք գյուղի բնակիչները չեն կարողանալու ոռոգել իրենց պտղատու այգիները, բացի այս՝ հնարավոր է, որ զրկվեն խմելու ջրից:
Սիլվա Ադամյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց նաեւ, որ այս պահին «Գրեյթ Ռեդմետ» ընկերության ոսկու հանքավայրի շահագործման նախագիծը բնապահպանության նախարարության բնապահպանության փորձաքննության փուլում է, եւ դեռ պարզ չէ՝ նախագծի փորձաքննությունը դրական եզրակացություն կստանա՞, թե՞ ոչ:
Իսկ Ֆիոլետովո համայնքի ղեկավար Ալեքսեյ Նովիկովը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նկատեց, որ ոսկու հանքավայրի շահագործումը կարող է նաեւ խնդիրներ առաջացնել անասնապահությամբ զբաղվող գյուղացիների համար, քանի որ հանքը գտնվում է հենց արոտավայրերի վրա: Նշենք, որ Ֆիոլետովոյի բնակիչներն այս խնդրով դիմել են նաեւ Սերժ Սարգսյանին: Սակայն անարդյունք: «Ողջ գյուղը դեմ է ոսկու հանքավայրի շահագործմանը: Այդ հանքավայրի շահագործմամբ գյուղը կկորցնի հողատարածքի մեծ մասը: Իրենք պետք է ներկայացնեն համապատասխան օրինական փաստաթղթեր՝ փորձաքննություն անցած»:
Ոսկու հանքավայրի շահագործումից մտահոգված են ոչ միայն Ֆիոլետովոյի բնակիչներն ու բնապահպանները, այլեւ Մարգահովիտի եւ Լերմոնտովոյի բնակիչները: Լերմոնտովոյի համայնքի ղեկավար Էդիկ Չախալյանը «Ժողովուրդ»-ին վստահեցրեց, որ իրենց համայնքում նույնպես բնակիչները լարված են ու մտահոգ: «Մեր գյուղի բնակիչներն էլ են անհանգստացած, քանի որ ավելի քան 100 մետր խորությամբ փոս են փորելու, ինչի արդյունքում մեր երեք գյուղերն էլ կարող են զրկվել ջրից: Այնուամենայնիվ, ինչ-որ բացասական ազդեցություն կունենա: Բայց այս պահին անորոշ է. մենք հստակ չգիտենք՝ կշահագործվի՞ ոսկու հանքավայրը, թե՞ ոչ»,-ներկայացրեց գյուղապետ Չախալյանը: Նա նաեւ հավաստիացրեց, որ հարկ եղած դեպքում Լերմոնտովոյի բնակիչները նույնպես կմիանան Ֆիոլետովոյի բնակիչներին: Նման հավաստիացում կա նաեւ մարգահովիտցիներից:
Տեսակետ կա, որ հանքավայրի շահագործումն իր բացասական ազդեցությունը կթողնի նաեւ Դիլիջանում գործող միջազգային դպրոցի վրա: Ի դեպ, հանքավայրի շահագործման հետ կրկին կապվում է ՀՀ բնապահպանության նախկին նախարար, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի անունը: Այս առիթով «Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ Վարդան Այվազյանի հետ, ով կարճ պատասխանեց. «Այդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: Ճիշտ են անում բնակիչները, որ բողոքում են»:
Իսկ «Գրեյթ Ռեդմետ» ընկերության հետ «Ժողովուրդ»-ին չհաջողվեց կապ հաստատել: Միայն պարզեցինք, որ ընկերությունը ՀՀ պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջում գրանցված է, իսկ հիմնադիրները երեքն են՝ Վարդան Մարգարյանը, Հասմիկ Հարությունյանը եւ Մայրեն Բատոյանը:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ԱՐԳԵԼՎԵԼ Է
Երեկ ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հաղորդագրություն տարածեց այն մասին, որ չինական մի շարք ապրանքատեսակների ներմուծումն արգելվել է: Ըստ ԳՆ ՍԱՊԾ-ի՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության տարածքում արձանագրված թռչնի գրիպ հիվանդության պատճառով է կանխվել որոշ ապրանքատեսակների մուտքը մեր հանրապետության տարածք: Այսպիսով՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից ՀՀ-ի տարածք ժամանակավորապես արգելվել է կենդանի թռչնի (բոլոր տեսակի), բոլոր տեսակի թռչնամթերքի, ապրանքային եւ ինկուբացիոն ձվի, մսոսկրային ալյուրի, կերի, լրացակերի (բացառությամբ՝ սինթեթիկ եւ քիմիական նյութեր պարունակող լրացակերի), պոլիմերային եւ ստվարաթղթե պալարային տուփերի եւ միջադիրների ներմուծումը մինչեւ կարանտինի չեղյալ հայտարարելը:
Ի դեպ, տեղեկացնենք, որ ՍԱՊԾ պետի հրամանի գործողությունը չի տարածվում մինչեւ 2015 թվականի հունվարի 1-ը Չինաստանից արտահանված՝ դուրս բերված, վերը նշված տեսակի ապրանքների վրա:
ԵՎՐՈՊԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀՀ-ԻՆ
Եվրոպական միությունը (ԵՄ) եւ Ավստրիայի զարգացման գործակալությունը համատեղ մեկնարկում են Հայաստանում Եվրոպական հարեւանության գյուղատնտեսության եւ գյուղական համայնքների զարգացման ծրագիրը (ENPARD): 3 տարի տեւողությամբ այս ծրագրի ընթացքում 20 մլն եվրո բյուջետային աջակցություն կտրամադրվի ՀՀ Կառավարությանը «գյուղատնտեսության եւ գյուղական համայնքների կայուն եւ համապարփակ զարգացման համար»: Բացի այս՝ 5 մլն եվրո օժանդակություն կցուցաբերվի նաեւ ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը՝ «Հայաստանում ֆերմերների խմբերի եւ գյուղմթերքների արժեքային շղթաների բարելավման համար»: Տեղեկացնենք, որ Ավստրիայի կառավարությունը «Ավստրիայի զարգացման համագործակցության» միջոցով իր հերթին լրացուցիչ 1 մլն եվրո կտրամադրի Շիրակի, Լոռու եւ Տավուշի մարզերում «ֆերմերների խմբերի եւ գյուղմթերքների արժեքային շղթաների տեխնիկական աջակցության համար»:
Ծրագրի շրջանակներում ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպությունը (UNIDO), ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը (UNDP) եւ ՄԱԿ-ի պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունը (FAO) տեխնիկական աջակցություն կտրամադրեն ՀՀ Կառավարությանը՝ համագործակցելով ԳՆ-ի, տեղական ինքնակառավարման մարմինների եւ այլ շահագրգիռ կողմերի հետ:
Ծրագրի շահառուներն են գյուղական համայնքները, ֆերմերային տնտեսությունները, գյուղմթերք արտադրող խմբի անդամները, գյուղատնտեսական արժեշղթաներում ներգրավված բնակչությունը եւ նրանց ընտանիքները: Այս ծրագրի հանդիսավոր բացումը տեղի կունենա վաղը: