Ռոբերտ Քոչարյանը, ում ձայնը վաղուց չէր լսվում, երեկ իր ոչ պաշտոնական 2rd.am կայքի միջոցով հարցազրույցի տեքստ է տարածել: Հարցազրույցն ընթերցելիս այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Ռոբերտ Քոչարյանը ոչ միայն իր ով լինելը եւ Հայաստանի տնտեսությանը պատճառած ավերածություններն է մոռացել, այլ նաեւ փորձում է իրեն դնել իր երազած գործչի տեղը: Սակայն Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի ամենակարեւոր ուղերձը հասցեագրված է Սերժ Սարգսյանին:
Բայց ամեն ինչ՝ հերթով: Այսպես՝ անցած տարվա դեկտեմբերին, երբ դրամը կտրուկ արժեզրկվեց, Ռոբերտ Քոչարյանն այսպիսի գնահատական է տվել. «Բնական է. արտաքին գործոնները նշանակություն ունեն, բայց անցած տարվա դեկտեմբերին դրանք ոչ թե մեր տնտեսության հիվանդանալու պատճառ դարձան, այլ ի ցույց դրեցին արդեն առկա հիվանդությունները»: Կարելի է կարծել, թե Հայաստանի տնտեսությունում վերջին տարիներին ինչ-որ փոփոխություն է տեղի ունեցել, կամ էլ Ռոբերտ Քոչարյանը կապ չունի այդ ամենի հետ: Հայաստանում գործում է տնտեսության այն նույն համակարգը, որը եղել է Ռոբերտ Քոչարյանի իշխելու տարիներին: Ավելին՝ ոչ միայն տնտեսությունը չի փոխվել, այլեւ դրանում ներգրավված անձինք: Այս ընթացքում փոխվել է միայն մեկ բան` Սերժ Սարգսյանն է ստորագրում Հայաստանի տնտեսության քայքայումը շարունակող գործընթացների տակ եւ ոչ թե Ռոբերտ Քոչարյանը: «Սակայն մեզանում գերիշխող տրամադրությունների եւ բացասական սպասումների պարագայում փոխարժեքի տատանումների վրա նույնիսկ աննշան սպեկուլյացիաները կարող են մարդկանց խուճապային վարքի պատճառ դառնալ եւ որոշիչ դերակատարություն ունենալ, նույնիսկ թվացյալ ֆինանսական կայունության պարագայում»,- ասում է Ռոբերտ Քոչարյանը: Բայց ողջ խնդիրն այն է, որ Քոչարյանի եւ հայ հասարակության լավատեսությունը մեկը մյուսին հակասում են:
«Էժան բենզինը եւ դիզվառելիքը լավ խթան են տնտեսության աճի համար, ու կարող են կոմպենսացնել Ռուսաստանից եկող մասնավոր տրանսֆերտների նվազման կորուստները՝ հաշվի առնելով էժան էներգակիրների մեծ մուլտիպլիկատիվ էֆեկտը տնտեսության վրա: Եթե, իհարկե, էներգակիրների շուկայում առողջ մրցակցություն կա (բենզինի գինը Հայաստանում բացառապես սուբյեկտիվ գործոն է, որ արտացոլում է շուկայի մենաշնորհացման աստիճանը)»,- ասել է Ռոբերտ Քոչարյանը: Կարելի է կարծել, որ Հայաստանի էներգակիրների շուկայում այս տարիներին ինչ-որ փոփոխություն է տեղի ունեցել, որը չի եղել Ռոբերտ Քոչարյանի իշխելու տարիներին: Բայց իրականում այդ շուկայում մեկ միլիմետրի փոփոխություն չի եղել, նույն տնտեսվարողներն են, որոնք գործում են նույն այն սկզբունքներով եւ քվոտաներով, որոնք սահմանվել են հենց Քոչարյանի իշխելու շրջանում: Փոխվել է մեկ բան` «ատկատի» հասցեատերը. այլ անձի գրպան է մտնում:
«Ցավոք, որեւէ հուսադրող բան ասել չեմ կարող: Եթե տնտեսական քաղաքականութունն անփոփոխ մնա, ապա բոլորովին անհասկանալի է, թե ինչի հաշվին պետք է բարելավվի իրավիճակը, կամ ինչը կարող է դառնալ տնտեսության աճի եւ դրա արդյունավետության բարձրացման շարժիչը: Տնտեսության մենաշնորհացումն ահագնանում է, ներդրումների ծավալները կայուն կերպով նվազում են, ներդրումային ակտիվությունը դեգրադացվում է»,- ասել է Ռոբերտ Քոչարյանը՝ Հայաստանի տնտեսութան վերաբերյալ իր գնահատականը ներկայացնելու հարցին ի պատասխան: Այսինքն՝ Հայաստանում առկա քրեաօլիգարխիկ համակարգի նախագծող եւ իրագործող անձը, որն անձամբ է կառուցել Հայաստանի ներկայիս գեր կենտրոնացված տնտեսությունը, խոսում է մենաշնորհների ահագնացման մասին: Սա առնվազն ծիծաղելի է: Իհարկե, եթե նրա իշխանության տարիներին տնտեսության 80 տոկոսն էր մենաշնորհված, այժմ 85-ի է հասել: Չլինի թե այդ 5 տոկոսն է մեղավոր:
Սակայն ամենաուշագրավը Ռոբերտ Քոչարյանի հետեւյալ միտքն է. «Քաղաքական մենաշնորհի պահպանման պարագայում ներքաղաքական իրավիճակը չի առողջանա»: Հոպլա, հասանք: Այսինքն՝ տնտեսական մենաշնորհները շատ վատ բան են, բայց միեւնույն է՝ հիմնական «մեղավորը» այդ երեւույթը չէ, այլ «քաղաքական մենաշնորհը»: Այսինքն՝ Ռոբերտ Քոչարյանն ուղղակի առաջարկում է, ինչպես ինքն է ձեւակերպել, վերացնել «քաղաքական մենաշնորհը», ասել է թե՝ կիսել իշխանությունը: Ի դեպ, ոչ իշխանականների լեքսիկոնում եւս նույն միտքն է՝ վերացնել «քաղաքական մենաշնորհը»:
Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի ուշագրավ կողմերից մեկն էլ այն է, որ այս անգամ, ի տարբերություն ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի պաշտոնավարման շրջանում հնչեցրած գնահատականների, նա բավական զուսպ է արտահայտվել՝ «մոռանալով» վարչապետին քննադատել:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
ՈՒՐ ԷՐ, ՉԿԱՐ
Գյումրիից լրատվական հոսքերը չեն դադարում: Ըստ մեր աղբյուրների` ՀՀ երկրորդ քաղաքում լուրջ տարակուսանք է առաջացրել այն փաստը, որ նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը չմասնակցեց փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի ո՛չ հոգեհանգստի, ո՛չ էլ հուղարկավորության արարողությանը. այն դեպքում, երբ ցանկություն էր հայտնել անգամ որդեգրել այդ երեխային: Ըստ երեւույթին` շոու սարքելու տեղ այլեւս չկար, կամ էլ Վարդանիկն իրոք վախեցած է:
ԱԳՆ-Ն ՄՈՌԱՑԵԼ Է
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը մինչեւ այսօր դեռեւս չի ամփոփել 2014 թվականի իր կատարած աշխատանքները: Պարզվում է՝ նշված գերատեսչությունը չի էլ շտապում հանրությանը ներկայացնել, թե ինչ է ընդհանրապես ինքն անում ու ի՞նչ գործունեությամբ է զբաղվել մի ամբողջ տարի՝ ծախսելով հսկայական գումարներ ՀՀ պետբյուջեից: Դեռ ավելին՝ արտաքին գործերի նախարարությունը չի էլ պատրաստվում գոնե հունվարին այն ներկայացնել: Ըստ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի մամլո խոսնակ Տիգրան Բալայանի՝ 2015 թվականի մարտին միայն ԱԳ նախարարությունը պետք է ամփոփեր աշխատանքը:
Բայց երեկ, երբ մի խումբ լրագրողներ հավաքվել էին ԱԳՆ-ի դիմաց, պահանջելով տեղեկություն տալ, թե ինչ է անում ԱԳՆ-ն սահմանային լարված իրավիճակի մասով, ԱԳՆ խոսնակը հրաժարվեց տեղեկություն տալ՝ ասելով, որ ե՛ւ ինքը, ե՛ւ փոխնախարար Շավարշ Քոչարյանը պատրաստ են խոսել լրագրողների հետ, բայց ոչինչ չհրապարակելու պայմանով:
Սակայն արդեն օրվա վերջում, լրատվական «ճնշումներից» հետո, կարծես թե ԱԳՆ-ն որոշել է տեղից «շարժվել» ու երկուշաբթի օրը հանդես գալ մամլո ասուլիսով: Անձամբ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն է լրագրողների հարցերին պատասխանելու:
Գուցե ԱԳ նախարարությունն ամոթից ի վերջո ամփոփի նաեւ անցած 2014 թվականը:
ՑԱՎԱԿՑԵԼ ԵՆ
Ռուս պատգամավորները ծաղիկներ են դրել Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան մոտ ու գրություն թողել սգո գրքում Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության կապակցությամբ:
«Հայաստանի դեսպանատուն են այցելել Դաշնային խորհրդի ու Հայաստանի խորհրդարանի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի անդամները: Նրանց թվում է Դաշնային խորհրդի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչեւը, միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ Նիկոլայ Ռիժկովը»,- «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Դաշնային խորհրդի անդամ Իգոր Չերնիշենկոն, ով եղել է Ռուսաստանում Հայաստանի դեսպանատանը: Վերջինս նաեւ հայտնել է, որ սենատորները գրություն են թողել սգո գրքում, որում ե՛ւ ողջ միջխորհրդարանական հանձնաժողովի, ե՛ւԴաշնային խորհրդի անունից ցավակցություն են հայտնել ողջ հայ ժողովրդին Ավետիսյանների ընտանիքին բաժին ընկած «սարսափելի ողբերգության» կապակցությամբ:
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ
ՉԵՆ ՀՐԱՊԱՐԱԿԻ
Ադրբեջանական գերության մեջ մահացած Կարեն Պետրոսյանի դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը ստացվել է: «Փաստինֆո»-ի`ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն, սակայն, քանի դեռ նախաքննություն է ընթանում, փորձաքննության եզրակացությունը չի կարող հրապարակվել: Հիշեցնենք, որ նախորդ տարվա օգոստոսի 7-ին գերի ընկած 32-ամյա Կարեն Պետրոսյանը մեկ օր անց մահացել էր:
ԴԱՏԱԽԱԶԻ ՀԱՅՐԸ
Դատական դեպարտամենտը Շենգավիթ վարչական շրջանի դատարանի նախագահ Սուրիկ Կոստանյանի լիազորությունների դադարեցման վերաբերյալ պարզաբանում է ներկայացրել. «2015 թվականի հունվարի 12-ին, արդարադատության խորհուրդը քննարկել է Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ Սուրիկ Կոստանյանի` իր լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ դիմումը, ըստ որի` Սուրիկ Կոստանյանը դատավորի պաշտոնավարմանը խոչընդոտող հիվանդություն է ձեռք բերել: Արդարադատության խորհուրդը դիմել է ՀՀ նախագահին` Կոստանյանի լիազորությունները դադարեցնելու միջնորդությամբ: Սուրիկ Կոստանյանի լիազորությունները դադարեցվել են ՀՀ նախագահի 16.01.2015թ. հրամանագրով»: Հիշեցնենք, որ Սուրիկ Կոստանյանը ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի հայրն է:
ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանը հունվարի 22-ին հանդիպել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, Կալիֆորնիայի կոնգրեսական Ադամ Շիֆի հետ: Կողմերը քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակը, մասնավորապես, ղարաբաղա-ադրբեջանական եւ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով լարվածության աճը: Տ. Սարգսյանն ընդգծել է, որ խաղաղության հաստատման հարցում առանցքային նշանակություն ունի ԱՄՆ եւ, ընդհանուր առմամբ, միջազգային հանրության ակտիվ դերակատարությունը եւ դիրքորոշումը:
ՄԻ ԼԱՎ ԳՈՐԾ
«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հունվարի 22-23-ը Բրյուսելում տեղի ունեցած Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) Քաղաքական համաժողովում ներկայացրել է իր մշակած «Հայոց ցեղասպանությունը, թուրքական պատասխանատվությունը եւ եվրոպական արժեքները» պաշտոնական բանաձեւի նախագիծը, որի քննարկումը հետաձգվել է մինչեւ մարտ ամիսը՝ ԵԺԿ հաջորդ համաժողովը: Բանաձեւի նախագծում ԵԺԿ-ն, ի թիվս այլ հարցերի, վերահաստատում է հայ ժողովրդի Ցեղասպանության եւ Մեծ հայրենազրկման ճանաչումն ու դատապարտումը 2015թ. ապրիլի 24-ի՝ հարյուրամյա տարելիցի նախօրեին: