ՄԻՀՐԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԻ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԹԱՐՄԱՑՄԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության ղեկավար Միհրան Պողոսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփեց 2014 թվականը: Բացի ծառայության կատարած աշխատանքը ներկայացնելուց՝ ԴԱՀԿ ծառայության ղեկավարն անդրադարձավ իր ունեցվածքին, ինչպես նաեւ՝ արդարադատության նախկին եւ գործող նախարարների հետ ունեցած հարաբերություններին:

Ասուլիսի ընթացքում անդրադարձ եղավ նաեւ հարկադիր կատարողի պաշտոնում նշանակված աշխատակիցների երդման արարողությանը Ծիծեռնակաբերդում, որը բազմաթիվ բացասական արձագանքների էր արժանացել: Միհրան Պողոսյանը ընդգծեց, թե դա իր որոշումն է եղել, եւ նպատակ է ունեցել վերջիններիս մեջ հայրենասիրություն սերմանել: «Դա իմ որոշումն է եղել, ես դրա համար չեմ փոշմանել: Տարիքով ավելի մեծերը կհիշեն, որ մենք պիոներ էինք ընդունվում Լենինի արձանի տակ եւ դրանից հպարտություն էինք ապրում: Պետք չէր դրանից մեծ աղմուկ բարձրացնել»,-նշեց Պողոսյանը: ԴԱՀԿ ծառայության ղեկավարը նաեւ հայտարարեց, թե չի բացառվում, որ հաջորդ անգամ եւս որոշեն երդման արարողությունը Ծիծեռնակաբերդում անցկացնել: Մնում է ճշտել՝ մեր անմեղ զոհերը եթե կենդանի լինեին, ի՞նչ կասեին մարդկանց իրենց տներից վտարող ԴԱՀԿ աշխատակիցներին երդման պահին:
Ինչեւէ, ինչպես հայտնի է՝ Միհրան Պողոսյանը մեծ կարողության տեր է: Սակայն բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին իր ունեցվածքի մասին հայտարարագիրն այդպես էլ չի ներկայացնում: «Ժողովուրդ»-ի այն հարցին, թե որն է պատճառը, ԴԱՀԿ ղեկավարն ահա թե ինչ ասաց. «Միայն 2014թ. նախատեսվեց, որ գլխավոր հարկադիր կատարողը հանդիսանում է այն առարկան, ով պետք է հայտարարագիր ներկայացնի: Մինչ այդ իմ անունն այդ ցանկի մեջ չկար, եւ դա էր պատճառը, որ հայտարարագիր չէր ներկայացվում: Ես հավաստիացնում եմ, որ սահմանված կարգով հայտարարագիր կներկայացվի, եւ բոլորդ կիմանաք այդ մասին», – վստահեցրեց նա՝ հրաժարվելով ասել, թե ինչքան գումար ունի:
Մ. Պողոսյանը խոսեց նաեւ արդարադատության նախկին նախարարներ Հրայր Թովմասյանի, Գեւորգ Դանիելյանի եւ ներկայիս նախարար Հովհաննես Մանուկյանի հետ ունեցած իր հարաբերությունների մասին: Նախ վստահեցրեց, որ բոլոր նախարարների հետ աշխատելիս ինքն առաջնորդվում է օրենքներով. «Մենք պետական պաշտոնյաներ ենք, եւ ամեն մեկս անում ենք մեր գործը մեր իրավասությունների ներքո: Ինչ վերաբերում է պարոն Դանիելյանին եւ պարոն Թովմասյանին, եթե թվում է, թե վատ հարաբերություններ եմ ունեցել, բոլորին սխալ է հայտնի: Ես նորմալ հարաբերություններ եմ ունեցել: Այսօրվա նախարարի հետ շարունակում ենք նույն կերպ աշխատել, եւ ոչ մի խնդիր չկա»:
Հիշեցնենք, որ նախկին նախարար Գեւորգ Դանիելյանը պաշտոնանկ էր արվել այն պատճառով, որ չէր պատժել Միհրան Պողոսյանին, երբ վերջինս հարվածել էր ԴԱՀԿ ծառայության գնդապետ Ռուբեն Միրաքյանին՝ ՀՀ Կառավարության ներկայիս աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի քեռուն: Այդ դեպքից հետո՝ 2010-ի դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած Կառավարության նիստի ժամանակ արդեն նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել էր, թե. «Հարկադիր կատարման ծառայության ղեկավարը թույլ է տվել էթիկայի կանոնների լուրջ խախտում: Արդարադատության նախարարին հանձնարարվել էր հրապարակային պատժել հարկադիր կատարման ծառայության ղեկավարին իր այդ պահվածքի համար: Ցավոք սրտի, արդարադատության նախարարն այս հանձնարարականը չի կատարել»: Այսպիսով՝ ապտակել էր Միհրան Պողոսյանը, բայց պատժվեց արդարադատության նախարարը՝ դառնալով քավության նոխազ: Բանն այն է, որ Պողոսյանի մորեղբայրը` ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գրիշա Հարությունյանը, Սերժ Սարգսյանի դպրոցական ընկերն է:
Երեկ անդրադառնալով արդեն իր բիզնեսների մասին լուրերին՝ Մ. Պողոսյանը հայտարարեց, թե պետական պաշտոնյա դառնալուց հետո դադարել է զբաղվել բիզնեսով: «Ես՝ որպես պետական պաշտոնյա, ոչ մի բիզնես չունեմ: Ես ունեմ որոշակի գույքեր, որոնք վարձակալած են: Իմ կինը բիզնես չունի, իմ երեխաները 14-15 տարեկան են, նրանք բիզնես ունենալ չեն կարող: Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ բիզնեսներ չունեմ», – հավաստիացրեց նա:
Իսկ ինչ վերաբերում է «Ֆրեշ» սուպերմարկետին, ապա, ըստ Պողոսյանի, գույքն է իրենը, որը տրված է ուրիշ կազմակերպության, իսկ «Կեչառիս» հյուրանոցի հետ կապ ունի նրա բարեկամը: «Ես չեմ ասի, թե դա որ բարեկամն է, թե չէ իմ բոլոր բարեկամները կբացվեն»,-խոստովանեց նա:
Նշենք, որ դե ֆակտո Մ. Պողոսյանի բարեկամներին են պատկանում ՀՀ քաղաքացիների գրպանին մեծ հարված հասցնող Երեւանի կարմիր գծերի վճարովի ավտոկանգառները՝ «Պարկինգ Սիթի»-ն, ինչպես նաեւ՝ արագաչափերի ու տեսախցիկների տեղադրմամբ զբաղվող «Սեքյուրիթի դրիմ»-ը: Չնայած այդ ամենը մշտապես կապվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի անվան հետ, սակայն դրանք իրականում պատկանում են Մ. Պողոսյանի քեռիներին՝ Միքայել եւ Գրիգոր Հարությունյաններին: Վերջիններս նաեւ զբաղվում են էլիտար շենքերի շինարարությամբ, ռեստորանային բիզնեսով, մետաղական կոնստրուկցիաների արտադրությամբ եւ բազմաթիվ այլ բիզնեսներով:
Երբ Հովիկ Աբրահամյանը նշանակվեց ՀՀ վարչապետ, նա հայտարարել էր, թե Կառավարությունում տեղ չեն ունենալու այնպիսի պաշտոնյաներ, ովքեր ունեն բիզնեսներ, որպեսզի պետական միջոցները չծառայեցնեն սեփական բիզնեսի զարգացմանը: Նրա նշանակումից ամիսներ են անցել, սակայն Միհրան Պողոսյանը նախկինի պես պաշտոնավարում է եւ դրա հետ մեկտեղ նաեւ բիզնեսը «վարձով է տալիս»: Ըստ երեւույթին Մ. Պողասյանի հիշողությունը թարմացման կարիք ունի, իսկ վարչապետը՝ խոսքին տեր կանգնելու անհրաժեշտություն:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 
ՎԱՅՔԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՀԱՄԱՐ ՀԵՇՏ ԷՐ ՄԻԱՅՆԱԿ ՊԱՅՔԱՐԵԼ

ՀՀ Վայոց Ձորի Վայք քաղաքում նախորդ կիրակի տեղի ունեցան քաղաքապետի ընտրություններ: Առաջադրված թեկնածուն մեկն էր՝ ՀՀԿ-ական Արագած Սաղաթելյանը, ով «Վայք» ՋՕԸ գործադիր տնօրենն է: Վայքի բնակիչների պատմելով՝ Սաղաթելյանի վաղեմի երազանքն էր քաղաքապետ դառնալը:

Այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց նորընտիր քաղաքապետ Արագած Սաղաթելյանի հետ:
-Պարո՛ն Սաղաթելյան, ե՞րբ եք պատրաստվում քաղաքապետարան մտնել:
-Երբ ժամանակը գա, կմտնեմ քաղաքապետարան: Կարգ կա: Երբ օրենքը թույլ կտա, այդ ժամանակ:
-Ի՞նչ քայլերով եք նշանավորելու Ձեր մուտքը քաղաքապետարան:
-Շատ պարզ, սովորական:
-Իսկ փուչիկնե՞ր, տոնական զարդարանքնե՞ր չեն լինելու:
-Ոչ, արտասովոր բան չի լինելու:
-Վերջապես հասաք Ձեր երազած պաշտոնին, ի՞նչ եք հիմա զգում:
-Ես չեմ երազել այդ պաշտոնին հասնելու համար, բայց ցանկացել եմ: Շատ լավ եմ զգում ինձ: Ուրախ եմ, որ ես իմ քաղաքի համար ցանկություն ունեմ, մտածում եմ ու կարեւորում եմ, որ ես շատ-շատ անեմ այն, ինչը ես կարողանում եմ: Գիտեմ, որ շատ լավ բաներ կկարողանամ անել:
-Շա՞տ են շնորհավորողներ եղել: Եղե՞լ են զանգեր, որոնք երկար ժամանակ չէին հնչել, բայց քաղաքապետ ընտրվելու կապակցությամբ հնչեցին:
-Չէ՛, նման զանգեր չեն եղել: Շնորհավորողներ շատ են եղել, բայց ես առաջին անգամ եմ քաղաքապետ ընտրվում, դրա համար չեմ կարող համեմատել:
-Բայց Վայքի ոչ բոլոր բնակիչները մասնակցեցին Ձեր ընտրությանը: Կարծես թե Ձեզ այդքան էլ չեն սիրում:
-Ի՞նչ ասեմ: Չկան մարդիկ, որ ես իրենց չեմ սիրում կամ չեմ ընդունում:
-Հինգ դեմ ձայն է եղել, պարզե՞լ եք, թե ովքեր են:
-Թվերը չեմ հիշում: Չեմ կարող պարզել: Ինչպե՞ս կարող եմ պարզել:
-Թշնամինե՞ր շատ ունեք:
-Երեւի թե չունեմ: Համենայնդեպս, ինձ թշնամի որեւէ մեկին չեմ ճանաչում:
-Իսկ ջրմուղում աշխատելու տարիներին որեւէ մեկի ջուրը չե՞ք կտրել:
-Իմ ջուրը կտրովի չէ (ծիծաղում է-Ս.Հ.): Ոռոգման ջուրն է, բայց ես որեւէ անգամ որեւէ մեկի ջուրը չեմ կտրել եւ որեւէ մեկին դատի չեմ տվել եւ ոչ էլ ցանկանում եմ:
-Դուք սիրում եք ճոխ կյանքը, պատրաստվո՞ւմ եք քաղաքապետի աշխատասենյակը վերանորոգել:
-Գնամ, կորոշեմ: Դեռ չգիտեմ, կորոշենք ապագայում:
-Շատ դժվա՞ր էր մենակ պայքարել:
-Եթե համեմատենք, որ մրցակիցներ լինեին, իհարկե, հեշտ էր: Համենայնդեպս, այսպես՝ առանց մրցակցի, շատ ավելի հեշտ էր պայքարելը, քան մրցակիցներով:

Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ

 

 

 
ՀՐԱԺԱՐԱԿԱՆ Է ՏՎԵԼ
Երեկ անսպասելի կերպով հրաժարական է տվել Վրաստանի ներքին գործերի նախարար Ալեքսանդր Չիկաիձեն: Ինչպես ասված է նախարարի հայտարարության մեջ, նա ընդունել է սույն որոշումը, քանի որ իրեն մեղադրել են Զուրաբ Վազագաշվիլիի մահվան համար մեղավոր չինովնիկներին հովանավորելու մեջ: «Բոլոր հայտարարություններն այն մասին են, որ ես հովանավորել եմ այն ոստիկաններին, ովքեր մեղադրվում են 2006-ի մայիսի 2-ին Զուրաբ Վազագաշվիլիի սպանության մեջ եւ որոնք, իբրեւ թե, արդյունքում խանգարել են հետաքննությանը, չեն համապատասխանում իրականությանը, սակայն ես որոշակի պատասխանատվություն եմ զգում Զուրաբի հոր՝ Յուրի Վազագաշվիլիի մահվան մեջ, ում պայթեցրել են որդու գերեզմանին, եւ հրաժարական եմ տալիս»,- գրել է Չիկաիձեն:

 

ՆՎԱԶԵԼ Է
Երեկ ԱՄՆ դոլարի փոխարժեքը կազմել է 471.02 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 2.02 դրամով: Ըստ Կենտրոնական բանկի մամուլի ծառայության՝ եվրոյի փոխարժեքը կազմել է 529.14 դրամ (նվազել է 20.58 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 705.45 դրամ (նվազել է 11.54 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.36 դրամ (աճել է 0.11 դրամով): Թանկարժեք մետաղների գները սահմանվել են՝ արծաթը՝ 273.8 դրամ, ոսկին՝ 19,622.38 դրամ, պլատինը՝ 19,368.72 դրամ: Հունվարի 23-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 100,00 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք՝ 473.5 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 473.5 դրամ:
 

ԵՐԹ ԿԱՆԵՆ
ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միությունը սահմանում լարված իրավիճակի հետ կապված երեկ կոչ-հայտարարություն է տարածել, որում ասված է. «ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միությունը դիմում է բոլորիդ՝ անկախ քաղաքական եւ կուսակցական պատկանելիությունից, հայացքների եւ գաղափարների տարբերությունից: Սահմանին կրկին լարված է: Տարվա սկզբից ունենք մեկ տասնյակից ավել զոհված եղբայրներ, ովքեր ընկան Հայրենիքի պաշտպանության ճանապարհին: ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միությունը հունվարի 26-ին՝ ժամը 11:00-ին, Հանրապետության Հրապարակից՝ Կառավարության շենքի մոտից, նախաձեռնում է երթ դեպի ՀՀ ԱԳՆ, այնուհետեւ՝ ՄԱԿ-ի Հայաստանի գրասենյակ՝ բողոքի ձայնը բարձրացնելու տեղի ունեցող հանցագործությունների հետ կապված: Կոչ ենք անում այդ օրը միասնական քայլերթով մասնակցել երթին՝ մեր բողոքի ձայնը բարձրացնելու եւ սատար կանգնելու սահմանին կանգնած հայ զինվորին»:




Լրահոս