ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարը՝ Երեւանի քաղաքապետարանի

Վերջապես Երեւանի քաղաքապետարանի կողմից տարեվերջին պատվիրված հատուկ վերելակները ներկրվեցին Երեւան, եւ այժմ պատասխանատուների հավաստմամբ՝ գործընթացը կավարտվի առաջիկա մի քանի օրվա ընթացքում: Սա այն ծրագրերից մեկն էր, որ վաղուց պետք է իրականացվեր: Թերեւս հատուկ կարիքներ ունեցող անձանց համար հասարակության մեջ ինտեգրվելը եւ հասարակական կյանքին մասնակցելն ամենակարեւոր նպատակն է: Մեր հասարակությունը՝ ի դեմս ՀՀ Կառավարության, պետք է ստեղծի հավասար պայմաններ թե՛ սոցիալական, թե՛ քաղաքական եւ թե՛ այլ բնագավառներում՝ հատուկ կարիքներ ունեցող անձանց եւ հասարակության միջեւ մրցակցության հավասար պայմանների ստեղծման համար:

 

 
ՀԱՐՑ. Եղբայրս հերթական անգամ ցանկանում էր մեկնել ՌԴ՝ արտագնա աշխատանքի, սակայն ինչ-ինչ պատճառներով նրան եւ նրա նման բազմաթիվ քաղաքացիների արգելել են մեկնել ՌԴ: Շատ մարդկանց 3,5-10 տարով արգելել են մեկնել: Կցանկանայի տեղեկանալ՝ եղբայրս ինչպե՞ս եւ որտեղի՞ց կարող է տեղեկանալ՝ ի՞նչ պատճառով են նրան արգելել:

Հայկ Ներսիկյան (26 տարեկան, վարորդ)

ՊԱՏԱՍԽԱՆ. ՌԴ մուտքի արգելքը դրվում է ՌԴ պատկան մարմինների կողմից, եւ մեր ծառայությունը չի տեղեկացվում ընդունված որոշումների մասին: Պատճառները պարզելու համար խորհուրդ ենք տալիս դիմել ՌԴ դաշնային միգրացիոն ծառայություն: Դիմումը կարող եք գրել՝ այցելելով ԴՄԾ-ի կայք` http://www.fms.gov.ru/ կամ ուղարկել էլ. փոստի միջոցով:

ՀՀ միգրացիոն պետական ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Թվում էր, թե ՌԴ հեշտացրել է հայ ներգաղթյալների համար սահմանված պայմանները թե՛ արտոնագրերի եւ թե՛ աշխատանքային հավասար պայմանների առումով: Սակայն ստացվում է, որ դա միայն ձեւական բնույթ է կրում, եւ շատ մարդիկ հայտնվել են անելանելի վիճակում: Այս դեպքում ՀՀ քաղաքացիների համար միակ ելքը թերեւս մնում է աշխատանքային պայմանագրի կնքումը, որը որոշ արտոնություններ եւ հնարավորություններ կընձեռի ՌԴ-ում ապրող հայ ներգաղթյալների համար:

 

 
ՀԱՐՑ. Նախապես բանկի հետ ձեռք բերված համաձայնությունն անսպասելիորեն փոխվեց: Նախապես պայմանավորվածություն ունեի դրամով վարկ ստանալու, բայց բանկի աշխատակիցը զանգահարեց՝ առաջարկելով պայմանները փոխել, նույն չափի գումար ինձ տրամադրել դոլարով: Կցանկանայի տեղեկանալ՝ նման իրավունք ունի՞ բանկը:

Մհեր Սաղաթելյան (32 տարեկան, պատմաբան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Այս պարագայում էական նշանակություն ունի այն, թե ինչպես է պայմանավորվածություն ձեռք բերվել բանկի հետ:
Բանկի աշխատակցի հետ վարկ ստանալու վերաբերյալ ձեռք բերված բանավոր համաձայնությունը չունի իրավական հիմք եւ կազմակերպության համար չի ստեղծում պարտավորվածություն, ուստի հետագայում դրանից հրաժարվելը չի կարող դիտարկվել որպես խախտում:
Իսկ եթե դրամային վարկ ստանալու նպատակով հաճախորդի կողմից ներկայացվել է վարկային հայտ-դիմում,ապա ուսումնասիրության արդյունքում բանկը կարող է՝
l բավարարել վարկային հայտ-դիմումը,
l մերժել վարկի տրամադրումը՝ գրավոր ներկայացնելով մերժման հիմքերը:
Վերոհիշյալ երկու դեպքում էլ բանկը կարող է առաջարկել տվյալ ծառայության գործող ընդհանուր պայմանների շրջանակներում այլ պայմաններ եւս (այդ թվում՝ այլ արժույթով վարկի տրամադրման պայման):

Կենտրոնական բանկ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հետեւաբար, եթե քաղաքացին վարկ ստանալու վերաբերյալ բանկի հետ բանավոր կերպով է պայմանավորվածություն ձեռք բերել, ապա հետագայում դրանից հրաժարվելը չի կարող համարվել խախտում: Հարցն այլ է գրավոր կերպով դիմում-հայտ ներկայացնելու դեպքում: Ստացվում է, որ բանկը ցանկացած պարագայում կարող է «ջրից չոր դուրս գալ»՝ քաղաքացուն փակուղու մեջ թողնելով: Այսքանից հետո մնում է միայն ավելացնել՝ եղե՛ք իրազեկ եւ թույլ մի՛ տվեք ոտնահարել Ձեր իրավունքներն ու շահերը:




Լրահոս