Բացե՛ք ներկայում ամենաընթերցվող թերթերը, կայքերը եւ տեսե՛ք, թե դրանք որքան լուրեր, տեղեկություններ են հրապարակում այս կամ այն ոլորտին վերաբերող, քաղաքական կամ ոչ քաղաքական անդրկուլիսյան պայմանավորվածությունների, պաշտոնյաների ոչ իրավաչափ արարքների կամ զանցանքների մասին` հղում անելով իրենց հավաստի, բայց փակ աղբյուրներին: Այդ լուրերից շատերը հետագայում հաստատվում են, եւ փակ աղբյուրների հետ լրատվամիջոցների էթիկապես ճիշտ աշխատանքի շնորհիվ հանրությանը հայտնի են դառնում տեղեկություններ, որոնք սովորաբար չեն փոխանցվում պաշտոնական խողովակներով:
Զրպարտության եւ վիրավորանքի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի (ՎԴ) նախադեպային որոշումից հետո այս փակ աղբյուրները եւ ԶԼՄ-ները հայտնվում են իշխանական լիարժեք վերահսկման ներքո, իսկ խոսքի ազատությունը` վտանգի տակ: Այլ կերպ ասած` ՎԴ-ն ներմուծել է տեղեկատվության աղբյուր ասվածի երկու տեսակ` պատշաճ եւ ոչ պատշաճ: Ու չնայած դրանց ցանկը չի սահմանել, սակայն ստացվում է, որ եթե մեկը լրագրողին ինչ-որ ինֆորմացիա թաքուն է փոխանցել (թեկուզ իրականությանը համապատասխանող), դա պատշաճ աղբյուր չէ, իսկ եթե նույն մարդը բացահայտ է ասել եւ այդ մասին միանգամից նշվել է հրապարակված հոդվածում, պատշաճ է:
Բայց այս ոչ պատշաճ աղբյուրի հնարքն ահա թե ինչպես է կիրառել ՎԴ-ն «Թաթուլ Մանասերյանն ընդդեմ «Ժամանակ» օրաթերթի» գործով կայացված նախադեպային որոշման մեջ: Որպեսզի պարզ լինի, նշենք գործի հանգամանքները: Լրագրողն իմացել էր, որ մի քրեական գործով անցնող վկա` Ա. Առաքելովը, ցուցմունքում նշել է, որ Թ. Մանասերյանը (ԱԺ նախագահի այն ժամանակվա խորհրդական) իրեն ԿԲ նախատեսած տոկոսադրույքից բարձր` 12 տոկոսով փող է տվել (ինչը ՀՀ քրեական օրենսգրքով համարվում է վաշխառություն), Մանասերյանն էլ իր ցուցմունքում հաստատել է, որ նրան փող է տվել: Այս փաստով հարուցվել է առանձին քրգործ` վաշխառության փաստով: Լրագրողն էլ, հիմնվելով ունեցած տեղեկության վրա, այն շարադրել եւ առել է հարցական վերնագրի ներքո` «Քրգործ` ԱԺ նախագահի խորհրդականի դե՞մ»: Ընդ որում, լրագրողը նշել է, որ դա քրգործի նյութերից է` պաշտոնական փաստաթղթից, սակայն Առաքելովի անունը չի նշել հոդվածում, բայց գրելիս իմացել է, իսկ ավելի ուշ` բացահայտել դատարանում, որի դեպքում լրատվամիջոցը պետք է ազատվեր պատասխանատվությունից:
Դա ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 9-րդ կետով նախատեսված հիմքերից մեկն է, որի դեպքում տեղեկատվություն տարածողն ազատվում է պատասխանատվությունից: Այլ կերպ ասած` որպեսզի լրատվամիջոցն ուրիշի ասած զրպարտության համար վնաս չկրի, պետք է կատարի օրենքի երեք պահանջներից մեկը. 1. լրագրողն իր հրապարակած հոդվածում հղում կատարի իր աղբյուրին (հեղինակին), 2. լրագրողն իր հրապարակած հոդվածում թեեւ հղում չկատարի աղբյուրին, սակայն աղբյուրը հայտնի լինի նրան, 3. լրագրողը հրապարակած հոդվածում թեեւ հղում չկատարի աղբյուրին, սակայն հետագայում բացահայտի հեղինակի անունը: «Ժամանակ»-ի դեպքում թեեւ լրագրողը չէր նշել հեղինակի անունը, սակայն դատարանում բացահայտել էր այն:
Այդուհանդերձ, դատարանը լրատվամիջոցին չի ազատել պատասխանատվությունից` նշելով, որ տվյալ դեպքում աղբյուրը ոչ թե քրեական գործն էր, այլ Առաքելովը, ում անունը միանգամից հոդվածում պետք է նշվեր, մինչդեռ օրենքն ասում է, որ պաշտոնական փաստաթուղթը եւս աղբյուր է: Այդ դեպքում օրենսդիրն ինչո՞ւ է նշել ԶԼՄ-ների` պատասխանատվությունից ազատվելու 2-րդ եւ 3-րդ հիմքերը, եթե դրանք չեն կիրառվելու, եւ ԶԼՄ-ներին ստիպելու են առաջնորդվել միայն աղբյուրը միանգամից բացահայտելու տարբերակով: Այսինքն` հոդվածում կա՛մ ասողի անունը պետք է միանգամից նշես, կա՛մ կազմակերպության, իսկ թե այդ աղբյուրի հետ ինչպես կվարվեն հայրենի իշխանությունները, դժվար չէ կռահել:
Բացի դա, նախադեպային որոշման մեջ անդրադարձ կա նաեւ զրպարտություն եզրույթին հետեւյալ իմաստով. ՎԴ-ն արձանագրել է. «…փաստացի տվյալները հրապարակային ներկայացնելը չի համարվում զրպարտություն, եթե՝ 1. դրանք տեղ են գտել մինչդատական կամ դատական վարույթի ընթացքում վարույթի մասնակցի կողմից քննվող գործի հանգամանքների վերաբերյալ կատարված արտահայտություններում կամ ներկայացրած ապացույցներում. 2. դա տվյալ իրավիճակում եւ իր բովանդակությամբ պայմանավորված է գերակա հանրային շահով…»: Այսինքն` դատարանը, շատ լավ հասկանալով, որ առկա են նշյալ երկու հիմքերն էլ` փաստացի տվյալները վերցված են դատական, մինչդատական վարույթներում գտնվող քրգործերի փաստաթղթերից, ինչպես նաեւ առկա է հանրային շահ, պաշտոնական փաստաթղթից վերցված տվյալները համարել է զրպարտություն:
Արդյունքում, որպեսզի լրատվամիջոցները կրակը չընկնեն, իրենց փակ աղբյուրներն էլ` հետը, ստիպված են լինելու բավարարվել իրենց հրամցված պաշտոնական տեղեկատվությամբ, իսկ հղում կատարելիս պետք է նշեն փաստաթղթի հեղինակ պաշտոնյայի, ասենք` դատավորի, դատախազի, քննիչի եւ այլոց անունները, որպեսզի ով ում ուզենա` կանչի եւ ճանաչի որպես պատասխանող: Իհարկե, որոշ իրավաբանների գնահատմամբ` այս նախադեպային որոշումն ընդհանուր առմամբ դրական որոշում է, որը մեկնաբանում է «խաղի» կանոնները:
Փաստաբան Արամազդ Կիվիրյանի կարծիքով` կարեւոր մեկնաբանություններ կան անձին միտումնավոր զրպարտելու վերաբերյալ, սակայն կան նաեւ բացեր. օրինակ` ի վերջո, դա նյութական վնաս է, թե ոչ, քանի որ նյութականի դեպքում պետտուրքը կազմում է հայցապահանջի (ասենք` 2 մլն-ի) 2 տոկոսը, իսկ ոչ նյութականի դեպքում` 4000 դրամ: Իսկ անձին` որպես աղբյուր, հոդվածում հիշատակելը, փաստաբանի կարծիքով, իրավաչափ չէ, քանի որ այդպես անձին անհատականացնող տվյալները (հասակ, արտաքին նշաններ, հասցե, հեռախոս…) չեն հրապարակվում: Նա նաեւ մտավախություն ունի, որ նախադեպային որոշումը սահմանափակում է խոսքի ազատության իրավունքը:
ԸՆԴԴԵՄ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ