Փոքր բիզնեսը դարձյալ դժգոհում է. «Հայոց աշխարհ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Այն բանից հետո, երբ կառավարությունը համաձայնեց մինչեւ փետրվարի 1-ը հետաձգել շրջանառության հարկի դաշտում առեւտրային գործունեություն իրականացնողների կողմից փաստաթղթավորման պարտադիր պահանջի կիրառումը, ոլորտում գործող տնտեսավարողների դժգոհությունը ժամանակավորապես հանդարտվեց։

Բայց դրանով խնդիրը չլուծվեց։ Պատահական չէ, որ վերջին օրերին, երբ ավարտին է մոտենում, այսպես ասած, արտոնյալ ժամկետը, շրջանառության հարկում իրականացված փոփոխություններից դժգոհ առեւտրականները դարձյալ վերսկսել են բողոքել։

Ընդ որում, ինչպես Երեւանում, այնպես էլ մարզերում։
Առեւտրականները պահանջում են կասեցնել օրենքի գործողությունը։ Պահանջը չընդունելու դեպքում նրանք պատրաստվում են դիմել կտրուկ քայլերի։
Առայժմ հայտնի չէ, թե ինչ է մտածում կառավարությունը։ Առեւտրականները մտադիր են այսօր հանդիպել վարչապետին եւ նրանից ստանալ իրենց հարցերի պատասխանը։

Այնուհանդերձ, դատելով վերջին հայտարարություններից, կարելի է ասել, որ կառավարությունն այնքան էլ հակված չէ զիջումների։
Վերջին ամիսներին Հայաստանի տնտեսության մեջ ձեւավորվել է բոլորովին այլ կացություն։ Տնտեսական գործընթացներում ի հայտ են եկել լուրջ խնդիրներ եւ դժվարություններ։ Արտաքին եւ ներքին միջավայրից թելադրված բացասական գործոնների, մասնավորապես ամերիկյան արժույթի ուժեղացման հետեւանքով կրճատվել է հասարակության մի ստվար հատվածի եկամուտը։

Խոսքը հատկապես արտագնա աշխատանքով քաղաքացիների վաստակած գումարների արժեզրկման եւ գնողունակության անկման մասին է։ Մի բան, որ ուղղակիորեն ազդել է նաեւ առեւտրի ոլորտում զբաղված տնտեսավարողների գործունեության վրա։ Նկատվում է առեւտրաշրջանառության նվազում։
Այդ երեւույթն արտահայտվեց արդեն անցած տարվա դեկտեմբերին. առեւտուրը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ պակասեց ավելի քան 13 տոկոսով։
Կասկած չկա, որ առեւտրի ծավալների անկումը կշարունակվի նաեւ առաջիկայում։ Բնականաբար դա հանգեցնելու է ոչ միայն ոլորտում գործող տնտեսավարողների եկամուտների կրճատմանը, այլեւ դրանց մի մասը ստիպված կլինի դադարեցնել տնտեսական գործունեությունը։

Տնտեսական ոչ այնքան բարենպաստ միջավայրի պայմաններում, երբ մեծ են անորոշությունները, սովորաբար խիստ ռիսկային են համարվում հարկային օրենսդրության այնպիսի կտրուկ փոփոխությունները, որոնք վերաբերում են հասարակության մեծ զանգվածներին։ Որքան էլ շրջանառության հարկը նախատեսում է նաեւ հարկային բեռի թեթեւացում, այնուհանդերձ պարտադիր փաստաթղթավորման հետ կապված պահանջները ոլորտում գործող սուբյեկտների համար ենթադրում են վարչարարության լուրջ խստացումներ։ Մի բան, որ դարձել է առեւտրականների մտահոգության հիմնական առարկան»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:




Լրահոս