ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է «ՀՀ արտաքին առեւտուրը 2011թ.» վերնագրով զեկույցը: Ու թեեւ պաշտոնական վիճակագրությանը պետք է մոտենալ լուրջ վերապահումներով, այնուամենայնիվ, դրանք եւս լույս են սփռում իրականության վրա:
«Ժողովուրդ»-ը բազմիցս է անդրադարձել Հայաստանում արտահանման եւ ներկրման ծավալների անհամամասնությանը: Բանն այն է, որ ցանկացած երկիր, որտեղ արտահանման ծավալները փոքր են, ուրեմն տնտեսության վիճակը շատ վատ է: Իսկ ինչո՞ւ Հայաստանը չի կարողանում արտահանումն ու ներկրումը բալանսավորել: Պատճառն այն է, որ նախ հարկավոր է ունենալ միջազգային ստանդարտներին համապատասխան արտադրանք, որպեսզի հնարավոր լինի այն արտահանել ու իրացնել դրսի շուկայում: Ու քանի որ մենք նման արտադրանք չունենք, ստիպված ենք բավարարվել տարբեր երկրներից ապրանքներ ներկրելով: Եվ ահա, ըստ ԱՎԾ տվյալների՝ 2011թ. ՀՀ-ն արտահանել է 1 մլրդ 311 մլն 417 հազար դոլարի եւ ներկրել 3 մլրդ 647 մլն 652 հազար 700 դոլարի ապրանք: Իսկ 2010թ. այս թիվը ունեցել է հետեւյալ համամասնությունը. արտահանվել է 1մլրդ 41 մլն 56 հազար դոլարի, եւ ներկրվել 3 մլրդ 748 մլն 953 հազար դոլարի ապրանք: Այլ կերպ ասած՝ 2010թ. համեմատ 2011թ. արտահանումը նվազել է մոտ 100 հազար դոլարով:
ԱՎԾ զեկույցում մանրամասն ներկայացված են նաեւ արտահանված ապրանքատեսակները, որոնց ցուցակն ուսումնասիրելիս բավական ուշագրավ պատկեր է պարզվում. Հայաստանն արտահանելու բավական քիչ բան ունի՝ հանքարդյունաբերական նյութեր, գինի, շամպայն, հանքային ջուր, խաղող, ծիրան, մի քիչ պահածո եւ վերջ: Մյուս ապրանքներն արտահանվում են բավական քիչ քանակությամբ եւ տեսակարար կշիռ չեն կազմում: Ասել է թե՝ Հայաստանի տնտեսությունը հիմնված է մի քանի ոլորտի վրա, ոլորտներ, որտեղ իշխանությունները հաստատել են իրենց մենաշնորհը: Օրինակ՝ 2011թ. Հայաստանն արտահանել է մոտ 260 մլն 552 հազար դոլարի պղնձի խտանյութ, 113 մլն 728 հազար դոլարի ադամանդ, 11 մլն 129 հազար դոլարի մոլիբդեն, 13 մլն 897 հազար դոլարի ցինկ, 67 մլն 326 հազար դոլարի անմշակ ոսկի: Ինչպես հայտնի է, հանքարդյունաբերության ոլորտում լուրջ փայաբաժիններ ունի Ռոբերտ Քոչարյանը. այդ մասին բազմիցս է գրվել ոչ միայն հայաստանյան, այլեւ ռուսական մամուլում: Նախորդ տարի Հայաստանն արտահանել է 6.7 մլն դոլարի խաղող եւ 7.3 մլն դոլարի ծիրան: Դժվար թե հասարակ գյուղացիները կարողանային թեկուզ հարեւան Վրաստան այդքան ծիրան կամ խաղող արտահանել, մանավանդ, ըստ լուրերի, այդ դաշտում բիզնես անելու մենաշնորհը պատկանում է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին: Ալկոհոլային տարբեր խմիչքների, գինու եւ հանքային ջրի արտադրության ոլորտում հիմնականում ՀՀԿ-ական կամ ԲՀԿ-ական նախկին ու ներկա պատգամավորներն են՝ Ալեքսան Պետրոսյան՝ ՄԱՊ-ի Ալիկ, Վերսանդիկ Հակոբյան, Մանվել Ղազարյան (նախկին պատգամավոր), Աշոտ Արսենյան՝ Քլոս («Ջերմուկ գրուպ»): Եվ ահա, ըստ պաշտոնական վիճակագրության՝ նախորդ տարի ՀՀ-ն արտահանել է 131 մլն 244 հազար դոլարի տարբեր տեսակի ալկոհոլային խմիչքներ, 2,4 հազար դոլարի գինի ու շամպայն, 2.4 մլն դոլարի հանքային ջուր, 5.6 մլն դոլարի ջրեր, հյութեր: Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյանին էլ պատկանում է ոչխարի արտահանման բիզնեսը, որը բավական շահութաբեր է. 2011թ. ՀՀ-ից արտահանվել է 354 մլն դոլարի 108 հազար գլուխ կենդանի ոչխար:
Սրանք, թերեւս, պաշտոնական վիճակագրության արձանագրած ծավալներն են: Եթե նկատի ունենանք Հայաստանում ստվերի ծավալները, ապա իրական թվերը բավական հեռու են ներկայացվածից: Բայց անգամ արտահանման այս ծավալները դիտելիս կարելի է ընդհանուր պատկեր կազմել օլիգարխների շահույթների մի մասի վերաբերյալ:
Հ.Գ. Եւս մեկ ուշագրավ փաստ. ըստ ԱՎԾ-ի՝ Հայաստանը 2011թ. արտահանել է 143 տոննա սուրճ, սուրճի թեփ, սուրճի փոխարինիչներ՝ ցանկացած համամասնությամբ սուրճի պարունակությամբ, ընդհանուրը՝ 532 մլն դոլար արժեքով: Եթե Հայաստանը լիներ Աֆրիկա մայրցամաքում կամ Հարավային Ամերիկայում, ապա սա միգուցե նորմալ դիտվեր: Բայց քանի որ Հայաստանում սուրճի ծառեր չեն աճում, ապա սա անհասկանալի է: Սուրճը Հայաստանից արտահանված միակ տարօրինակ ապրանքատեսակը չէ. ժամանակին էլ Հայաստանը ներկայիս ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանի շնորհիվ բանան էր արտահանում: Հիմա բանանին փոխարինելու է եկել սուրճը:
ՍՈՒՐՃ ԱՐՏԱՀԱՆՈՂ ԷԼ ԴԱՐՁԱՆՔ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ