Սահմանադրական փոփոխությունների միջոցով Հայաստանի ժողովրդի կյանքը բարելավել խոստացող իշխանությունների իրական նպատակները հազիվ թե համընկնեն «Հայեցակարգում» ներակյացված դրույթների հետ: «Ներածություն» բաժնում փոփոխությունների հրատապությունը քննարկելիս հեղինակները անհրաժեշտ են համարում սոցիալական պետության կառուցումը: Մեկ այլ պնդում վերաբերում է իշխանության մարմինների միջեւ զսպման ու հավասարակշռության մեխանիզմների խնդրին: Ակնհայտ է, որ վերոնշյալ երկու սկզբունքներն էլ պետական համակարգը կլանած արատավոր բարքերի ու հարստահարիչների առկայությամբ պարզապես չեն կարող իրականանալ:
Հայեցակարգում նախ եւ առաջ շեշտվում է, որ այսօր հրատապ դարձած սահմանադրական լուծումների մակարդակում մի շարք հիմնախնդիրներ պահանջում են նոր մոտեցումներ: Այդ շարքում հիշատակված է «սոցիալական պետության սահմանադրական սկզբունքի հետեւողական իրացման եւ հստակ ծրագրանպատակային քաղաքականություն իրականացնելու» հիմնահարցերին միտված սահմանադրական երաշխիքների ստեղծման անհրաժեշտությունը: Վերջին տասը եւ ավել տարիներին Հայաստանում իշխանությունների կողմից փաստացիորեն սոցիալական ոչ մի իրական ծրագիր չի իրականացվել:
Նպաստները, աշխատավարձերն ու թոշակները մի քանի հազար դրամով բարձրացնելը չի կարող համարվել սոցիալական ծրագիր, հետեւաբար նաեւ՝ սոցիալական պետություն կառուցելուն միտված անգամ տարրական քայլ: Ի վերջո, պետության սոցիալական ֆունկցիան իրականացնելու համար սահմանադրական սկզբունքները լրջագույն նշանակություն ունենալ չեն կարող այն դեպքում, երբ սոցիալական պետության ստեղծումը չի գտնվում իշխանությանը տիրացած խմբի առաջնահերթությունների շարքում:
Սրա լավագույն օրինակը կենսաթոշակային վերջին «բարեփոխումներն» էին, երբ, անգամ Սերժ Սարգսյանի խոստովանությամբ, հասարակության 80%-ից ավելին դեմ էր դրան: Ստացվում է, որ սոցիալական կարեւորագույն այդ հիմնահարցը օրենքի ու պարտադիրի կարգավիճակ է ստանում՝ ի հեճուկս դրան անմիջականորեն առնչվող քաղաքացիների, որոնք բացեիբաց մերժում էին այդ «նորամուծությունները»:
Ուշագրավ է, որ Սահմանադրական դատարանն անգամ անկարող եղավ լիովին ընդառաջելու դժգոհ քաղաքացիների բողոքին ու օրենքը պարզապես «հակասահմանադարական» եզրույթի կիրառմամբ չեղյալ հայտարարելու փոխարեն նախընտրեց անորոշ ձեւակերպումներով հնազանդվել իշխանության որոշմանը: Եւ, այնուամենայնիվ, Սահմանադրական դատարանը հարկադրված եղավ ճանաչել նշյալ օրենքի՝ գործող Սահմանադրությանն անհամապատասխանությունը, այսինքն՝ հաստատել, որ սոցիալական սույն ծրագիրն իր գործառույթներից ակնհայտորեն շեղվել է եւ չի ծառայելու հռչակված նպատակներին:
Այս ամենով հանդերձ՝ իշխանությունը մանվածապատ միջոցներով պահպանեց «պարտադիր» բաղադրիչը եւ կրկին խախտեց գործող Սահմանադրությունը: Հստակ է, որ այսպիսի տեսքով օրենքը կրկին հակասում է գործող սահմանադրակարգին, այսինքն՝ խախտում է անգամ նման սոցիալական «թերի» երաշխիքներ ունեցող Սահմանադրությունը:
Ինչ վերաբերում է ՍԴ-ի կողմից այս հարցով կայացվելիք նոր որոշմանը, ենթադրելի է, որ այս անգամ Սահմանադրական դատարանը չի անսա ոչ իշխանականների հայցին եւ կկայացնի իշխանությունների շահերից բխող վճիռ, քանի որ այսօր ո՛չ վարչապետի դեմ կուլիսային պայքար կա, ո՛չ էլ փողոցում՝ բողոք: Դա եւս մեկ անգամ ակնհայտ կդարձնի այն իրողությունը, որ սոցիալական պետության կերտմանն ուղղված սահմանադրական ցանկացած երաշխիք չի կարող կանգնեցնել իշխանությունն ուզուրպացրած խմբին այդ երաշխիքներին հակառակ գործողությունների իրականացման գործում:
Եթե չստացվի սահմանադրական տվյալ դրույթը հանուն սեփական շահերի մեկնաբանել ու աղավաղել դրա իրական բնույթը, հոգ չէ, կարելի կլինի պարզապես արհամարհել ու անտեսել այն սեփական նեղ-անձնական նպատակների իրականացման համար:
Հայեցակարգում արձանագրված հաջորդ պնդման համաձայն՝ պետք է «երաշխավորել գործառույթ-ինստիտուտ-լիազորություն շղթայի ներդաշնակությունը, իշխանության մարմինների գործառութային, հակակշռող եւ զսպող լիազորությունների հաշվեկշռվածությունը, ամրապնդել իշխանության տարբեր ճյուղերի պատշաճ գործունակությունը եւ գործառութային անկախությունը»: Հար եւ նման «բարի» նպատակներ հետապնդող պնդումները, դժբախտաբար, կտրված են ներկայիս իրականությունից եւ բացի գեղեցիկ շարադրանքից՝ ոչ մի իրական նշանակություն չունեն: Վերցնենք զսպումների ու հավասարակշռության եւ գործառութային անկախության բանաձեւը իշխանության բարձրագույն օղակների միջեւ կատարվող հարաբերությունների համապատկերում:
Ժողովրդավարական ու նորմալ երկրներում օրենսդիր եւ գործադիր իշխանությունները միմյանց հետ հակասության մեջ չլինել չեն կարող: Սույն պնդման լավագույն ապացույցը կարելի է տեսնել, օրինակ, ԱՄՆ-ի պատմության մեջ, երբ Կոնգրեսն ու նախագահն իրար հետ հաճախակիորեն են հակասություններ ունեցել պետության առանցքային հարցերի առնչությամբ: Կարո՞ղ է որեւէ մեկը հիշել գեթ մեկ դեպք վերջին 15 տարվա մեր պատմությունից, երբ Ռ. Քոչարյանը եւ ապա Ս. Սարգսյանը թեկուզ մեկ անգամ դժվարության հանդիպած լինեն ԱԺ-ում:
Հայաստանում նախագահի ու խորհրդարանի միջեւ հավասարակշռության ու գործառութային անկախության լավագույն շրջանը եղել է 1990-95թթ., երբ անգամ Սահմանադրություն չենք ունեցել: Արդ, Սահմանադրության «քրմերին» այս պարզ օրինակը պետք է բավարար լիներ հասկանալու համար, որ իշխանության մարմինների միջեւ գործառութային անկախություն պահպանելու համար ոչ թե հարկավոր է Սահմանադրություն փոփոխել, այլ առաջին հերթին արդար ու թափանցիկ ընտրություններ անցկացնել:
ՆԺԴԵՀ ՀՈՎՍԵՓՅԱՆ