Վրաստանում 442 կորստյան մատնված հայկական եկեղեցիները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ առաքելական եկեղեցու վիրահայոց թեմն ուսումնասիրել է Հայաստանի ազգային արխիվն ու օրեր առաջ առաջին անգամ Վրաստանի Կառավարությանը ներկայացրել մինչեւ խորհրդային կարգերի հաստատումը Վրաստանում գործած հայկական եկեղեցիների ստույգ թիվը: Վրաստանի Կառավարության կրոնական հարցերով զբաղվող պետական գործակալությանն ուղարկված նամակում թեմը ներկայացրել է համապարփակ տեղեկատվություն Վրաստանում մինչեւ խորհրդային կարգերի հաստատումը գործած 442 եկեղեցիների մասին:

Եթե մինչ այդ թեմը Վրաստանի Կառավարությանը ներկայացրել էր միայն գործող եկեղեցիների ցանկը, ապա այս անգամ Վրաստանի Կառավարությունից պահանջել է ետ վերադարձնել իրեն պատկանող սեփականությունը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վրաստանի ներկայիս պետությունը Խորհրդային Վրաստանի իրավահաջորդն է: Ընդ որում, ցուցակում ներառվել են Վրաստանի հայկական բոլոր եկեղեցիները՝ գործող, խոնարհված, փլված, վրացականացված:

Եթե հաշվի առնենք, որ մինչեւ հիմա հայկական կողմը հիմնականում հանդես էր եկել Վրաստանի 6 հայկական եկեղեցիները վերադարձնելու պահանջով, ապա պետք է նկատենք, որ այս վերջին պահանջն իր նախադեպը չունի:
Վրացագետ Ջոնի Մելիքյանի պնդմամբ, սակայն, մենք չպետք է կառչենք այդ մաքսիմալիստական հայտարարությունից. «Մամուլը փոքր-ինչ այլ կերպ է մեկնաբանում այդ հայտարարությունը, որը զուտ այն բանի համար էր, որ հայկական կողմը ցույց տար՝ արխիվով հետազոտվել է, եւ պարզվել, որ նման եկեղեցիներ եղել են»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում մեկնաբանեց վրացագետը՝ հավելելով, որ մեր հիմնական պահանջը, այնուամենայնիվ, պտտվում է 5-6 եկեղեցու շուրջ:

Իսկ ահա հուշարձանագետ, պատմաբան Սամվել Կարապետյանն այն համոզման է, որ սա Վիրահայոց թեմի կողմից շատ ուշացած, բայց համարձակ քայլ էր. «Այդ եկեղեցիների թիվն ավելին է, քան 442-ը, բայց, իհարկե, դա էլ շատ մեծ թիվ է: Դարերով գործած եւ հետո բռնազավթված մեր եկեղեցիների համար միշտ էլ տեղին է հիմնավորված պահանջ ներկայացնելը: Դրանք, վերջապես, կառուցվել են հայերի կողմից, եւ այդ հողերն էլ ազգապատկան են: Ի դեպ, Վրաստանում գտնվող ազգային գերեզմանատները նույնպես մեր ազգի հիշատակներն են եւ պետք է մեզ պատկանեն»,-նկատեց նա՝ հավելելով, որ մեր թիկունքում պետք է ներգրավել ուժեղ մասնագետների, որպեսզի վերջին պահանջն իրավաբանական եւ այլ իմաստներով խոցելի չլինի:

Աննա Բաբաջանյան




Լրահոս