ՀԱՐՑ. Մեր քաղաքը հեղեղված է ցուցապաստառներով, որոնց վրա գովազդվում են տարբեր ֆիրմաներ: Լսել եմ, որ այս բառը համարժեք է «ապրանքանիշ» բառին: Ես ուզում եմ իմանալ, թե ինչ է նշանակում «ֆիրմա» բառը եւ լեզվաբանական ինչ ծագում ունի:
ՊԱՏԱՍԽԱՆ. Նշեմ, որ «ֆիրմա»-ն փոխառյալ բառ է, որը կարող է հանգիստ գործածություն ունենալ մեր լեզվում: Կարող է պատահել այնպես, որ մարդիկ ինչ-որ բառի հետ նույնացնեն, բայց որպես առանձին բառ՝ պետք է ասեմ, որ դա փոխառյալ է: «Ֆիրմա» բառը «ապրանքանիշ» բառի հետ որեւէ կապ չունի, բայց կարող է որպես համարժեք բառ գործածվել:
Մենք հաճախ ենք հայերենում հանդիպում այսպիսի շատ ու շատ բառերի, որոնք չունեն համարժեք բառեր եւ օգտագործվում են որպես փոխառյալներ: Կոնկրետ այս՝ «ֆիրմա» բառը թարգմանություն չունի, նպատակահարմար չենք գտել այն թարգմանել: Բառը մտել է գործածության մեջ, եւ իմաստային առումով էլ արդեն իսկ հասկանալի է, թե ինչ է նշանակում:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ցավոք, մեր լեզուն ու մեր խոսքն այնքան են աղավաղված օտար բառերով, որ շատ դեպքերում անգամ հաճախ գործածվող ձեւակերպումների՝ հայերեն համարժեքի ստեղծումը նպատակահարմար չի համարվում: Լավագույն միջոցը բառերի տեղայնացման ուղղությամբ համառ ու հետեւողական աշխատանքն է, այն հույսով, որ ժամանակի ընթացքում դրանք մայրենի լեզվին համարժեք ձեւակերպումներ կստանան: