ՔԱՈՍ ԿԱՄ ՀԵՐՔՈՒՄԻ ՀԵՐՔՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ իշխանական  դաշտում կատարյալ քաոս էր. կոալիցիոն գործընկեր կուսակցությունների ղեկավարները իրար հետեւից իրարամերժ հայտարարություններ էին անում. Հեղինե Բիշարյանը հերքում էր Գալուստ Սահակյանին, նախագահի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանը` Հեղինե Բիշարյանին, Հեղինե Բիշարյանը օրվա երկրորդ կեսին` ինքն իրեն,  Գալուստ Սահակյանն էլ`  իրեն ու իրեն:Հեղինե  Բիշարյանը երեկ առավոտյան հայտարարեց, որ այո,  երեկոյան սպասվում է  կոալիցիոն նիստ: Մինդեռ երկու «ճեպազրույց» այն կողմ լրագրողների  հետ հանդիպած  Գալուստ Սահակյանը  նման տեղեկություններ չուներ: Ասաց, որ հետախույզ չի, որ իմանա:  Օրվա երկրորդ կեսին  նախագահի  մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանը  հերքեց Բիշարյանին, ասելով, որ փետրվարի 11-ին կոալիցիոն նիստ նախատեսված չէ:  Իսկ մինչ այդ Հեղինե Բիշարյանն էր հասցրել  հերքել ինքն  իրեն` ասելով, որ նիստ չկա` առաջարկելով  հարցնել իմացողներից: Նույն բանն, ի դեպ, առաջարկեց Արմեն Արզումանյանը. «Ովքեր  հայտարարել  են,  նրանց էլ հարցրեք»: Հերքումները, ի դեպ, սկսվել էին դեռ նախօրեից, երբ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ ինքը կոալիցիոն ոչ մի հուշագրի մասին չի խոսել`  ակնհայտորեն կառչելով հարցի ձեւական կողմին: Ի վերջո, ինչ տարբերություն, թուղթը, որ ուզում են ստորագրել տալ Գագիկ Ծառուկյանին, հուշագիր կկոչվի, թե ինչ: Այստեղ էլ ՕԵԿ խմբակցության ղեկավարը հերքեց ՀՀԿ խմբակցության ղեկավարին` ասելով, որ, այո, կոալիցիայի նիստին քննարկվել է մի հայտարարություն, որում խոսք է գնացել 2013-ին Սերժ Սարգսյանին պաշտպանելու մասին:  Ակնհայտ էր, որ կոալիցիոն գործընկերների հերքումները խաղի  չճշտված կանոններով են  պայմանավորված: Ինչի պատճառն էլ այն է, որ Սերժ Սարգսյանը, Գագիկ Ծառուկյանը եւ Արթուր Բաղդասարյանը նույնիսկ ամենամերձավոր թիմակիցներին հարկ չեն համարում տեղեկություն տալ: Ամեն դեպքում,  երեկ  վիճակն իսկապես  զավեշտական էր: Զուգահեռաբար,  ողջ քաղաքական դաշտում  մեկ հարց էր հնչում`  կստորագրի՞ Գագիկ Ծառուկյանը ըստ էության կոալիցիոն նոր հուշագիրը, թե` ոչ: Ինչ վերաբերում է  կոալիցիայում ԲՀԿ-ի մնալ-չմնալուն, ապա այն  շատերի համար այլես երկրորդական հարց էր համարվում. վստահ էին,  որ կմնա: Շատերի մոտ այս վստահությունը ձեւավորվել էր  ԲՀԿ համագումարի մասին Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանի «անոնսից», որ  սենսացիաներ չեն լինելու: «Շարունակելու ենք մեր կոալիցիոն պարտավորությունները մեր կոալիցիոն գործընկերների հետ համատեղ, լսվելու են ելույթներ, հաշվետվություններ: Արտառոց ոչինչ տեղի չի ունենալու»,-կարծես այսքանով ամեն ինչ ասված էր: ՀՀԿ-ին պատկանող «Հենարան» կայքին  տված հարցազրույցում Ծառուկյանի մամուլի խոսնակը նշել էր, որ  համագումարին հրավիրված չէ Ռոբերտ Քոչարյանը: Ի դեպ, ըստ որոշ աղբյուրների, վերջինիս հետ Գագիկ Ծառուկյանի հարաբերությունները լարվել են: Փոխարենը, հրավիրված են ԱԺ բոլոր խմբակցությունները: Եթե նկատի ունենանք, որ համագումարներին, որպես կանոն, հրավիրվում են առաջին-երկրորդ դեմքերը, չի բացառվում, որ ներկա լինի անձամբ  Սերժ Սարգսյանը:  Որոշ աղբյուրներ  չեն բացառում, որ ՀՀԿ նախագահը համագումարին հայտնվի վերջին պահին, այնպես, որ համագումարի մասնակիցները, ներառյալ նաեւ Գագիկ Ծառուկյանը, ոտքի կանգնեն: Այս սցանարով`  Ծառուկյանը կհայտարարի,  որ մնում է, ինչից հետո ելույթով հանդես կգա  Սերժ  Սարգսյանը, որն, ի դեպ, դեռ ՀՀԿ 20-ամյակի հոբելյանական միջոցառման ժամանակ  էր ասել, որ կոալցիոն գործընկերների առաջ վերջանգրեր չի դնում, այլ դնում է  պահանջներ:  Գուցե  կոալիցիայի փլուզման «չափազանցված» լուրերի  մեղքը կբարդվի մամուլի վրա, որ ուռճացրել, աղավաղել, այլասերել է եղելությունը եւ կամ ուզում է սեպ խրել իրենց միջեւ:  Եւ  բոլորը  «գոհ ու երջանիկ կլինեն»: Մյուս սցենարով, որն, ի դեպ, ԲՀԿ-ական շրջանականերից էր, կլինի սովորական համագումար, որի ընթացքում ոչ մի արտառոց հայտարարություն չի հնչի. Գագիկ Ծառուկյանը կասի, որ մնում է կոալիցիայում, սակայն չի էլ ասի, թե 2013-ին պաշտպանելու է  Սերժ Սարգսյանի թեկնածությունը:    Ամեն դեպքում, դեռ փետրվարի 10-ից մեզ հասած տեղեկություններով` ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի միջեւ փնտրվում էին  փոխզիջումներ եւ ընթանում   պայմանավորվածություններ, որոնք հնարավոր է` վերաբերեն  Ծառուկյանի բիզնեսներին ու թիմակիցների չպատժվելուն: Ի դեպ, նրա քաղաքական թիմի անդամներից շատերը վերջին շրջանում խիստ անհանգստացած էին, թե առճակատման դեպքում Ծառուկյանը իրենց ոնց է պահելու: Զուտ տեսականորեն փոխզիջումը  կարող էր վերաբերել նրան, որ Գագիկ Ծառուկյանին, ով եթե հայտարարի, որ մնում է   կոալիցիայում,  թույլ կտրվի  «պահել դեմքը»: Այն է` չստորագրել այդ փաստաթուղթը: Բայց նաեւ  ակնհայտ է, որ այս թղթի տակ Ծառուկյանի ստորագրությունը Սերժ Սարգսյանին շատ է պետք, քանի որ մի բան է  բանավոր հայտարարությունը, մեկ այլ բան` թղթի վրայի ստորագրությունը: Բարաթը: Ուստի, եթե Գագիկ Ծառուկյանը այնուամենայնիվ բանավոր հայտարարի, որ պաշտպանելու է  Սերժ Սարգսյանին, ապա ստիպված կլինի դա անել  նաեւ գրավոր: Ընդ որում, արդեն հաջորդ շաբաթվա մեջ: ԱՆՈՒՇ ԴԱՇՏԵՆՑ




Լրահոս