Ուրբաթ օրը Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանժնաձողովի օրակարգում մի քանի «արտառոց» համաձայնագրերի քննարկում է նախատեսված:
Դրանցից մեկը կոչվում է 1975 թվականի հունվարի 14-ին Նյու Յորքում ստորագրված «Տիեզերական տարածություն արձակված օբյեկտների գրանցման մասին» կոնվենցիա, որը ներկայացվել է ՀՀ նախագահի կողմից: Հիմնական զեկուցողը ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարարի տեղակալ Արթուր Առաքելյանն է, իսկ հարակից զեկուցողը ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Ֆարմանյանը:
Մյուս համաձայնագիրը` 1979 թվականի դեկտեմբերի 18-ին Նյու Յորքում ստորագրված «Լուսնի եւ այլ երկնային մարմինների վրա պետությունների գործունեության կարգավորման մասին», կրկին ԱԺ է ներկայացրել ՀՀ նախագահը, համաձայնագրի հիմնական զեկուցողն ու հարակից զեկուցողը նույնն են: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովից պարզել, թե ինչո՞ւ են այժմ հիշել այդ համաձայնագրերը, ու ընդհանրապես դա ի՞նչ է տալու Հայաստանին:
ԱԺ ՀՀԿ խմբակցության եւ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, համաձայնագրի հարակից զեկուցող Սամվել Ֆարմանյանը շատ վրդովված էր, քանի որ, ըստ նրա, լրատվամիջոցներն անհարկի են սկսել շահարկել ու տարօրինակ վերաբերել այդ համաձայնագրերին: Պատգամավորը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ միջազգային տարբեր համաձայնագրեր կան, որոնք ՄԱԿ-ի շրջանակներում ստորագրվում են, իսկ մյուս երկրներն էլ վավերացնում են:
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ ՍԱՄՎԵԼ ՖԱՐՄԱՆՅԱՆ
-Պարո՛ն Ֆարմանյան, քանի որ Դուք եք «Լուսնի եւ այլ երկնային մարմինների վրա պետությունների գործունեության կարգավորման մասին» համաձայնագրի հարակից զեկուցողը, խնդրում եմ՝ հանրությանը ներկայացրեք, թե ի՞նչ է այն տալու Հայաստանին, այդ համաձայնագրի վավերացումից հետո ՀՀ քաղաքացու կյանքում ի՞նչ է փոխվելու:
-Հայաստանի Հանրապետությունը, ինչպես եւ ՄԱԿ-ի անդամ մյուս բոլոր երկրները՝ Միացյալ Նահանգներ, Ֆրանսիա եւ այլն, վավերացրել են հազարավոր միջազգային համաձայնագրեր, պայմանագրեր, որոնք պայմանավորված են գլոբալ խնդիրներով, ու պարտադիր չի, որ ամեն մի համաձայնագիր կոնկրետ երկրին՝ Հայաստանին, Ուրուգվային, կամ չգիտեմ, Զինբաբվեին ու Շվեյցարիային, կոնկրետ օգուտ տա: Միջազգային հարաբերություններում միջազգային իրավական համակարգը պետք է պատկերացնել, այդքան բան: Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովն աշխատանքով է զբաղված, ու պետք չէ ինչ-որ հայտարարություններ անել, դա հանձնաժողովի աշխատանքի մի մասն է: Պետք է նման համաձայնագրերը նայենք, ուսումնասիրենք ու քննարկենք:
-Փաստորեն կարելի՞ է արձանագրել, որ այդ համաձայնագրերը որեւէ բան չեն տալու ՀՀ-ին, թե գուցե Հայաստանն այսուհետ տիեզերագնացությա՞մբ է զբաղվելու:
-Ես Ձեզ արդեն ասացի, որ միջազգային իրավական համակարգը պետք է հասկանալ, պետք է ըմբռնել, թե դա ինչ է, ՄԱԿ-ն ի՞նչ է, դրա շրջանակներում ստորագրված համաձայնագիրը պարտադիր չի, որ ստորագրող բոլոր կողմերին կոնկրետ ինչ-որ մի բան տա: Հայաստանի Հանրապետությանը դա ոչինչ էլ չի տալու, բնականաբար, բայց Հայաստանը միջազգային ընտանիքի անդամ է, վավերացնում է հարյուրավոր նման համաձայնագրեր, որոնք ոչ միայն մեզ որեւէ բան չեն տալիս, այլեւ ստորագրած կողմերի 90 տոկոսին չեն տալիս: Բայց դա միջազգային իրավական ընթացակարգ է:
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆ
-Պարո՛ն Զաքարյան, Ձեր ղեկավարած հանձնաժողովը պետք է քննարկի «Լուսնի եւ այլ երկնային մարմինների վրա պետությունների գործունեության կարգավորման մասին» համաձայնագիրը, որն առաջին հայացքից բավականին տարակուսելի է թվում, քանի որ Հայաստանը կարծեք թե Լուսնի կամ այլ երկրային մարմինների հետ կապված առայժմ որեւէ հետաքրքրություն չունի: Ինչո՞ւ եք նման համաձայնագրերի վրա ժամանակ վատնում, երբ ՀՀ արտաքին հարաբերություններում բազմաթիվ հրատապ եւ չլուծված խնդիրներ կան:
-5 պայմանագիր կա, որոնք տիեզերական տարածքում կարգավորում են պետությունների գործառույթները եւ պատասխանատվությունը իրավական առումով, հիմա մենք ունենք ծրագիր պետության անունից իրականացվող, որը ենթադրում է նաեւ տիեզերքում համապատասխան հաճախականություն ունենալ՝ զուտ կապի տեսանկյունից: Եւ դա ունենալու, դրա գործունեությունը ապահովելու համար պետք է մի շարք միջազգային պայմանագրերի միանանք եւ դրանով ստանձնենք պատասխանատվություն: Այնպես որ, այստեղ որեւէ տարօրինակ բան չկա, ընդհակառակը, սա պետք է համարել նաեւ կարեւոր նախաձեռնություններից մեկը, որը տարբեր ոլորտներում հնարավորություններն ընդլայնելու համապատասխան իրավական դաշտ է:
-Այսինքն՝ Հայաստանը տիեզերական գործունեությո՞ւն է սկսելու:
-Դրա համար պետք է ոչ թե համաձայնագրի վերնագրին նայել, այլ պայմանագրերն ուսումնասիրել, որպեսզի պարզ լինի: Համաձայնագրի վերնագրում բնականաբար խոսվում է այն հարաբերությունների կարգավորման մասին, ինչը որ իրականացնում է պայմանագիրը: Հենց այդ պայմանագրով Հայաստանը ծրագրի իրականացման իր հնարավորություններն է ստեղծում: Դա ընդամենը վերաբերում է հաճախականություն ունենալուն ու այն տնօրինելուն:
-Իսկ Դուք մտավախություն չունե՞ք, որ տիեզերական ճանապարհով ՀՀ-ից արտագաղթողների թիվը կավելանա, տեսակետ կա, որ սա շատ վատ կարող է անդրադառնալ ՀՀ-ի վրա:
-(Ծիծաղում է, Ս.Գ.) Ո՞ւմ ֆանտազիան ու հումորն է այդքան զարգացած, ասեք, թող «կավեենով» զբաղվեն:
ԱԴՐԲԵՋԱՆԻ ՎԱՐՔԱԳԾՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԵՆ ԼԻՆԻ
Նախօրեին ԵԱՀԿ գործող նախագահ, Սերբիայի ԱԳ նախարար Իվիցա Դաչիչը հայ-ադրբեջանական եւ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության շփման գծում տիրող լարվածության վերաբերյալ հայտարարությամբ էր հանդես եկել:
Նախօրեին Կրակովում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումից հետո նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն են հանդես եկել հայտարարությամբ: «Մենք կոչ ենք անում Ադրբեջանին կատարել խնդրի խաղաղ կարգավորման վերաբերյալ իր հանձնառությունները։ Մենք նաեւ կոչ ենք անում Հայաստանին բոլոր միջոցները ձեռնարկել՝ լարվածությունը մեղմացնելու համար։ Բոլոր կողմերը պետք է պահպանեն հրադադարի համաձայնագիրը։ Բռնությունները նվազեցնում են խաղաղության հասնելու ջանքերը»,-նշել են համանախագահողները: «Ժողովուրդ»-ը զրուցել է ԼՂՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Պետրոսյանի հետ՝ պարզելու համար, թե ԼՂ-ում ինչպես են վերաբերում ԵԱՀԿ-ի այս հայտարարությանը, որի շեշտադրումները նկատելիորեն տարբերվում են մինչ այս հնչած բոլոր հայտարարություններից:
«Պետք է դա նայենք ընդհանուր կոնտեքստում՝ Ռուսաստան, Թուրքիա, Ադրբեջան՝ այս վերջին սերտացումները նկատի ունենալով: Այսինքն՝ եվրոպական երկրները այսպիսով ուզում են մի քիչ բալանսը պահել, ես չեմ կարծում, որ իրենք մոնիթորինգի արդյունքում են եկել այդ եզրակացության, քանի որ մոնիթորինգ անելու համար պետք է բազմաթիվ միջոցառումներ անեին, զննեին սահմանը ու հայտարարեին, որ հրադադարի մեղավորը Ադրբեջանն է: Ադրբեջանի վարքագծում փոփոխություններ կլինեն միայն այն ժամանակ, երբ մերոնք օգոստոսյան լարվածության օրերի նման հակահարվածների արդյունքում իրենց լռեցնեն»,-հայտարարեց մեր զրուցակիցը:
Ի դեպ, տեղեկացնենք, որ այսօր ԵԱՀԿ առաքելությունը պատրաստվում է հերթական դիտարկումն անցկացնել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի երկայնքով: Հայկական կողմից դիտարկմանը մասնակցելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը, Եվգենի Շարովը եւ Պետեր Սվեդբերգը: Ադրբեջանական կողմից դիտարկումը կանցկացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Իրժի Աբեռլեն եւ Սայմոն Թիլլերը:
Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԸ
Հայաստանում Ֆրանսիայի իմիգրացիայի եւ ինտեգրման գրասենյակի ներկայացուցչության դեմ դատական հայց է ներկայացվել: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ 2014թ. նոյեմբերի 11-ին «Ռոբուտիկ» ՍՊԸ-ի տնօրեն Գեւորգ Իսրայելյանը դատակայն հայց է ներկայացրել Հայաստանում Ֆրանսիայի իմիգրացիայի եւ ինտեգրման գրասենյակի ներկայացուցչության դեմ` ընկերությունից հօգուտ իրեն գումար բռնագանձելու պահանջով: Հայցի պահանջը կազմում է մոտ 1 միլիոն դրամ: Ավելին՝ «Ռոբուտիկ»-ը միջնորդել է Հայաստանում Ֆրանսիայի իմիգրացիայի եւ ինտեգրման գրասենյակի ներկայացուցչության գույքի եւ դրամական միջոցների վրա արգելանք դնել, եւ այս գործով դատավոր Ռուբեն Ափինյանը բավարարել է այն մասնակի: Ի դեպ, Ֆրանսիական ներկայացուցչությունն էլ իր հերթին հակընդդեմ հայց է ներկայացրել դատարան` կողմերի միջեւ կնքված մատակարարման գործարքն անվավեր ճանաչելու պահանջով:
ՈՐԴԱԼՎԻՃԻ ԴԵՄ
ՀՀ Կառավարությունը վաղվա նիստում ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը եւ Արմավիրի մարզպետարանին պատրաստվում է հատկացնել 48 մլն 142 հազար 800 դրամ: Այդ գումարով Արմավիրի մարզի Աղավնատուն, Այգեկ, Նորապատ եւ Նորակերտ գյուղական համայնքների 9.24 հեկտար խաղողի այգիներում պետք է իրականացվեն բույսերի պաշտպանության միջոցառումներ: Ուսումնասիրությունների արդյունքում Աղավնատուն, Արեւադաշտ, Այգեկ, Նորապատ եւ Նորակերտ համայնքների խաղողի այգիների 11.07 հա տարածքում հայտնաբերվել է խաղողի ֆիլոքսերա (որդալվիճ) վնասատուն: Այդ պատճառով Աղավնատուն, Այգեկ, Նորապատ եւ Նորակերտ համայնքների խաղողի վարակված այգիները պետք է քանդվեն, տարածքը պետք է աղտահանվի, իսկ այգիների սեփականատերերին պետք է հատկացվի աջակցություն: Ի դեպ, Արեւադաշտ գյուղում ֆիլոքսերայով վարակված 1.83 հա այգիները պատկանում են «Տեռաս դե Արմենիա» ՓԲԸ-ին: Ինչպես հայտնի է՝ այդ ընկերությունը արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանինն է:
ԴՈՒՍՏՐԵՐԸ ԵՎ ԽՆԱՄԻՆ
Հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության փաստի գործով երեք անձ ճանաչվել է տուժողների իրավահաջորդ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ տուժողի իրավահաջորդներ են ճանաչվել Սերյոժա Ավետիսյանի երկու դուստրերը եւ Ավետիսյանների սպանված հարսի հայրական ընտանիքի անդամներից մեկը: Հիշեցնենք, որ Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության մեջ մեղադրվում է Ռուսաստանի Դաշնության՝ Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը: Վերջինս գտնվում է կալանքի տակ եւ պահվում է ՌԴ ռազմաբազայի տարածքում: