Վերջին շրջանում Հայաստանում գրեթե ամեն օր պաշտոնական եւ ոչ պաշտոնական տեղեկատվության հոսքին հետեւելիս կարելի է տեսնել, թե քանի մարդ է ինքնասպան եղել, եւ քանի մարդ է մեկը մյուսին սպանել:
ՀԱՐՑ. Ձեր կարծիքով՝ ի՞նչն է այս իրավիճակի պատճառը, եւ ո՞վ է մեղավոր, որ Հայաստանում ապրող քաղաքացիների ագրեսիան հասել է գագաթնակետին:
ՊԱՏԱՍԽԱՆ. Ինձ թվում է՝ Դուք արդեն պատճառն ասացիք, որ Հայաստանում ագրեսիան հասել է գագաթնակետին: Բնականաբար, ծանր սոցիալական վիճակն էլ է այս ամենի պատճառը: Նշեցիք սպանությունների մասին, դրանք միշտ էլ եղել են, դրանց թիվը չի ավելացել, ուղղակի հիմա լրատվամիջոցներն են այդ մասին ավելի շատ լուսաբանում: Ինչ վերաբերում է ինքնասպանություններին, իսկապես, դրանք այսօր շատացել են, թեեւ դրանց պաշտոնական տվյալներից տեղեկացված չեմ: Այդ ամենի պատճառը կարող են լինել ծանր պայմանները, բարոյահոգեբանական վիճակը, երբ մարդիկ ելք չեն գտնում եւ գնում են այդ քայլին: Մի մեխանիզմ կա. ինչքան ինքնասպանությունների մասին խոսում են, մարդիկ դրա մեջ ելք են գտնում: Խնդիրը ես տեսնում եմ այդ ամենի բացահայտ լուսաբանման մեջ: Ինքնասպանությունների թիվը սկսում է ավելանալ, երբ այդ մասին շատ են խոսում: Միակ ելքը լուսաբանումը կրճատելն է: Այսօր միայն ներկայացնում են փաստերն ու լուսանկարներն առանց որեւէ վերլուծության: Պետք է վերլուծել այդ ամենը, որ մարդիկ հասկանան՝ ճիշտ է արդյոք այս քայլը, թե ոչ: Ինֆորմացիայի տարածման ոչ հիգիենիկ ձեւ է սա: Հակակշիռ ինֆորմացիա է պետք տարածել:
ԻԶԱԲԵԼԼԱ ՂԱԶԱՐՅԱՆ
հոգեբան-խորհրդատու, խմբավար
ԵՊՀ սոցիալական հոգեբանության
ամբիոնի դասախոս
ՊԱՏԱՍԽԱՆ. Գիտեք, ինքնասպանությունների եւ սպանությունների պատճառները տարբեր են, եւ ցավով պետք է նշեմ, որ երկրի սոցիալ-տնտեսական վիճակը լուրջ խթան է, որպեսզի ինքնասպանությունների աճը նկատելի լինի: Իսկ ինչ վերաբերում է, թե ով է մեղավոր ստեղծված իրավիճակի համար, չեմ կարող որեւէ անհատի մեղադրել: Միայն կարող եմ ասել, որ այս ամենի պատճառը թերեւս սոցիալ-տնտեսական վիճակն է:
ԷԼԻՆԱՐ ՎԱՐԴԱՆՅԱՆ
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
ՊԱՏԱՍԽԱՆ. Խնդիրը, իհարկե, կապված է մարդկանց բարոյահոգեբանական, սոցիալ-տնտեսական վիճակի բացակայության հետ: Մարդը, ունենալով մի փոքր թույլ խառնվածք, այս ամենն էլ գումարվում է, գնում է այդ ծայրահեղ քայլին: Մեր երկրում մարդը պաշտպանված չէ, ապրելու խնդիր ունի: Պետք է մարդկանց հույս ներշնչել, աշխատատեղերով ապահովել, բարոյահոգեբանական վիճակը բարձրացնել: Միայն այս դեպքում կարող ենք հուսալ, որ ինքնասպանությունները հազվադեպ կլինեն:
ԼՅՈՒԴՄԻԼԱ ՍԱՐԳՍՅԱՆ
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր
ՍԴՀԿ ատենապետ
Պատրաստեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ