2015թ. հունվարի 6-ին Տավուշի մարզի Վազաշեն եւ Այգեհովիտ համայնքների երիտասարդների միջեւ գերեզմանոցում լուրջ վիճաբանություն էր տեղի ունեցել, ինչի արդյունքում սպանվել էր Այգեհովիտ գյուղի բնակիչ, 22-ամյա Սամսոն Մելքումյանը: «Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել հարեւան երկու գյուղերի երիտասադների վեճի շարժառիթը:
Վեճի պատճառը
Եվ այսպես՝ մեզ հասած տեղեկություններով՝ Վազաշեն գյուղի բնակիչ Աշոտ Ավետիսյանն իր «Նիսան» մակնիշի ավտոմեքենայով Ազատամուտ համայնքից վերադառնալիս է եղել իր գյուղ` Վազաշեն: Ճանապարհին Ազատամուտի բնակիչ Աղաբեկ Մելքումյանին թվացել է, որ Աշոտը «Նիսան» մակնիշի ավտոմեքենան վարում է իր ուղղությամբ: Համենայնդեպս, նա շտապ զանգահարել է եղբորը` Համբարձում Մելքումյանին եւ ասել. «Լսեք, Ազատամուտ գյուղից «Նիսան» ավտոմեքենա է գալիս, հեսա կհասնի մեր Այգեհովիտի ճանապարհին, շուտ դուրս եկեք ճանապարհ եւ պարզեք, թե ով է ավտոմեքենայի վարորդը»:
Պարզվում է՝ այդ պահին Աղաբեկի եղբայր Համբարձումը Սամսոն Մելքումյանի եւ իր մի քանի այլ ընկերների հետ խնջույքի է եղել այդ պահին եւ այն ընդհատելով՝ շտապ դուրս է եկել Այգեհովիտ գյուղի ճանապարհ եւ փակել այն: Նա այդ կերպ փորձել է կանգնեցնել Աշոտ Ավետիսյանին: Սակայն, ըստ ականատեսների, Աշոտը տեսնելով, որ Այգեհովիտ գյուղի ճանապարհին մի խումբ տղաներ փակել են իր ճանապարհը, այնուամենայնիվ չի արգելակել ավտոմեքենան, շարունակել է սլանալ: Այդ ընթացքում Սամսոն Մելքումյանը կարողացել է կախվել Աշոտի մեքենայից, բայց անգամ այդ հանգամանքը չի ստիպել Աշոտին կանգնեցնել մեքենան: Հավաքված մյուս տղաները մեքենաներով հետապնդել են նրան: Այդ ընթացքում Աշոտն էլ իր հերթին է զանգահարել ընկերներին եւ խնդրել շտապ հավաքվել Վազաշենի գերեզմանոցում: Եւ, ահա, այդտեղ էլ տեղի է ունեցել հարեւան երկու գյուղերի երիտասարդների «ռազբորկան», որին հաջորդել է ծեծկռտուքը: Այդ ծեծի արդյունքում Այգեհովիտ գյուղի բնակիչ Սամսոն Մելքումյանը ստացած վնասվածքներից հենց տեղում մահացել է:
Ի՞նչ է պատմում սպանվածի հայրը
«Ժողովուրդ»-ի հետ զրուցում սպանված Սամսոնի հայրը՝ Հովհաննես Մելքումյանն ասաց, որ իր որդու սպանության օրը եղել է Ռուսաստանի Դաշնությունում: «Զանգահարեցին եւ ասացին, որ նման բան է եղել, շտապ վերադարձա: Մինչ օրս ինձնից թաքցնում են, ես էլ բան չեմ հարցնում, թե կոնկրետ ինչից է սկսվել վիճաբանությունը: Գիտեմ, որ խմբակային խառը վեճ է եղել: Հաստատ կարող եմ ասել, որ իմ որդին իր հետ վիճաբանողներին չի ճանաչել, ու անգամ հիմա կա մեկ կալանավորված, որին մենք չենք էլ ճանաչում: Որդիս հարվածը ստացել է գլխի շրջանում, դանակի հետք չկա մարմնի վրա: Հիմա մնում է իմանաք, թե ինչով են խփել: Դրա պատասխանը կտա դատաբժշկական փորձաքննությունը, որ մինչ օրս դեռ չենք ստացել: Ինձ քննիչները ասել են, որ արդար քննություն կիրականացնեն, որ մեղավորները կպատժվեն, եւ հրաժարվել են գործի ընթացքի մասին մանրամասներ հայտնել»,-ասաց սպանված տղայի հայրը՝ Հովհաննեսը` նշելով, թե այն կարծիքին չէ, որ մեքենայի վարելու հետ է կապված եղել այս վիճաբանությունը:
Ըստ հոր` Սամսոնը նոր էր նշանվել. «Ռուսաստանն էր գնում-գալիս: 10 օր կլիներ, ինչ նշանեցինք, եւ այս դեպքը եղավ: Ախր այդ օրը նշանած աղջիկը մեր տանն է եղել, տարել է, իր նշանածին ճանապարհել է, ու հետո այս պատմությունն է եղել»:
Նշենք, որ Սամսոնը ունի մեկ եղբայր, որը ծառայում է հայոց բանակում, եւ մեկ քույր:
Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ Սամսոն Մելքումյանի սպանության գործով կալանավորվածը Վազաշեն համայնքի բնակիչ Արման Տոնոյանն է, ով Ավետիսյանի թիմից է եղել: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի հատկանիշներով` սպանություն:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ԿԱԽԱԾ ԶԱՆԳԸ ԵՎ 30 ՀՈԳԱՆՈՑ ԱԿՑԻԱՆ
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին մոտեցող այս պատմական ժամանակաշրջանում բավականին կարեւոր էր երեկ Ստրասբուրգի՝ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում շարունակված թուրք գործչի քննությունը:
Հիշեցնենք, որ երեկ Ստրասբուրգում ավարտվեց «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործի դատական լսումը: 2007 թվականի մարտի 9-ին շվեյցարական դատարանը Թուրքիայի Աշխատանքային կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքին քրեական օրենսգրքի 216-րդ հոդվածով դատապարտել էր ինչպես ֆինանսական, այնպես էլ քրեական պատասխանատվության այն բանի համար, որ նա Հայոց ցեղասպանությունը ժխտել էր: Վուդի Կանտոնի վերաքննիչ դատարանը եւ Դաշնային գերագույն դատարանը մերժել էին մարտի 9-ի դատավճռի դեմ ներկայացված բողոքը:
Իսկ ահա 2013 թվականի դեկտեմբերի 17-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել էր Փերինչեքի հայցը եւ նրան անմեղ համարել՝ մատնանշելով խոսքի ազատության կարեւորությունը: Սակայն Շվեյցարիայի Կառավարությունը մարտի 17-ին հայց էր ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործը Գերագույն պալատ փոխանցելու խնդրանքով: Հայաստանը գործում ներգրավված է որպես երրորդ կողմ:
Երեկ Փերինչեքը ելույթ է ունեցել ՄԻԵԴ-ում եւ ասել, որ հավաքվել են Եվրոպայում մարդու իրավունքների պաշտպանության համար: Նա կրկին հայտարարել է, թե 1915-ի հարցը վիճելի է, եւ մեջբերել է Պոլսո հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի եւ հայ մտավորական Սեւան Նիշանյանի խոսքերը, որոնք նշել են, թե «հայ եւ թուրք շրջանակները միմյանց հանդեպ դաժանություններ են իրականացրել»:
«1915-ի դեպքերը «ցեղասպանության» հասկացության մեջ չեն տեղավորվում, դա են ապացուցում գիտական փաստարկներն ու դատարանին ներկայացված 90 կգ կշռող փաստաթղթերը»,- կրկին հայտարարել է թուրք գործիչը՝ կրկնելով այն մտքերը, ինչի համար Շվեյցարիայի դատարանի կողմից պատժվել էր:
Թե այսքանից հետո ինչ վճիռ կկայացնի եվրոպական դատարանը, դժվար է ասել՝ հաշվի առնելով եվրոպական արժեքները հաճախ ոտնահարելու մինչ այս եղած փաստերը: Բայց մյուս կողմից չի բացառվում, որ Թուրքիային «ծնկի բերելու» համար եվրոպացիները որոշեն հօգուտ Հայաստանի վճիռ կայացնել՝ ճիշտ համարելով Շվեյցարիայի դատարանի կայացրած վճիռը: Եվրոպական դատարանը գործի առնչությամբ վճիռ կկայացնի 6-8 ամսվա ընթացքում:
Աներկբա է, որ այս գործը մեծ կարեւորություն ունի ե՛ւ մեր, ե՛ւ Թուրքիայի համար: Armlur.am-ի թղթակիցը Ստրասբուրգից հայտնեց, որ Եվրադատարանի դիմաց երեկ հավաքվել էին շուրջ 2.000 թուրքեր եւ ադրբեջանցիներ՝ Եվրոպայի մի շարք երկրներից, այդ թվում՝ Ֆրանսիայից, Բելգիայից, Շվեյցարիայից: Նրանց գործողությունները նախապես կազմակերպված էին: Ուշագրավ է, որ թուրքերի հետ են եղել նաեւ դեսպաններ: Այսինքն՝ պետական մակարդակով թուրքերը պատրաստվել էին այս դատին ոչ միայն շենքի ներսում՝ իրավական հարթությունում կռիվ տալու համար, այլեւ դրսում՝ պաստառներով:
Իսկ Հայաստանից Եվրադատարանի առաջ մոտ 30 մարդ էր հավաքվել, պաշտոնատար անձինք չկային: Ակցիան բավականին անկազմակերպ էր: Միայն ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանն էր՝ որպես ՀՀ Կառավարության ներկայացուցիչ, ներսում կռիվ տալիս:
Ասել է թե՝ հայկական լոբբինգը, գոնե առայժմ, ակցիաների մակարդակով լուրջ պարտություն կրեց: Հակառակ հզոր եւ գործուն սփյուռքի մասին հավաստիացումներին՝ տեղի հայկական կառույցների օգնությամբ պաշտոնական Երեւանը այդպես էլ չկարողացավ Եվրադատարանի վրա փոքր-ինչ ազդեցություն գործել, եւ արդյունքում ընդամենը «հաջողվեց» ժամանակ երկարաձգել:
Իսկ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը իր վերջին ասուլիսում հավատացնում էր, որ ինքն ու իր ղեկավարած կառույցը ոչ թե ճառեր ասող են, այլ զանգ կախող: Փաստորեն նաեւ «զանգ կախել»-ը չի ստացվում:
ԱՆԻ ՍՏԵՓԱՆՅԱՆ
ԴԻՄՈՒՄ
«Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյանը համացանցային գրառում է կատարել, որն ավելի շատ կարելի է որակել որպես խնդրանք, կոչ, հորդոր՝ ուղղված Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաղինակ Մկրտչյանին. «Կյանքում որեւէ դատավորի որեւէ խնդրանքով դիմած չկամ: Առաջին անգամ ուզում եմ անձնական խնդրանքս հրապարակավ ձեւակերպել՝ ուղղելով Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաղինակ Մկրտչյանին: Հարգելի՛ պարոն դատավոր, այսօր Դուք հրապարակելու եք սիրված դերասան Վարդան Պետրոսյանի դատավճիռը: Հասկանալի է՝ երիտասարդներ են զոհվել, կորուստն անդառնալի է, եւ այդ ցավը ողջ կյանքում կկրի ոչ միայն Վարդան Պետրոսյանը, այլեւ մենք բոլորս: Ինչ արած, փորձանքներից ապահովագրված չէ ոչ ոք: Իսկապես դժվար է արդար վճիռ կայացնելը, որը երկու կողմերին էլ կբավարարի: Բայց ես ԽՆԴՐՈՒՄ եմ Ձեզ, որ Վարդան Պետրոսյանին վերադարձնեք հայ հանդիսատեսին: Նրա տեղը բանտը չէ: Շնորհակալությո՛ւն»:
ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ
ՀՀ քննչական կոմիտեն Գյումրիում կատարված ողբերգության հետ կապված բազմաթիվ վարկածներ է քննարկում։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Նա խորհուրդ է տվել ենթադրություններ չանել եւ սպասել նախաքննության ավարտին: «Երկու օր առաջ էլ լուրեր տարածեցին, թե ռուսական ռազմաբազայից վեց զինված զինվոր է փախել։ Չի կարելի անել այդպիսի բան եւ չի կարելի հանդուրժել այդպիսի բան»,- նշեց նա: Այն դիտարկմանը, թե իրավապահ մարմինները ոչ հրապարակային են աշխատում, Վլադիմիր Գասպարյանը պատասխանեց. «Իսկ ո՞վ ա ասում, որ քննությունը ձեզ 15 րոպեն մեկ պիտի հաշվետու լինի»։ Նա նշեց, որ Գյումրիում ՌԴ հյուպատոսարանի առջեւ ցուցարարների եւ ոստիկանների միջեւ տեղի ունեցած բախումների կազմակերպիչները կենթարկվեն քրեական պատասխանատվության։ «Չի լինում էդպես, որ ինչ-որ մարդիկ կարող են մարդկանց տրամադրել նման երեւույթների, եւ կազմակերպիչներն անպատիժ մնան։ Նրանք, ովքեր կազմակերպել էին այդ ջարդը, նրանք, ում մտքով անցել էր, որ կարելի է ոստիկաններին քարերով ծեծել, այդ մարդիկ պետք է գտնվեն ու պատժվեն»,- հայտարարեց նա:
«ԻՅԱ՜, ԻՐՈ՞Ք»
Հայոց բանակի կազմավորման 23-ամյակի առթիվ այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոն էր այցելել նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Լրագրողի այն հարցին, թե ինչո՞վ եք պայմանավորում վերջին շրջանում Ադրբեջանի դրսեւորած ագրեսիվ կեցվածքը, Ս. Սարգսյանը հայտարարեց, թե այդ հարցերը պետք է ուղղել ՀՀ պաշտպանության նախարարին: Լրագրողի այն դիտարկմանը, թե Դուք համարվում եք երկրի գերագույն գլխավոր հրամանատարը, Սերժ Սարգսյանն արձագանքեց «Իյա՜, իրո՞ք»: