Սահմանադրական փոփոխությունների միջոցով Հայաստանի ժողովրդի կյանքը բարելավել խոստացող իշխանությունների իրական նպատակները հազիվ թե համընկնեն «Հայեցակարգում» ներակյացված դրույթների հետ: «Ներածություն» բաժնում փոփոխությունների հրատապությունը քննարկելիս հեղինակները անհրաժեշտ են համարում սոցիալական պետության կառուցումը: Մեկ այլ պնդում վերաբերում է իշխանության մարմինների միջեւ զսպման ու հավասարակշռության մեխանիզմների խնդրին: Ակնհայտ է, որ վերոնշյալ երկու սկզբունքներն էլ պետական համակարգը կլանած արատավոր բարքերի ու հարստահարիչների առկայությամբ պարզապես չեն կարող իրականանալ:
Հայեցակարգում նախ եւ առաջ շեշտվում է, որ այսօր հրատապ դարձած սահմանադրական լուծումների մակարդակում մի շարք հիմնախնդիրներ պահանջում են նոր մոտեցումներ: Այդ շարքում հիշատակված է «սոցիալական պետության սահմանադրական սկզբունքի հետեւողական իրացման եւ հստակ ծրագրանպատակային քաղաքականություն իրականացնելու» հիմնահարցերին միտված սահմանադրական երաշխիքների ստեղծման անհրաժեշտությունը: Վերջին տասը եւ ավել տարիներին Հայաստանում իշխանությունների կողմից փաստացիորեն սոցիալական ոչ մի իրական ծրագիր չի իրականացվել: Նպաստները, աշխատավարձերն ու թոշակները մի քանի հազար դրամով բարձրացնելը չի կարող համարվել սոցիալական ծրագիր, հետեւաբար նաեւ՝ սոցիալական պետություն կառուցելուն միտված անգամ տարրական քայլ: Ի վերջո, պետության սոցիալական ֆունկցիան իրականացնելու համար սահմանադրական սկզբունքները լրջագույն նշանակություն ունենալ չեն կարող այն դեպքում, երբ սոցիալական պետության ստեղծումը չի գտնվում իշխանությանը տիրացած խմբի առաջնահերթությունների շարքում:
Սրա լավագույն օրինակը կենսաթոշակային վերջին «բարեփոխումներն» էին, երբ, անգամ Սերժ Սարգսյանի խոստովանությամբ, հասարակության 80%-ից ավելին դեմ էր դրան: Ստացվում է, որ սոցիալական կարեւորագույն այդ հիմնահարցը օրենքի ու պարտադիրի կարգավիճակ է ստանում՝ ի հեճուկս դրան անմիջականորեն առնչվող քաղաքացիների, որոնք բացեիբաց մերժում էին այդ «նորամուծությունները»: Ուշագրավ է, որ Սահմանադրական դատարանն անգամ անկարող եղավ լիովին ընդառաջելու դժգոհ քաղաքացիների բողոքին ու օրենքը պարզապես «հակասահմանադրական» եզրույթի կիրառմամբ չեղյալ հայտարարելու փոխարեն նախընտրեց անորոշ ձեւակերպումներով հնազանդվել իշխանության որոշմանը: Եւ, այնուամենայնիվ, Սահմանադրական դատարանը հարկադրված եղավ ճանաչել նշյալ օրենքի՝ գործող Սահմանադրությանն անհամապատասխանությունը, այսինքն՝ հաստատել, որ սոցիալական սույն ծրագիրն իր գործառույթներից ակնհայտորեն շեղվել է եւ չի ծառայելու հռչակված նպատակներին: Այս ամենով հանդերձ՝ իշխանությունը մանվածապատ միջոցներով պահպանեց «պարտադիր» բաղադրիչը եւ կրկին խախտեց գործող Սահմանադրությունը: Հստակ է, որ այսպիսի տեսքով օրենքը կրկին հակասում է գործող սահմանադրակարգին, այսինքն՝ խախտում է անգամ նման սոցիալական «թերի» երաշխիքներ ունեցող Սահմանադրությունը:
Ինչ վերաբերում է ՍԴ-ի կողմից այս հարցով կայացվելիք նոր որոշմանը, ենթադրելի է, որ այս անգամ Սահմանադրական դատարանը չի անսա ոչ իշխանականների հայցին եւ կկայացնի իշխանությունների շահերից բխող վճիռ, քանի որ այսօր ո՛չ վարչապետի դեմ կուլիսային պայքար կա, ո՛չ էլ փողոցում՝ բողոք: Դա եւս մեկ անգամ ակնհայտ կդարձնի այն իրողությունը, որ սոցիալական պետության կերտմանն ուղղված սահմանադրական ցանկացած երաշխիք չի կարող կանգնեցնել իշխանությունն ուզուրպացրած խմբին այդ երաշխիքներին հակառակ գործողությունների իրականացման գործում: Եթե չստացվի սահմանադրական տվյալ դրույթը հանուն սեփական շահերի մեկնաբանել ու աղավաղել դրա իրական բնույթը, հոգ չէ, կարելի կլինի պարզապես արհամարհել ու անտեսել այն սեփական նեղ-անձնական նպատակների իրականացման համար:
Հայեցակարգում արձանագրված հաջորդ պնդման համաձայն՝ պետք է «երաշխավորել գործառույթ-ինստիտուտ-լիազորություն շղթայի ներդաշնակությունը, իշխանության մարմինների գործառութային, հակակշռող եւ զսպող լիազորությունների հաշվեկշռվածությունը, ամրապնդել իշխանության տարբեր ճյուղերի պատշաճ գործունակությունը եւ գործառութային անկախությունը»: Հար եւ նման «բարի» նպատակներ հետապնդող պնդումները, դժբախտաբար, կտրված են ներկայիս իրականությունից եւ բացի գեղեցիկ շարադրանքից՝ ոչ մի իրական նշանակություն չունեն: Վերցնենք զսպումների ու հավասարակշռության եւ գործառութային անկախության բանաձեւը իշխանության բարձրագույն օղակների միջեւ կատարվող հարաբերությունների համապատկերում: Ժողովրդավարական ու նորմալ երկրներում օրենսդիր եւ գործադիր իշխանությունները միմյանց հետ հակասության մեջ չլինել չեն կարող: Սույն պնդման լավագույն ապացույցը կարելի է տեսնել, օրինակ, ԱՄՆ-ի պատմության մեջ, երբ Կոնգրեսն ու նախագահն իրար հետ հաճախակիորեն են հակասություններ ունեցել պետության առանցքային հարցերի առնչությամբ: Կարո՞ղ է որեւէ մեկը հիշել գեթ մեկ դեպք վերջին 15 տարվա մեր պատմությունից, երբ Ռ. Քոչարյանը եւ ապա Ս. Սարգսյանը թեկուզ մեկ անգամ դժվարության հանդիպած լինեն ԱԺ-ում: Հայաստանում նախագահի ու խորհրդարանի միջեւ հավասարակշռության ու գործառութային անկախության լավագույն շրջանը եղել է 1990-95թթ., երբ անգամ Սահմանադրություն չենք ունեցել: Արդ, Սահմանադրության «քրմերին» այս պարզ օրինակը պետք է բավարար լիներ հասկանալու համար, որ իշխանության մարմինների միջեւ գործառութային անկախություն պահպանելու համար ոչ թե հարկավոր է Սահմանադրություն փոփոխել, այլ առաջին հերթին արդար ու թափանցիկ ընտրություններ անցկացնել:
ՆԺԴԵՀ ՀՈՎՍԵՓՅԱՆ
ԳՅՈՒՂՈՒՄ Ո՛Չ ԾՆՈՒՆԴ ԿԱ, Ո՛Չ ՀԱՐՍԱՆԻՔ, 6 ՄԱՐԴ Է ԱՊՐՈՒՄ
ՀՀ Սյունիքի մարզի Քաշունի համայնքում այս պահին ապրում է 6 մարդ: Իսկ գարնանը նրանց թիվը կավելանա 15-ով: Քաշունի համայնքի ղեկավար Գառնիկ Հակոբյանի պատմելով՝ գյուղում միայն ծեր թոշակառուներն են ապրում: Նրանց մեծ մասը ձմռան օրերին բնակվում է որդիների, դստեր կամ ազգականների տներում: Այս հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց Քաշունիի համայնքապետ Գառնիկ Հակոբյանի հետ:
-Պարո՛ն Հակոբյան, Քաշունի համայնքում այս պահին վեց մա՞րդ է բնակվում:
-Սպասում ենք, որ մարդիկ գան գյուղ: Երեւանին մի նայեք, մեզ մոտ ձյուն է: Դրա համար էլ մեր գյուղի ծերերը գնացել են իրենց բարեկամների տուն: Գարնանը կգան: Պետք է գան, որ իրենց հողամասը մշակեն:
-Ինչո՞վ են մարդիկ ապրում: Եկամտի ի՞նչ աղբյուր ունեն:
-Մեր գյուղի վիճակն անտանելի է, բայց սաղ ենք: Թոշակի հաշվին են: Նպաստ ստացող չկա, իսկ ստացած թոշակն էլ ուղարկում են իրենց տղային կամ աղջկան եւ խնդրում են, որ դրանով վերմիշել, մակարոն գնեն ու գյուղ ուղարկեն: Կարող ես թերթի մի անկյունում գրել, որ գյուղն առաջիկայում չի լինելու: Գյուղում ծնունդ չկա, հարսանիք չկա, իսկ մեծն էլ մեծանում ու մեռնում է: Բա ի՞նչ անենք, ասեք՝ տեսնեմ:
-Իսկ երիտասարդ քաշունցիները որտե՞ղ են հիմա, ինչո՞ւ են գնացել:
-Աշխատանք չկա: Չեն կարողանում ցանք անել: Տարեցներ են ապրում Քաշունիում: Նրանք նույնիսկ անասուն չեն պահում, 70, 80-ամյա ծերեր են, ո՞վ անասուն պահի, գոմ մաքրի, կով կթի, չեն կարող: Հացահատիկ, գարի չեն ցանում, ընդամենը մի երկու կարտոֆիլ են ցանում, ուրիշ ոչ մի բան: Նույնիսկ մի հեկտար չեն կարողանում մշակեն: Հավես չկա, աշխատավոր չկա: Լավ-լավ դաշտեր, անտառ ունենք, եթե ֆերմեր լինի, կարող է հանգիստ իր անասուններին արածացնել:
-Որեւէ պաշտոնյա հետաքրքրվա՞ծ չէ գյուղով:
-Թե մեր մասին մտածող կա, դա միայն մեր մարզպետն է: 200 մետր խողովակ տվեց՝ ոռոգման համակարգը կառուցելու համար, ակումբի տանիքը հեչ էր եղել, վերանորոգեց, հետո մանր-մունր օգնել է: Թե ինչ անում է, էդ մարդն է անում: Ախր, գյուղում շարժ չկա, է: Իսկ համայնքների խոշորացման դեպքում մեր գյուղն ընդհանրապես կկորի: Հիմա դեռ գոնե գյուղի անունը մի տեղ կա գրված:
-Պարո՛ն Հակոբյան, այսօր (երեկ-Ս.Հ.) Հայոց բանակի տարեդարձն է, գյուղում ինչպե՞ս են տոնելու:
-Առանձնապես բան չկա: Մի հարեւան տղա ունենք, առավոտյան ամեն մեկս մի թաս խմել ենք մեր բանակի կենացը: Քնելուց առաջ էլ մի թաս կխմենք: Դուք փետրվարի 23-ին համեցեք մեր գյուղ, այդ օրը կնշենք:
Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ
ԿՆՈՋՆ Է ԴԱՍԱՎՈՐԵԼ
Այն, որ Հայաստանի շատ դպրոցներում կրթական գործընթացները կազմակերպվում են բազմաթիվ խախտումներով, գաղտնիք չէ: Սակայն դպրոցներ կան, որտեղ իրավիճակն ուղղակի տագնապեցնող է: Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի Ոսկեպարի միջնակարգ դպրոցի տնօրեն Հարություն Ալավերդյանը 2012թ. մարտին այդ կրթօջախի տնօրեն է ընտրվել օրենքի խախտումով, քանի որ այդ ժամանակ նա հանդիսանում էր Ոսկեպարի դպրոցի կառավարման խորհրդի նախագահը:
Չունենալով ռազմագիտական կրթություն՝ նա սահմանամերձ Ոսկեպարի դպրոցում դասավանդում է նախնական ռազմական պատրաստություն, նաեւ դպրոցի զինղեկն է: Նրա կինը՝ Նինա Ալավերդյանը, ով սարքաշինական կամ մեքենաշինական տեխնիկում է ավարտել, Ոսկեպարի դպրոցում ներկայումս դասավանդում է հայոց պատմություն, երգեցողություն եւ նկարչություն: Ոսկեպարից հայտնում են, որ ոչ մանկավարժ կնոջը ուսուցիչ հրամանագրելով՝ Հ. Ալավերդյանը լուծել է բուհում սովորող իր երկու զավակների ուսման վարձը զեղչով վճարելու հարցը:
Բացի նշվածից՝ Ոսկեպարի դպրոցի ուսուցիչների մի զգալի մասի մասնագիտությունը կապ չունի նրանց դասավանդած առարկաների հետ: Օրինակ՝ Ոսկեպարի բուժքույրը, ով ռուսական կրթություն ունի, դպրոցում հասարակագիտություն է դասավանդում: Ի դեպ, Հարություն Ալավերդյանը շուրջ 20 տարի աշխատեցնում է 2 փոքր ձեռնարկություն՝ հացահատիկի զտարան, աղաց եւ խառատագործական արհեստանոց, դրանցից շահույթներ է ստանում, սակայն այդ ձեռնարկություններն այդպես էլ հարկային գրանցում չեն ստացել:
Ալավերդյանն իր ոչ մանկավարժ կնոջը տարբեր, տնօրենի խոսքերով՝ «տեխնիկական» առարկաների դասաժամեր հատկացնելը պատճառաբանում է նրանով, որ բարձր լեռնային, սահմանամերձ դպրոցներում օրենքով թույլատրվում է մի քանի դասաժամի համար նոր աշխատող չընդունել, այլ բացը լրացնել «ներքին ռեսուրսներով»: Թե ինչու «ներքին ռեսուրս» ասելով՝ նա հենց իր կնոջն է նկատի ունեցել, արդեն նշել ենք:
Հ. Ալավերդյանն ընդունում է, որ սերմնազտիչ, աղաց ունի, սակայն համարում է, որ գյուղատնտեսական բնույթի աշխատանքները Հայաստանում օրենքով հարկման ենթակա չեն: Նկատենք, որ այդ դեպքում Հայաստանում գործող բոլոր աղացները հարկ չպիտի վճարեին: Իսկ թե խառատագործական արհեստանոցն ինչո՞ւ հարկային տեսչությունում գրանցված չէ, եւ ստացված շահույթներից հարկ չի վճարում, դպրոցի տնօրենն այդ մասին գերադասում է չխոսել: Կարծում ենք, որ այդ հարցը պետք է պարզեն հարկային մարմինները: Իսկ Ոսկեպարի դպրոցում մանկավարժության հետ կապ չունեցող անձանց կողմից տարբեր առարկաների դասավանդումը պետք է առաջին հերթին մտահոգի կրթության ոլորտի պատասխանատուներին, նաեւ Ոսկեպարի բնակիչներին, ում երեխաների ստացած կրթության որակի մասին հարկ չկա խոսելու:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ