ԱՎԻԱՏՈՄՍԵՐԸ ԹԱՆԿԱՑԵԼ ԵՆ ՈՒ ԿԹԱՆԿԱՆԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դոլարի եւ եվրոյի փոխարժեքի կտրուկ բարձրացումն ազդել է նաեւ ավիատոմսերի շուկայի վրա: Որքան թանկացել է դոլարը, եվրոն, այնքան բարձրացել են ավիատոմսերի գները: Ավիատոմսերի վաճառքով զբաղվող մի շարք ընկերություններ ու զբոսաշրջային գործակալություններ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նկատեցին, որ թանկացումներ եղել են բոլոր ուղղություններով: Նրանք միաժամանակ փոխանցեցին, որ եթե եվրոյի փոխարժեքը կրկին բարձրանա, ապա ավիատոմսերն ավելի կթանկանան, եւ ավիաընկերությունները կվերահաշվարկեն տոմսերի արժեքները:

Ավիատոմսերի գների թանկացման պատճառները պարզաբանելու համար «Ժողովուրդ»-ը կապ հաստատեց ավիատոմսեր վերավաճառող ընկերությունների հետ, որոնք մեզ փոխանցեցին, որ այս պահին, դեկտեմբեր ամսվա համեմատ, որոշ չվերթներ մոտ 2.000 դրամով նույնիսկ նվազել են: Բացի այս՝ ավիատոմսերի վաճառքով զբաղվող մարդիկ «Ժողովուրդ»-ին վստահեցրեցին, որ դեկտեմբերին ավիատոմսերի գների արձանագրված բարձրացումը կապված է եղել սեզոնայնության հետ, այսինքն՝ Ամանորին սովորաբար մեծ է լինում երկրից մեկնող եւ ժամանող մարդկանց թիվը:
«Ռիմա թրավել» տուրիստական եւ ավիատոմսերի վաճառքով զբաղվող գործակալության տնօրեն Ռիմա Խաչատրյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ ավիատոմսերը ձեռք են բերվում հենց եվրոյով: «Մենք այն վերածում ենք դրամի, եւ ինքնըստինքյան տոմսը թանկանում է: Եթե դոլարը կամ եվրոն բարձրանում են, բնականաբար, ավիատոմսերի գներն էլ են բարձրանում: Հիմնականում նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին ավիատոմսերի բարձրացված գները գրեթե պահպանվել են հունվարի ընթացքում»,- լրացրեց ընկերության տնօրենը:
Ընկերությունից փոխանցեցին, որ Երեւան-Կրասնոդար չվերթը հոկտեմբեր-սեպտեմբեր ամիսների համեմատ մոտ 10 հազար դրամի չափով թանկացել է: Ավելին՝ այս օրերին նույնպես նշված չվերթի գները տատանվում են, օրինակ՝ այն հիմա արժի 77 հազար 474 դրամ, մինչդեռ նախօրեին այն կազմել է 79 հազար դրամ: Օրինակ՝ ավելի քան 20 հազար դրամով բարձրացել են դեպի ԱՄՆ, Ավստրալիա, Կանադա, Հարավային Ամերիկա տոմսերը:
Իսկ ահա դեպի Լոս Անջելես չվերթը 44-45 հազար դրամի չափով է թանկացել: Տվյալ պահին «Սիբիր-ավիա» ընկերությունը Երեւան-Մոսկվա չվերթի համար առաջարկում է 73 հազար 870 դրամ, իսկ նախօրեին այն կազմել է 76 հազար դրամ:
Ի դեպ, դեպի Երեւան-Կիեւ ավիատոմսերի արժեքի վրա տեւական ժամանակ է, ինչ ակցիաներ են գործում՝ հաշվի առնելով այնտեղ տեղի ունեցող իրադարձությունները: «Մենք նկատել ենք, որ մարդիկ խուսափում են Կիեւով չվերթներից, որքան էլ որ մատչելի է լինում, միեւնույն է՝ նրանք հրաժարվում են»,- նկատեց Ռիմա Խաչատրյանը:
Ընկերության տնօրենը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նկատեց, որ ավիատոմսերի թանկացումն իր վատ ազդեցությունն է ունեցել նաեւ մեկնողների թվի վրա: Նրա խոսքով, բացի ավիատոմսերի թանկացումից, Հայաստանում թանկացել են նաեւ հյուրանոցների, հանգստյան տների գները: Նշենք, որ ավիաընկերություններ էլ կան, որոնք նույնիսկ հունվար ամսվա ընթացքում Երեւան-Մոսկվա չվերթի համար առաջարկել են ավելի քան 85 հազար դրամ:
Վերավաճառող ավիաընկերություններից «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ դեկտեմբերին ավելի շատ վաճառվել են դեպի Ռուսաստանի Դաշնություն ավիատոմսերը: Սակայն անհասկանալի է, թե ինչու են ավիատոմսերը թանկացել այն դեպքում, երբ ողջ աշխարհում վառելիքի գինը նվազում է: Չէ որ սովորաբար ավիատոմսերի գների բարձրացումը հիմնականում պատճառաբանվում է վառելիքի բարձր գնի հետ:
Բայց ավիաընկերություններն այն պատճառաբանում են դոլարի եւ եվրոյի փոխարժեքի բարձրացմամբ: Դոլարի բարձր փոխարժեքով ավիատոմսերի թանկացումը պայմանավորելը միանգամայն անհասկանալի է այն պատճառով, քանի որ դոլարն ի վերջո թանկացել է ոչ ավել, քան 10 տոկոսով: Եթե այս տվյալներով հաշվարկ անեինք, ապա ավիատոմսերի գները պետք է այդքան բարձրանային, այլ ոչ կրկնակի:
Այնուամենայնիվ, ավիատոմսերի չափազանց բարձ գինը, Հայաստանում առկա աղքատությունը, ստեղծված սոցիալական ծանր պայմանները մարդկանց ստիպում են հնարավորինս քիչ օգտվել ավիափոխադրումներից: Այսինքն՝ անհրաժեշտության դեպքում իրենց տեղափոխությունը նրանք հիմնականում կատարում են ցամաքային ճանապարհով:
Իսկ ցամաքային ճանապարհն էլ անկանխատեսելի է. Լարսի անցակետում օրերով սպասելը, բնակլիմայական պայմանների պատճառով փլուզման վտանգը մեծ խնդիր է առաջացնում մարդկանց համար: Եւ չնայած սրան՝ այն մնում է որպես հիմնական փոխադրամիջոց: Եւ որպես մատչելի տարբերակ մարդիկ ստիպված նախընտրում են ցամաքային ճանապարհը:
Ի դեպ, ավիատոմսերի վաճառքով զբաղվող ընկերություններին ավելի շատ մի խնդիր է մտահոգում. Երեւանից դեպի տվյալ ուղղությունը միշտ թանկ է, քան տվյալ ուղղությունից հետադարձը, որովհետեւ այստեղ առկա է օդի գումարը: Բացի այս՝ Հայաստանում, այնուամենայնիվ, ավիատոմսերը նորմայից ավելի թանկ են վաճառվում:
Թե ինչ ազդեցություն կթողնի ավիատոմսերի թանկացումը Հայաստանի տնտեսության վրա, այս պահին դժվար է կանխատեսել: Սակայն զբոսաշրջության ոլորտում մեծ խնդիրներ կառաջացնի:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

 

ՊԱՏԵՐԱԶՄԻ ՏՎԱԾ ՍԵՐԸ
«Տառապանքս այնքան խորն է, որ աշխարհի համար չէ, այլ այն պատերի, որ գիշեր-ցերեկ զգում են անդառնալի կորստիս ցավը»,-սրանք լռության մեջ պարփակված 20-ամյա կորստի պատմություն ունեցող զինվորի մոր՝ Հայկանուշ Մարկոսյանի խոսքերն են: Նրա որդին` Դավիթ Մարկոսյանը, Հրազդան քաղաքում դպրոցը գերազանց ավարտելուց հետո ընդունվել է Չարենցավանի «Պրոգրես» ինստիտուտ՝ ստանալով ծրագրավորողի մասնագիտություն: 1993 թվականի նոյեմբերին զորակոչվել է ազգային բանակ, իսկ արդեն 1994թ-ի ապրիլի 18-ին զոհվել թշնամու նենգ գնդակից:
Մարտական ընկերները պատմում են, որ մինչեւ հանգչելը հորդորում էր չվախենալ, չթաքնվել՝ շարունակ կրկնելով. «Ամեն ինչ սկիզբ ու վերջ ունի»:
Դավիթ Մարկոսյանի մայրը՝ տիկին Հայկանուշը, մեզ ուղեկցեց այն փողոցն ու բակը, որտեղ ծնվել, ապրել ու մեծացել էր Դավիթը: Եւ հենց այդտեղ՝ Հրազդան քաղաքի Կոճոռ թաղամասի 31 տան բակում կանգնեցված է մի գեղեցիկ հուշաղբյուր` ի հիշատակ կյանքը հայրենիքին նվիրաբերած երիտասարդ զինվորի: «Մենք մեր ուժերով, առանց որեւէ մեկի նյութական կամ բարոյական աջակցության, կառուցել ենք այս հուշաղբյուրը՝ ի պատիվ իմ հերոս որդու վառ հիշատակին,-ասաց Հայկանուշ Դանիելյանը՝ ավելացնելով,- գիտեք, գուցե պատերազմը մահ է ծնում, բայց եւ տարածում է սեր, ինչքան էլ սրտումս անասելի ցավ ու կսկիծ կա, կրկնակի հպարտություն կա եւս: Ես ծնել եմ մեկին, ով միայն իմը չէ, այլ մի ողջ ժողովրդինն է: Ես շնորհակալ եմ Աստծուց, որ ինքն էս ձեւով զոհվեց»: Իրապես նման խոսքեր ասելու համար պետք է անասելի ուժ եւ հայրենիքի նկատմամբ անսահման սեր ունենալ: Եվ գուցե հենց այդ սիրո ուժն է, որ Դավիթի ընտանիքին բերեց Աստծո սփոփանքը. թեեւ նա ինքը չհասցրեց զավակ ունենալ, սակայն նրա մահից երկու տարի անց՝ ճիշտ նույն օրը, երբ զոհվեց Դավիթը, ծնվեց նրա ավագ եղբոր՝ Մհեր Մարկոսյանի որդին՝ Դավիթ Մարկոսյանը, ով վերջերս է ազգային բանակից տուն վերադարձել: Կրտսեր Դավիթը մեզ հետ զրույցում հպարտացավ իր ծառայությամբ, բայց նշեց, որ առավել հպարտ է հերոս հորեղբորով:

ԱՐԵՎԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ
Կոտայք

 

 

 

ՀԱՐՁԱԿՈՒՄ
Սուխումիի շրջանի Աչադարա գյուղում ոչ սթափ վիճակում գտնվող ռուս զինվորականները ավազակային հարձակում են իրականացրել 8 ընտանիքների վրա: Միջադեպը գրանցվել է Գումիստ գետի ափին տեղակայված բնակավայրերից մեկում, որտեղ հիմնականում ապրում են էթնիկ հայեր: Ռուս զինվորականները «ՈւԱԶ» մակնիշի մեքենայով ու զրահամեքենաներով ներխուժել են գյուղ, բնակչությունից խլել իրենց ունեցած փողերն ու ոսկյա զարդերը, իսկ ընտանիքներից մեկից առեւանգել են մանդարինով բեռնված մեքենան, որը ճանապարհին փչացել է. ռուս զինվորականներն այն թողել են ճանապարհին, գրում է abkhazeti.info-ն: Ավազակային հարձակման ժամանակ նրանք գյուղի մի քանի բնակիչների հանդեպ ֆիզիկական ուժ են կիրառել: Նրանցից մեկը՝ 76-ամյա Լյուսյա Քոչարյանը, հիվանդանոց է տեղափոխվել: Գործը հետաքննում է Աբխազիայի ոստիկանությունը: Լրատվական կայքը նշում է, որ ոստիկանությունից խոստացել են մեղավորներին հանձնել Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը:

 

ԽՈՋՈՅԱՆԸ ՎԱՏԱՑԵԼ Է
Հայրենադարձված գերի 24-ամյա Արսեն Խոջոյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է: Այս մասին Armlur.am-ին հայտնեց Արսենի մայրը` Սվետլանա Խոջոյանը, ում փոխանցմամբ` որդին կաթված է ստացել: Գերու մոր խոսքով` անքնության եւ սթրեսի հետեւանքով Արսենը տարօրինակ հիվանդություններ է ձեռք բերել, իսկ Երեւան տեղափոխելու համար անհրաժեշտ գումար չունեն:
«Պարարիչ է ստացել: Մաշկային հիվանդությունն էլ էնքան է բարդացել, որ շարժվել չի կարողանում: Երեւանից դեղեր են ուղարկել, քսուքներ, որ գոնե վերքերը լավանան, էն էլ չի օգնում»,- վրդովված ասաց Սվետլանա Խոջոյանը: Նշենք, որ Խոջոյանների ընտանիքը Տավուշի մարզի Կարմիրաղբյուր գյուղում է ապրում, եւ այնտեղից Երեւան հասնելու համար նրանց բավականին մեծ գումար է անհրաժեշտ: «Սպասում ենք՝ նպաստը ստանանք, որ բերենք Երեւան: Չգիտեմ՝ ինչ է կատարվում հետը: Մի տեսակ իրան նման էլ չի»,- ասաց Արսեն Խոջոյանի մայրը: Հիշեցնենք, որ գերությունից վերադառնալուց հետո Արսեն Խոջոյանը հայտնել էր, որ հակառակորդի մոտ գտնվելու ողջ ընթացքում ինքը չի սնվել եւ չի քնել: Սրա արդյունքում նրա մոտ վերջին շրջանում ի հայտ են եկել տարբեր հիվանդություններ:

 

ՍԱԴՐԻՉ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Երեկ գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշել է, որ ներկայումս սահմանին կատարվող գործողությունները հակառակորդի ներքին եւ արտաքին խնդիրների հետ են կապված: Գնդապետի խոսքով՝ վերջին տարիներին հակառակորդի գործողությունները նույնն են: «Ադրբեջանն իր ժողովրդին հանգստացնում եւ հավատացնում է, որ ուժեղ է եւ այդ իսկ պատճառով էլ դիմում է նման սադրիչ գործողությունների»,- նշել է Միքայել Հարությունյանը՝ հավելելով, որ միանշանակ է, որ հայկական կողմը չի ցանկանա, որ զոհ ունենա: «Ցանկալի չէ պատերազմը, սակայն, եթե հակառակորդը նման քայլերի գնա, մենք պատրաստ ենք այնպիսի հակահարվածի, որ կվերհիշեն 90-ականները»,-հայտարարել է Միքայել Հարությունյանը: Հիշեցնենք, որ երեկ Հայոց բանակի օրվա կապակցությամբ «Եռաբլուր» պանթեոնում հավաքվել էին հանրապետության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ:




Լրահոս