«Եթե Հայաստանն ապրիլի 24-ին հարկ համարի հրավիրել Ուկրաինային, այդ ժամանակ էլ պատվիրակության մակարդակը պարզ կլինի»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարի ապրիլի 24-ին լրանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շուրջ 100 երկրների նախագահներին հրավիրել է Հայաստան` հայ ժողովրդի հետ կիսելու դարավոր վիշտը:

Armlur.am-ի հետ զրույցում Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտան նշեց, որ իրենց երկրին դեռ հրավեր չի ուղարկվել` մասնակցելու 1915 թվականի անմեղ զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությունը:

– Պարոն Կուխտա, Դուք Հայաստանում աշխատում եք որպես Ձեր երկրի լիազորված անձ: Խնդրում եմ ասել, թե ի՞նչ գիտեք Հայոց ցեղասպանության մասին և, ընդհանրապես, ինչպիսի՞ն է Ձեր վերաբերմունքը պատմական այդ արյունալի իրադարձությունների նկատմամբ:

– Ապրիլի 24-ը Հայաստանի համար սգո օր է և մեծ ողբերգություն հայ ազգի համար: Հայաստանն ու Ուկրաինան բարեկամ երկրներ են: Մենք բոլորս էլ մեծ ցավով ենք նշում, որ տեղի է ունեցել նման իրադարձություն: Դատապարտում ենք ցանկացած տիպի ոճրագործություն. դա կլինի մեկ մարդու դեմ, թե այդքան թվով մարդկանց: Ուկրաինան և Հայաստանն ինչ-որ առումով նման պատմություններ ունեն:  1932-33 թվականներին Ստալինի ռեժիմի ներքո Ուկրաինայում տեղի ունեցած դեպքերը նմանություն ունեն հայկական դեպքերի հետ: Ուկրաինայում մարդիկ սովից մահանում էին: Շուրջ 4 միլիոն մարդ մահացավ այդ ժամանակ: Մենք մի շարք միջազգային կազմակերպություններում բարձրացնում ենք այդ հարցը և պահանջում, որ 1932-33 թվականներին Ուկրաինայում տեղի ունեցած դեպքերը որակվեն որպես ցեղասպանություն: 1915 թվականն ու 1932-33 թվականները շատ ընդհանրություններ ունեն: Ես համոզված եմ, որ թե՛ Ուկրաինան, թե՛ Հայաստանն ամեն ինչ անելու են, որ այդ դեպքերը մնան պատմության մեջ, սակայն երբևէ չկրկնվեն:

– Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շուրջ 100 երկրների նախագահների հրավիրել է Հայաստան` հայ ժողովրդի հետ կիսելու դարավոր վիշտը: Կցանկանայինք տեղեկանալ՝ Ձեր երկիրը ի՞նչ մակարդակով է ներկայացված լինելու ապրիլի 24-ին, արդյոք նախագահը կժամանի Հայաստան:

-Հենց այս պահին չեմ կարող ասել` ինչ մակարդակով Ուկրաինան կգա Հայաստան` մասնակցելու զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությյանը: Մենք դեռ հրավեր չենք ստացել Սերժ Սարգսյանի կողմից: Եթե Հայաստանը հարկ համարի մեզ այդ օրը Հայաստան հրավիրել, այդ ժամանակ էլ ճիշտ կլինի պատասխանել, թե ինչ մակարդակով կներկայանանք Հայաստան: Ես որպես դեսպան` հայտնում եմ, որ դեռ հրավեր չենք ստացել: Հնարավոր է, որ հրավերն ուղարկվի Ուկրաինայի դեսպանատան միջոցով: Դեռ մի փոքր ժամանակ կա և հենց արդեն հստակ լինի մեր` Հայաստան գալու հարցը, ես որպես դեսպան կտեղեկացնեմ բոլորին` մենք ինչ մակարդակով ենք գալու Հայաստան:

Ինչպե՞ս եք գնահատում Թուրքիայի կողմից կատարված քայլը, որ նա ապրիլի 24-ին շուրջ 22 պետությունների նախագահների հրավիրել է Թուրքիա` մասնակցելու Գալիպոլիի ճակատամարտին նվիրված միջոցառմանը: Հայտնի է, որ Գալիպոլիի մարտերը սկսվել են 1915 թվականի մարտի 18-ին և շարունակվել մինչև 1916 թվականի հունվարի վերջը: Ձեր կարծիքով` Թուրքիայի կողմից կատարված այս քայլը ի՞նչ նպատակ է հետապնդում: Կարծիք կա, որ այս ձևով Թուրքիան փորձում է շեղել աշխարհի ուշադրությունը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցից և հայ ժողովրդի վշտից:

-Շատ վատ է` նման քայլեր են գործի դրվում: Պետք է ասեմ, որ Սարգսյանն ու Էրդողանն արդեն այդ թեմայի վերաբերյալ բազմիցս են խոսել: Կարծում եմ, որ այստեղ մեր տեսակետն այնքան էլ կարևոր չէ, քանի որ սա արդեն քննարկված և արծարծված հարց է: Հայաստանի նախագահն առաջինն է Էրդողանին հրավիրել Հայաստան: Էրդողանն էլ իր հերթին է հրավեր ուղարկել թուրքական կողմին, այնպես որ այս մասին չարժե խոսել: Ես որպես Ուկրաինայի դեսպան կարծում եմ` չունեմ այդ լիազորությունը երկու նախագահների քայլերը մեկնաբանելու: Տեղյակ եմ այդ ողջ ընթացքից, բայց նպատակահարմար չեմ գտնում հանդես գալ որևէ մեկնաբանությամբ:

Լուսինե Հակոբյան




Լրահոս