Հայ հեղափոխական դաշնակցության շարքերում վերջին շրջանում սկսված պառակտումը շարունակում է նոր դրսեւորումներ ստանալ: Երեկ ՀՅԴ-ից դուրս գալու մասին հայտարարություն էին տարածել դաշնակցության Արցախի կառույցի տասը անդամներ: Նրանք իրենց քայլը պատճառաբանել են հետեւյալ կերպ. «Կիսելով ՀՅԴ Լոռու մարզի Սպիտակի կոմիտեի եւ կոմիտեության անդամների հայտարարության մեջ բերած փաստարկները՝ մենք եւս մեկ անգամ խորը հիասթափություն ապրեցինք՝ տեղեկանալով ՀՅԴ վերջին ընդհանուր ժողովի կողմից ընտրված Բյուրոյի կազմից»: Հայտարարության տակ ստորագրել են ՀՅԴ Արցախի «Արթուր Մկրտչյան» եւ «Դիզակ» կոմիտեների հինգական անդամներ:
Ինչպես հայտնի է՝ հունվարի 24-ին թվով 24 դաշնակցականներ ՀՅԴ-ից դուրս գալու հայտարարություն էին տարածել: Վերջիններս ներկայացել էին որպես ՀՅԴ Լոռու մարզի Սպիտակի կոմիտեի եւ կոմիտեության անդամներ: Իսկ իրենց քայլը պատճառաբանել էին այն պնդմամբ, որ «Հայ հեղափոխական դաշնակցությունն ամբողջությամբ շեղվել է իր առաքելությունից եւ վերածվել ապազգային ու անգործունակ կառույցի»:
Իհարկե, դաշնակցությունը պաշտոնապես հայտարարում է, որ կուսակցությունից հեռանալու մասին հայտարարողները վաղուց են ՀՅԴ շարքերը լքել եւ ներկայումս իրենց հետ կապ չունեն: Բայց ինքնին խնդիրը դրանով չի դադարում գոյություն ունենալ:
ՀՅԴ-ի շարքերում առկա հակասությունների մասին դեռեւս վաղուց էր հայտնի, եւ մամուլը բազմիցս անդրադարձել է խնդրին: Սակայն, եթե նախկինում դաշնակցականներն իրենց կուսակցական ղեկավարությունից բողոքում էին ոչ հրապարակային եւ հիմնականում ներքին խոսակցությունների մակարդակով, ապա այժմ բոլոր դժգոհություններն այլեւս դարձել են հրապարակային: ՀՅԴ-ն սովորաբար համարվում է փակ կառույց, եւ այս կուսակցությունում ընդունված չէ «կեղտոտ սպիտակեղենն» ի ցույց դնել: Բայց դժգոհողները նախկինում հույս են ունեցել, որ իրենց կհաջողվի ՀՅԴ-ի 32-րդ ընդհանուր ժողովում իրենց ձայնը լսելի դարձնել եւ հասնել այն բանին, որ կուսակցության ղեկավար մարմնի` Բյուրոյի կազմը փոխվի եւ նախկին ղեկավարությունը` Հրանտ Մարգարյանի գլխավորությամբ, փոխվի: Սակայն ՀՅԴ-ի ընդհանուր ժողովն ավարտվեց, եւ Հրանտ Մարգարյանն ու նրա կողմնակիցները կրկին Բյուրոյում մեծամասնություն կազմեցին: Արդյունքում՝ Հրանտ Մարգարյանը կրկին դարձավ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ, կամ այլ կերպ ասած՝ ՀՅԴ նախագահ: Շարքային դաշնակցականները Հրանտ Մարգարյանին մեղադրում են իշխանությունների հետ գաղտնի համագործակցելու մեջ:
Այն, որ ՀՅԴ-ն կարող է կոալիցիա կազմել իշխող ՀՀԿ-ի հետ, քաղաքական շրջանակներում վաղուց է քննարկվում: Սակայն նոր կոալիցիայի մասին այդպես էլ պաշտոնապես չի հայտարարվում: Դաշնակցականների շրջանում առկա հակասությունների հրապարակայնացվելուց հետո այլեւս հասկանալի է դառնում, թե նոր կոալիցիայի կազմելն ինչու է անընդհատ ձգձգվում: ՀՅԴ-ի շարքերում հետագա պառակտում թույլ չտալու համար ՀՅԴ-ն եւ ՀՀԿ-ն, թերեւս, կշարունակեն ներքին կարգով համագործակցել` ոչ պաշտոնապես:
Ի դեպ, վերջին անգամ դաշնակցության շարքերում համանման հակասություններ եղել էին 2008-ի գարնանը: Այն ժամանակ դաշնակցականները բողոքում էին, քանի որ Մարտի 1-ի դեպքերից եւ տասը քաղաքացիների սպանությունից հետո իրենց կուսակցության ղեկավարությունը համաձայնել էր Սերժ Սարգսյանի հետ կոալիցիա կազմել: Այդ դժգոհությունների արդյունքում կազմալուծվեցին ՀՅԴ-ի՝ Արագածոտնի մարզի Կոշ եւ Ուջան կառույցները: Ի դեպ, այդ կառույցները Արագածոտնի մարզում ամենախոշորներից էին: Ավելին՝ մինչ այդ ընդունված էր, որ Արագածոտնում ամենաազդեցիկ քաղաքական ուժերից մեկը հենց դաշնակցությունն է: Սակայն Կոշի եւ Ուջանի կառույցների լուծարվելուց հետո ՀՅԴ-ն ալեւս դադարեց այդ մարզում ազդեցիկ դերակատարություն ունենալ: 2008-ի հակասությունների արդյունքը եղավ այն, որ 2012-ի ԱԺ ընտրություններում ՀՅԴ-ն մի կերպ կարողացավ հաղթահարել անցողիկ հինգ տոկոսի շեմը:
Վերջին իրադարձությունների ֆոնին ակնհայտ է, որ հաջորդ խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի վիճակն առավել քան բարդ է լինելու, եւ եթե իշխանությունները այս կուսակցությանը «տիրություն» չանեն, ապա ՀՅԴ-ն չի կարողանա անգամ հաղթահարել խորհրդարանում ներկայացված լինելու համար անհրաժեշտ հինգ տոկոս նվազագույն շեմը:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
ԲԱԲԼՈՅԱՆՆ ԱԶԱՏՎԵՑ
Երեկ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ՝ Արման Բաբլոյանն ազատվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն: Ինչպես հայտնի է՝ Արման Բաբլոյանը ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանի որդին է: Վերջինս երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ իր որդին ազատման դիմում է գրել, քանի որ պատրաստվում է այլ աշխատանքի անցնել: «Ինքն այլ աշխատանքի է անցել Արաբկիր բժշկական համալիրում, հիմա այնտեղ ուրիշ գործունեություն է իրականացնելու՝ ավելի ընդլայնված, ստիպված հիմա ինքը պաշտոնը պետք է թողեր, որ գար իր գործերն աներ»,-ասաց պատգամավորը: Մեր այն դիտարկմանը, թե ըստ տեղեկությունների՝ Արման Բաբլոյանը խնդիրներ ունի ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ, եւ վերջին շրջանում նրանց փոխհարաբերությունները լարվել են, ավագ Բաբլոյանն ասաց. «Չէ, չէ, ընդհակառակը: Կառավարությունում մեզ ամենամոտիկը Հովիկ Աբրահամյանն է, չեմ հասկանում, թե մենք ինչ պրոբլեմ պետք է ունենաք պարոն Աբրահամյանի հետ»: Թերեւս, ակնհայտ է դառնում, որ առավել իրատեսական են այն լուրերը, որ Արման Բաբլոյանն ի սկզբանե չի կարողացել «լեզու գտնել» ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հետ:
ՓԱԿՎԵԼ Է
Վերջին մի քանի տարիներին ՀՀ մարզերում եւ մայրաքաղաք Երեւանում սնկի պես աճել է այն օբյեկտների թիվը, որոնք փակվում են: Երեւանյան փողոցներով քայլելիս շատերը կնկատեն վարձակալվող տարածքների հայտարարություններ: Փակվում են ոչ միայն հագուստի, մթերքի խանութները, այլեւ սրճարանները: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ «Էս ԷՖ ՍԻ էքսպրես» արագ սննդի կետը, որը երկար տարիներ գործում էր, փակվել է: Նշենք, որ այս ժամանցի կենտրոնը գտնվում էր Տիգրան Մեծի պողոտա, 12 շենք հասցեում: Թե ինչն է մանկական սրճարանի փակման պատճառը, «Ժողովուրդ»-ին չհաջողվեց պարզել, քանի որ հայտնի հեռախոսահամարներն անհասանելի են:
ԿՎԵՐԱՆՈՐՈԳԵՆ
Երեւանի քաղաքապետարանն այս տարվա հունվարի 27-ին պայմանագիր է կնքել «Լեւ» ՍՊԸ-ի հետ, ըստ որի՝ ընկերությունը պետք է իրականացնի Երեւանի Նոր Նորք վարչական շրջանի տարածքում տեղադրված զրուցարանների ընթացիկ վերանորոգման աշխատանքները: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ այդ աշխատանքների համար քաղաքապետարանը ծախսելու է 2 մլն 543 հազար դրամ: Պայմանագրի կատարման վերջնաժամկետն այս տարվա հոկտեմբերի 5-ն է:
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ
ՕԼԱՆԴԸ ԿԳԱ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը երեկ երեկոյան մասնակցել է ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի տարեկան ճաշկերույթին եւ հանդես գալով բացառիկ ելույթով՝ հայտարարել, որ «հանուն Ֆրանսիայի» այս տարվա ապրիլի 24-ին կլինի Երեւանում:«Ժամանակն է վերջ տալ տաբուներին: Թուրքիայի ջանքերը պետք է շարունակվեն, եւ ես համոզված եմ, որ հարյուրամյակի այս տարին կբերի նոր քայլեր, կբացի նոր փուլեր՝ Հայոց ցեղասպանության ճանաչման համար»,-ասել է Օլանդը` հիշեցնելով անցյալ ապրիլի 24-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի արած հայտարարությունը, թե կատարվածը «ընդհանուր ցավ» է:
ԻՍԿ ՈՎ Է ԽԱՆԳԱՐՈՒՄ
Հոլոքոսթի զոհերի հիշատակի միջազգային օրվա կապակցությամբ ՄԱԿ-ում կայացած միջոցառման ժամանակ Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը խոսել է նաեւ Հայոց ցեղասպանության մասին: Նշելով, որ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում ավելի քան մեկ միլիոն հայ է սպանվել, նա ընդգծել է. «Մինչ օրս Իսրայելը դա չի ճանաչել որպես Ցեղասպանություն»: Ռիվլինը մեջբերել է 1915-ին Պաղեստինում հրեական լրտեսական ցանցի՝ «Նիլի»-ի առաջատար անդամներից մեկի՝ Ավշալոմ Ֆեյնբերգի գրածը. «Ես ատամներս սեղմած մտածում եմ, թե ով է լինելու հաջորդը: Երուսաղեմի ճանապարհին, երբ քայլում էի օրհնված եւ սուրբ հողի վրայով, ինքս ինձ հարցրեցի՝ արդյո՞ք մենք ապրում ենք ժամանակակից աշխարհում՝ 1915 թվականին, թե՞ Տիտոսի եւ Նաբուգոդոնոսորի ժամանակներում: Արդյո՞ք մոռացել եմ, որ հրեա եմ: Ես նաեւ հարցրեցի ինձ՝ եթե իրավունք ունեմ ողբալու միայն իմ ժողովրդի վիշտը, մի՞թե Երեմիա մարգարեն արցունք չի թափել հայերի հետ միասին»:
ՍՊԱՌՆՈՒՄ Է
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, թե հնարավոր է` Բելառուսը դուրս գա ԵՏՄ-ի կազմից, եթե շարունակվի առեւտրային պատերազմը Ռուսաստանի հետ:
ԲՈՒԹ ԳՈՐԾԻՔՈՎ
ՀՀ ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանի նկատմամբ դեկտեմբերի 11-ի երեկոյան կիրառված բռնության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության շրջանակում երեկ ստացվել է տուժողի նկատմամբ նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, ըստ որի՝ Մանուկյանի ստացած մարմնական վնասվածքները` գլխուղեղի ցնցման, վերին շրթունքի, աջ ակնակապիճի վերին եւ ստորին կոպերի փափուկ հյուսվածքների սալջարդերի եւ արյունազեղումների ձեւերով, պատճառվել են բութ առարկայի (ների) ներգործության հետեւանքով, որոնք առողջությանը պատճառել են թեթեւ վնաս` առողջության կարճատեւ քայքայումով։
ԱՌԱՋԱՐԿ ՕՍԿԱՆՅԱՆԻՑ
Վարդան Օսկանյանը սոցիալական ցանցի իր էջում հանդես է եկել առաջարկով. «Այս օրերին ամբողջ աշխարհը նշում է Օսվենցիմի ազատագրման 70-ամյակը: Այս տարի նաեւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցն է: Այս երկու իրադարձությունները սերտորեն իրար հետ կապված են: Հիշում եմ՝ տասը տարի առաջ, երբ արտաքին գործերի նախարար էի, ՄԱԿ-ում գլխավոր վեհաժողովի հատուկ նիստ էր գումարվել՝ նվիրված Օսվենցիմի ազատագրման 60-ամյակին, որին ելույթ ունեցա նաեւ ես։ Դա 2005-ի հունվարի 24-ն էր։ Ես կարծում եմ՝ 2015-ը հարմար առիթ է, որպեսզի ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովում նման միջոցառում նախաձեռնվի նաեւ նվիրված Հայոց ցեղասպանությանը»: