«ՊԵՏՔ Է ՃԱՆԱՉԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ». ԹՈՒՐՔ ԳՈՐԾԻՉ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Թուրքիայի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի վերլուծաբան, գրող Մեհմեթ Ֆաթիհ Օզթարսուի հետ:

-Դուք՝ որպես Թուրքիայի մտավորականության ներկայացուցիչ, ի՞նչ եք կարծում՝ ինչ պետք է անեն Թուրքիայի իշխանությունները Հայոց ցեղասպանության 100-ամյակին:
-Ինչպես գիտեք՝ Թուրքիայի մտավորականությունը կողմ է պետական իշխանությունների կողմից Ցեղասպանության ճանաչմանը: Կարծում եմ՝ 100-ամյակի շեմին Անկարան կարող է սիմվոլիկ քայլերի գնալ` հայ ժողովրդի հանդեպ իր համակրանքը ցույց տալու համար: Ցեղասպանության ճանաչումը դժվարին հարց է, քանի որ այս պետությունը չի եղել այն ժամանակ: Օրենքով անհնար է ճնշում գործադրել այս պետության վրա: Սակայն կարեւոր է տեսնել, որ նեոօսմանիզմն աճում է հատկապես Արդարություն ու զարգացում կուսակցության կառավարման օրոք: Մենք կարող ենք հարց ուղղել, թե արդյոք Թուրքիան պաշտպանում է կամ չի պաշտպանում Օսմանյան կայսրության ժառանգությունն ամբողջությամբ: Թուրքիայի նախագահն ու մնացած բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարում են, որ Թուրքիան Օսմանյան կայսրության իրավահաջորդն է: Իսկ Հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրության ժառանգության մի մասն է, ու հենց այդ խմբի մարդկանց կողմից էլ իրականացվել է, իսկ ինչու չեն ճանաչում: Սա տրամաբանությանը չի համապատասխանում:
-Ճիշտ համարում եք, որ Թուրքիան հենց 100-ամյակի օրը` ապրիլի 24-ին, որոշեց տոնել Գալիպոլի ճակատամարտի տարելիցը, մինչդեռ Գալիպոլի ճակատամարտը սկսվել է 1915 թ. մարտի 18-ին ու շարունակվել մինչ 1916 հունվարը: Ձեր կարծիքով՝ ի՞նչ նպատակ է հետապնդում Թուրքիան:
-Դուք նշեցիք, որ Գալիպոլը սկսվել է մարտի 18-ին, եւ Թուրքիան այն տոնում է հենց այդ նույն օրը: Դուք ճիշտ եք: Գալիպոլի ճակատամարտը ոչ մի կապ չունի ապրիլի 24-ի հետ: Սակայն Թուրքիան փորձում է ընդհանուր տոնակատարություն կազմակերպել իմպերիալիզմի խորհրդանշանի դեմ պայքարելու համար: Լավ գաղափար կլիներ միասին հավաքել հայ ու թուրք քաղաքական գործիչներին այդ իմաստալի օրը: Չէ որ հայ զինվորները եւս պայքարել են Օսմանյան հայրենիքը պաշտպանելու համար: Սակայն է՛լ ավելի լավ կլիներ, եթե Թուրքիայի նախագահը նախ ընդուներ Սարգսյանի հրավերը: Հայաստանի նախագահը խելացի մարդ է, ու նա իր կարծիքն այլ կերպ արտահայտեց: Նա իրավացի է: Ես կցանկանայի նախ Թուրքիայի նախագահին տեսնել Երեւանում, ինչից հետո կկարողանային միասին այցելել Գալիպոլի: Դա կարող էր երկու երկրների հարաբերություններում հիասքանչ շրջադարձ լինել:
-Դուք Հայաստանի վերաբերյալ նովել եք գրել, կպատմեք՝ ինչի՞ մասին է այն:
-Ես մի շատ հետաքրքիր նովել եմ գրել Հայաստանի մասին: Դրա բովանդակությունը ներկայացնում է տարածաշրջանում Հայաստանի ներկայիս դրությունը` ընդգծելով Թուրքիայի, Ադրբեջանի ու Ռուսաստանի հետ հարաբերությունները: Անկասկած, ինչպես սովորաբար է լինում, կա սիրո պատմություն, բայց ոչ միայն հայ աղջկա ու թուրք տղայի միջեւ: Երկու ազգերի միջեւ հարաբերություններում հիմնավոր բարդություններ կան: Օտարերկրացի ընթերցողը կկարողանա տեսնել Երեւանի ամեն մի անկյունը: Թուրքերը, հայերն ու նաեւ ադրբեջանցիները շատ կհավանեն այս նովելը: Իմ նովելը կհրապարակվի փետրվարին, ու խոստանում եմ, որ դու կլինես առաջինը, ում հետ կխոսեմ իմ նովելի մասին:
-Ի՞նչ եք կարծում՝ ի՞նչպես կզարգանան հայ-թուրքական հարաբերությունները 100-ամյակից հետո:
-Ամեն ինչ կախված է մեր երկու ժողովուրդներից: Հարաբերությունները կփոխվեն այնպես, ինչպես մենք կցանկանանք: Նախ եւ առաջ մենք պետք է ինքներս մեզ հարց տանք, թե ցանկանում ենք, արդյո՞ք, ինչ-որ բան զարգացնել:
-Որպես թուրք ազգի ներկայացուցիչ՝ ի՞նչ կցանկանայիք անձամբ ասել հայ ժողովրդին մարդկության հանդեպ մեծ ոճրագործության կապակցությամբ:
-Ընդդեմ մարդկության հանցագործությունը ոչ միայն Ցեղասպանությունն է, այլ նաեւ՝ մեկ մարդու սպանությունը: Ըստ իս` 1915 թ. դեպքերը, Ղարաբաղի ջարդերը ու ԱՍԱԼԱ-ի հարձակումն ընդդեմ մարդկության հանցագործություններ են ու գտնվում են միեւնույն հարթության վրա: Նպատակը մեկն է, եւ մենք պետք է սա իմանանք: Կարծում եմ՝ մենք կարող ենք ապրել խաղաղությամբ` մոռանալով մեր մեղքով լի պատմությունը:

Զրուցեց ՏԱԹԵՎ ՖՐԱՆԳՅԱՆԸ

 

 

 
ԵՐԵԽԱՅԻՆ ՏԱՐԵԼ Է ՓՈՂԻ ՀԱՄԱՐ
Հունվարի 29-ին Արարատի մարզի Մարմարաշեն համայնքում արտառոց դեպք էր տեղի ունեցել: Գյուղի բնակիչներից մեկն առեւանգել էր իր համագյուղացու 15-ամյա որդուն եւ այդ կերպ պահանջել իր 2000 դոլար պարտքը:
Armlur.am-ի հետ զրույցում Մարմարաշենի գյուղապետ Էդվարդ Հակոբյանը պատմեց դեպքի մանրամասները: Ըստ նրա՝ Մարմարաշենի բնակիչ, ազգությամբ եզդի Մայիս Մստոյանն առեւանգել է իր համագյուղացու 15-ամյա որդուն. «Երեխայի անունը հարգելի պատճառներով չեմ ասում: Ուրեմն Մստոյանը մեր գյուղում առավել հայտնի է Պիտո մականվամբ ու անասնապահությամբ է զբաղվում: Իր ծանոթ ընկերոջ հետ պարտք ու պահանջ են ունեցել: Չեն կարողացել իրենց հաշիվները մաքրեն: Արդյունքում Պիտոն որոշել է իր ծանոթի երեխուն վերցնել ու տանել իր տուն: Բա ի՞նչ աներ, 2000 դոլարի պարտք ուներ էդ երեխու ընտանիքը Պիտոյին: Երեխուն տարել է իր տուն, տաք-տաք պահել ա, կերցրել, խմցրել»:
Սակայն, ինչպես պարզեցինք գյուղապետից, անչափահաս երեխայի ծնողները՝ տեսնելով, որ իրենց երեխան չկա, շտապ դիմել են ոստիկանություն. «Ծնողները ոստիկանության հետ գնացել են Պիտոյի տուն եւ երեխուն հետ են վերցրել: Ախր դա անելու բան ա՞: Դա շանտաժ ա, կլյաուզնիկություն, հասկանալի է՝ պարտք կա, բայց սա էլ արարք չի»:
Մեզ հաջողվեց զրուցել նաեւ երեխային առեւանգողի հետ: Վերջինս վստահեցրեց, որ ինքը չէր առեւանգել երեխային, քանի որ նրա ընտանիքի հետ հաց է կիսել եւ իր տանը մնալու տեղ է տվել: «Կատարվածն անչափահասի ծնողների երեւակայության արդյունքն է: Մեր երեխան է: Մեր տանը տեղ ենք տվել: Այդ օրն էլ իրար հետ իջել էինք ֆերմա, հաց կերել, մեկ էլ տեսնենք՝ հայրն ու մայրը ոստիկանների հետ մտան ներս: Էրեխուն վերցրին, գնացին: Էդ ընտանիքը մեր հայաթի հարեւանն է, իմ մոտ են աշխատում, կովերս են պահում»:
Ավելին՝ անասնապահ Մայիս Մստոյանը նկատեց, որ եթե որեւէ մեկին առեւանգում են, ապա. «Չեն տանում տանը պահում: Ասում եմ՝ ինչի՞ ես ոստիկանություն դիմել, ասում է, թե բա փո՞ղը: Ամեն ինչ նորմալ ա, թյուրիմացություն ա եղել, կանցնի»:
Նշենք, որ անչափահաս երեխայի ծնողները ոստիկանությունից հետ են վերցրել իրենց բողոքը:

 

 

 
ՍԱԴՐԱՆՔ Է
«Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով անօդաչու սարքերի թռիչքները սադրանք են: Կողմերը պետք է նվազեցնեն լարվածությունը»,- թվիթերի իր էջում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը: Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀ ՊՆ խոսնակը հայտնել էր ադրբեջանական կողմից սեփական անօդաչու սարքը կործանելու մասին:

 

ՄԻՋԱՄՏՈՒՄ ԵՆ
Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է ամենամյա զեկույցը, որի համաձայն՝ 2014 թվականին Հայաստանի իշխանությունները շարունակել են միջամտել խաղաղ ցույցերին: Համաձայն իրավապաշտպանների՝ անցած տարվա առաջին կիսամյակում ոստիկանությունը խաղաղ ցույցերի ընթացքում առնվազն 70 ակտիվիստի է ձերբակալել: Հիշատակելով Աֆրիկյանների տան, էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ակցիաների ընթացքում քաղաքացիներին բերման ենթարկելու դեպքերը, Երեւանի մետրոպոլիտենի երեք աշխատակիցների հեռացման, ինչպես նաեւ՝ Շանթ Հարությունյանի եւ նրա 13 աջակիցների դատավարությունը՝ իրավապաշտպանները եզրակացրել են, որ այդ ամենի դրդապատճառները քաղաքական են:

 

ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԽԱԽՏԵԼ
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն՝ հունվարի 29-ին եւ լույս 30-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 300 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 4000 կրակոց:

 

ԵՂԱՆԱԿԸ ԿՏԱՔԱՆԱ
Հունվարի 31-ին, փետրվարի 1-ից 4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հարավ-արեւմտյան քամու արագությունը կլինի 2-5 մ/վրկ: Փետրվարի 2-ից 4-ը հատկապես Լոռիում, Տավուշում եւ Սյունիքում սպասվում է քամու ուժգնացում 20-25 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 1-ից 3-ը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:

 

ԱՂԻ ԲԼԻԹԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ
Տարվա մեջ առնվազն մեկ օր երիտասարդներն իրենց նվիրական ու գաղտնի երազանքները վստահում են Սուրբ Սարգսին` ապավինելով նրա օգնությանն ու բարեխոսությանը: Այս տարի Սուրբ Սարգսի տոնը կնշվի հունվարի 31-ին: Սրբի անունը կրող եկեղեցիներում պատարագ է մատուցվելու եւ կատարվելու է երիտասարդների օրհնության արարողություն: Ըստ ավանդույթի՝ տոնի նախօրեին չամուսնացած աղջիկներն ու տղաներն աղի բլիթ են ուտում, որպեսզի երազում տեսնեն իրենց ապագա կողակցին, ով, ջրով լի գավաթը ձեռքին, կներկայանա իրենց:




Լրահոս