ԳԱՎԱՌԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՉԵՆ ՍՏԱՆԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառի Արծվաքար թաղամասի բնակիչներին այս տարվա հունիսին տեղացած կարկուտի պատճառած վնասների դիմաց փոխհատուցում չեն տվել: Իսկ կտան, թե ոչ` առայժմ անհայտ է:
Հիշեցնենք, որ Գեղարքունիքի մարզում հունիսի 9-ին մոտ 53 րոպե տեղացած կարկուտը մեծ վնասներ էր հասցրել ոչ միայն տեղի գյուղատնտեսությանը. սատկել էին կենդանիներ, պտղատու ծառերն արմատախիլ էին եղել, փլվել էին պատերը:
«Ոչ մի տեսակի օգնություն չենք ստացել»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց Արծվաքարի բնակիչ Իշխան Սարգսյանը: Գյուղացին մեզ բացատրեց, որ իր մշակած հողերի «վարուցանքը գյուղվարկով» էր արել, ու հիմա բնության մատուցած անակնկալի հետեւանքով Սարգսյանը ստիպված է իր թոշակով վարկերը մարել: «Գոնե հակակարկտային կայաններ տեղադրեն: Ախր էսպես չի լինի: Չգիտենք, թե ինչ անենք: Վախենում ենք անգամ աշնանը մի բան ցանենք»,-դժգոհեց Ի. Սարգսյանը:
Գյուղացիներից Սուրիկ Սուքիասյանն էլ տեղեկացրեց, որ իրենք դիմում-բողոք են ներկայացրել Գավառի քաղաքապետարան. «Այսպես պատասխանեցին: (կարդում է) Հայտնում ենք, որ ներկա վիճակում քաղաքապետարանը չունի ֆինանսական հնարավորություններ՝ ձեզ աջակցելու համար: Հետագայում` ՀՀ կառավարության կողմից ֆինանսական միջոցներ տրամադրելու դեպքում, ձեր դիմումը հաշվի կառնվի, եւ ձեզ կտրվի համապատասխան փոխհատուցում»:
Այսպիսով` քաղաքային իշխանությունը սպասում է գործադիր մարմնի պատասխանին: «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել, թե ինչ քայլեր է ձեռնարկում ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը, երբ է փոխհատուցում տրվելու գյուղացիներին: Նախարարության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Վահագն Մարտիրոսյանն ասաց. «Փոխհատուցման մեխանիզմը գյուղատնտեսության նախարարությունը չի որոշում: Դա տալիս է ՀՀ կառավարությունը»: Նկատենք, որ գյուղնախարարությունը հենց կառավարության անդամ է, եւ տարօրինակ է, որ այս գերատեսչությունից «խոսքը կտուրն են գցում» այսպիսի ծիծաղելի մեկնաբանությամբ:
Վարչության պետի խոսքերով` Հայաստանի շատ մարզերում օգնության անհրաժեշտություն կա. «Մի մասը ստացել է, մյուս մասը` ոչ, այն մյուս մասը դեռ ընթացքի մեջ է: Նման դեպքերում գյուղնախարարությունը չէ, որ պետք է փոխհատուցում անի»: Նրա տեղեկացմամբ` նման դեպքերում մարզպետարանը հանձնաժողով պետք է ստեղծի եւ որոշի վնասի չափերը: Այնուհետեւ դրանք պիտի ներկայացվեն ՀՀ կառավարությանը: Գործադիրն էլ, լսելով հիմնավորումները, որոշում պիտի կայացնի՝ հնարավորության դեպքում փոխհատուցման համար գումար տրամադրել:
Տեղեկացնենք, որ Արծվաքար թաղամասում հակակարկտային կայաններ տեղադրված չեն: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հակակարկտային ծառայության պետ Ռոբերտ Հովսեփյանը մեզ հետ զրույցում ասաց. «Դեռեւս չկա նման նախագիծ: Այդ հարցի շուրջ զրուցեցի Գավառի քաղաքապետի հետ եւ նրան առաջարկեցի դիմել ՀՀ կառավարությանը»: «Ժողովուրդ»-ը փորձեց Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանից տեղեկանալ, թե երբ են Գեղարքունիքի մարզում հակակարկտային կայաններ տեղադրվելու. «Դեռ նման նախագիծ չկա: Դա ՀՀ կառավարության գործունեության ծրագրով ամրագրված է: Հերթականությամբ տեղադրվում է, առաջնայինն Արարատյան դաշտավայրն է»:
Փաստորեն, Գավառի բնակիչները ոչ միայն փոխհատուցում չեն ստանալու, այլեւ պիտի շարունակեն ռիսկի դիմելով զբաղվել գյուղատնտեսությամբ, քանի որ հակակարկտային կայանների հեռանկար չկա: Եւ այսքանից հետո ՀՀ վարչապետը` մեծ-մեծ կոճակներով ժակետը հագին, շարունակում է խոսել դեմքով դեպի գյուղը շրջվելու իրենց «սովորության» մասին:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս