«Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության ցուցակը նայելիս համոզվում ես, որ «պատահական» ու «հասարակ» մարդիկ պատգամավոր չեն դառնում, որ Գագիկ Ծառուկյանն ընտրում է կա՛մ ֆինանսական կապիտալի ու գործարար աշխարհի ներկայացուցիչներին, կա՛մ էլ նրանց, ում հետ որոշակի կապեր ու հարաբերություններ կան: Այսինքն՝ որքան էլ մեծ թվով նվիրյալներ ու ինտելեկտուալներ օրնիբուն աշխատեն կուսակցության համար, կարեւոր գործեր անեն, միեւնույն է, պատգամավոր են դառնում միայն նրանք, ովքեր համապատասխանում են ծառուկյանական «չափորոշիչներին»: Նրանցից մեկն էլ Արա Արամյանն է, ում մասին ժամանակին հնչեցին «դրական» գնահատականներ, շատերը ոգեւորված ասացին, որ նա մեր ամենաբարոյական պաշտոնյաներից էր, որը հրաժարվեց նախարարի պաշտոնից այն բանի համար, որ որդին իրեն «լավ չէր պահել»…
Իհարկե, նրա հրաժարականը քաղաքաշինության նախարարի պաշտոնից ուշագրավ քայլ էր: 2004թ. «Տրիումֆ» սրճարանում կրակոցներ էին հնչել, վիրավորված հինգ անձանցից մեկն էլ Արա Արամյանի որդին էր՝ Հայկը: Նախագահ Քոչարյանն իր բացասական վերաբերմունքն էր արտահայտել կատարվածի կապակցությամբ՝ ասելով, որ «համեստությունը պետք է ղեկավար այրերի մշակույթը լինի»: Իսկ ահա Արամյանը հակադարձել էր. «Իմ ընտանիքը, իմ երեխաներն ամենահամեստն են այս աշխարհում»: Հակադարձել էր, սակայն… հրաժարական տվել: Իրավապահները, իհարկե, գրեթե «ջրեցին» այդ գործը, շատ բան մնաց «մթության» մեջ… Ճիշտ է, ապօրինի պահվող «Մաուզեր» ատրճանակից դիտավորությամբ կրակելու եւ երեք անձի միջին ծանրության մարմնական վնասվածք հասցնելու համար Հայկ Արամյանը դատապարտվել է 6 տարվա ազատազրկման, իսկ սրճարանի անվտանգության ծառայության աշխատակից Արթուր Գեւորգյանը՝ Արամյանին դանակով միջին ծանրության վնասվածք պատճառելու համար 3,5 տարվա ազատազրկման, սակայն վճիռն ի կատար չի ածվել…
Հրաժարականից հետո էլ Արամյանը զբաղեցրեց ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի գլխավոր խորհրդականի պաշտոնը, այստեղ աշխատեց մինչեւ 2006թ., իսկ հետո էլ զբաղվեց գործարարությամբ: Բայց գործարարության հանդեպ սերը միանգամից չէր ծնունդ առել: Չարենցավանում ծնված ու մեծացած Ա. Արամյանը 1978-ին ավարտել է Երեւանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի մեխանիկական ֆակուլտետը, ստացել ճարտարագետ-մեխանիկի որակավորում: Պահեստի լեյտենանտի կոչում է ստացել, սակայն բանակում չի ծառայել, այլ 1978-1985թթ. Չարենցավանի «Նիիխիտ» գործարանում աշխատել է ճարտարագետ-տեխնոլոգ, մեխանիկական արտադրամասի վարպետ, առաջին արտադրամասի պետ, ոչ ստանդարտ սարքավորումների արտադրամասի պետ, գլխավոր մեխանիկ: 1985-1993թթ. նրա կենսագրության հերթական առաջքայլն է եղել ու նա նշանակվել է փոխտնօրեն: Ուշագրավ է, որ 1993թ. նշանակվել է «Կայծ» գործարանի տնօրեն: Ասում ենք ուշագրավ, որովհետեւ այս շրջանում երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնում էր Խոսրով Հարությունյանը, եւ Չարենցավանում որեւէ նշանակում չէր արվում առանց նրա գիտության… 1996թ. Արամյանը նշանակվել է «Կայծ» ՓԲԸ նախագահ, այսինքն՝ գլխավոր սեփականատեր կամ գլխավոր փայատեր: 2003թ. ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով՝ «Օրինաց երկիր» կուսակցությունից:
ՕԵԿ-ի հին անդամները մինչեւ այսօր էլ լավ են արտահայտվում Արամյանի մասին, ասում են, որ չէր ձգտում «առաջինների» շարքում լինել, քծնել Ա. Բաղդասարյանին, կուրծք ծեծել նրա համար: Ոմանք էլ ասում են, որ Արամյանին Բաղդասարյանն էր բերել ՕԵԿ, սակայն նրա թիկունքին կանգնած էին որոշակի ուժեր, որոնք էլ նպաստեցին այն բանին, որ պատգամավորական մանդատը ստանալուց անմիջապես հետո Արամյանը հրաժարվի դրանից եւ դառնա քաղաքաշինության նախարար: Սա ձեռնտու էր նաեւ Ա. Բաղդասարյանին, քանի որ Աբովյան փողոցում կառուցվում էր կուսակցության հսկա շենքը, որի շինարարության համար շինանյութ ու փողեր էին հարկավոր…
Ա. Արամյանը, դառնալով պատգամավոր ու նախարար, չէր հրաժարվել «Կայծ» ՓԲԸ խորհրդի նախագահի պաշտոնից, ըստ էության՝ սեփականությունից ու գործարարությունից, ուստի 2006-ից սկսած՝ «դուրս եկավ ընդհատակից» ու արդեն հրապարակայնորեն աշխատեց իր ընկերությունում՝ տարեցտարի «բարգավաճ երկիր» կառուցելով: «…Բոլորն էլ ցանկանում են երկիրը շենացնել՝ մեկը պատգամավոր դառնալով, մեկը ծառ տնկելով, մյուսն էլ ծխախոտը մեքենայից չգցելով… ԲՀԿ-ում չեն պայմանավորվում, բոլորն աշխատում են միայն երկրի բարգավաճման համար, մնացած հարցերը երկրորդական են»,-սրանք Արամյանի խոսքերն են, որը գուցե բարգավաճ Հայաստան կառուցել է առանձին վերցված ինչ-որ տարածքում: Մանավանդ որ որոշ չարենցավանցիներ ասում են, որ նա լավ ղեկավար է, լավ է կազմակերպում աշխատանքները, երբեմն նաեւ հասկանում է դիմացինի ցավն ու հոգսը, իսկ ահա ոմանք էլ ասում են, թե, այնուամենայնիվ, «Կայծ»-ը ղեկավարել է միայն ու միայն յուրայինների հետ, լսել է միայն նրանց եւ զբաղվել է միայն նրանց բարգավաճմամբ… Այս ընթացքում ինքն էլ, իհարկե, բարգավաճել է, համարվում է հարուստ մարդ, զավակներին էլ ապահովել է լուրջ ունեցվածքով: Հիմա էլ պատգամավոր է դարձել, նշանակում է՝ «Կայծ»-ն արդեն լավ կապրի, արտոնյալ վարկեր կստանա, կարեւորագույն հարցեր կլուծվեն: Ոմանք զարմացան, երբ իմացան, որ Արամյանն ընդգրկվել է ԲՀԿ-ի համամասնական ցուցակում, բայց նա բոլորին վստահեցրեց, որ շա՜տ վաղուց է Ծառուկյանի կուսակցության անդամ, որ հին կուսակցական է՝ «Նաիրի» կոնյակի տարիքին… Սա հայտնություն է, որովհետեւ ստացվում է, որ ԲՀԿ-ն գործել է դեռեւս խորհրդային տարիներին, Կոմկուսին զուգահեռ… Գուցե իսկապե՞ս գործել է, իսկ մենք չենք իմացել…
«ՀԱՍԱՐԱԿ» ՄԱՐԴԻԿ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ ՉԵՆ ԳԱԼԻՍ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ