Թուրքիան նահանջում է, բայց չի կոտրվում. «Հայոց աշխարհ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը նսեմացնելու համար «Դարդանելի պատերազմի» հիշատակի արարողությունները ապրիլի 24-ին տեղափոխելու ցինիկ քայլի եւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Փերինչեքի գործով սկիզբ առած դատավարության՝ Թուրքիայի համար հավասարապես անբարենպաստ արձագանքներից անհանգստացած պաշտոնական Անկարան սկսել է հասկանալ, որ ինքը տանուլ է տալիս Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախօրեին սկիզբ առած քարոզչական պատերազմը։

Այդ համոզմունքն է՛լ ավելի է ամրապնդվել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի պետական հանձնաժողովի 5-րդ նիստի արդյունքների, մանավանդ նրա ընդունած համահայկական հռչակագրի հետ ծանոթանալու հետեւանքով։

Միջազգային լուրջ արձագանք գտած այս փաստաթուղթը հստակորեն բանաձեւել է տեղի ունեցած ոճրագործության համար Թուրքիայի պատասխանատվության հիմնական հիմնավորումները, ինչպես նաեւ մատնանշել իրավական այն ուղիները, որոնց հիման վրա հնարավոր է հաղթահարել Հայոց ցեղասպանության հետեւանքները։

Թեեւ այդ ամենը դեռեւս չի եզրափակվել Թուրքիային ներկայացված կոնկրետ պահանջների փաթեթով, բայց եթե Հայաստանն ու հայությունը առայժմ՝ հռչակագրային մակարդակով մատնանշում են Սեւրի պայմանագիրը, մանավանդ ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի մինչ օրս իր ուժը պահպանող իրավարար վճիռը, ապա բոլորին պարզ է դառնում, թե ինչի մասին է խոսքը։

Ամենեւին էլ պատահական չեն հանձնաժողովի երեւանյան նիստին հետեւած Անկարայի ջղաձիգ արձագանքները՝ նախագահ Ռ.Էրդողանի ու արտգործնախարարության մակարդակով։ Դրանցից ակնհայտ է դառնում, որ թուրքական կողմը փորձում է նահանջի ու կառուցողականության տպավորություն ստեղծել՝ դույզն-ինչ չզիջելով սկզբունքային հարցերում։

Հետաքրքրական է, որ այս պարագայում «դրական» ազդանշանները հնչում են անձամբ Ռ.Էրդողանի բերանից, որը սովորաբար հանդես է գալիս անզիջում կեցվածքով ու սպառնալիքներով։ Այս անգամ, սակայն, պետական TRT հեռուստաընկերության եթերով Ռ.Էրդողանը տարածել է հետեւյալ երկիմաստ հայտարարությունը, որը փոխանցվել է France Presse-ին։ Նա առաջարկել է ստեղծել «անկողմնակալ պատմաբանների թիմ», որը պետք է եզրակացություն տա, եւ «եթե արդյունքները ցույց տան, որ մենք ոճիր ենք գործել, եւ որ պետք է գին վճարենք, մենք կգնահատենք դա եւ կձեռնարկենք անհրաժեշտ քայլերը»։

Ի՞նչ է նշանակում «անկողմնակալ պատմաբանների թիմ» հասկացությունը. արդյոք սրանով Թուրքիայի նախագահն առաջարկում է հայ եւ թուրք պատմաբանների արդեն տխրահռչակ դարձած հանձնախմբի փոխարեն գործի դնել երրորդ երկրների մասնագետների՞ն։ Եթե այո, ապա մի՞ թե աշխարհում գոյություն ունեն ցեղասպանությունն ուսումնասիրող ավելի լավ մասնագետներ, քան Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության անդամները, որոնք Հայոց ցեղասպանության մասով արդեն իսկ կայացրել են իրենց վճիռը։

Ավելին՝ ի՞նչ է նշանակում՝ հատուցման հարցի հետ կապվող «մենք կգնահատենք» բառակապակցությունը, եւ այդ ո՞ր իրավական նորմով է ամբաստանվող կողմը պատրաստվում գնահատել իր իսկ հանցագործության հետեւանքով առաջ եկած վնասները։

Այս ամենը ցույց է տալիս, որ թուրքական կողմը «կոտրվելու» պատրանք ստեղծելու ճանապարհով ցանկանում է մեղմ ու զիջողական կեցվածքի միջոցով կոտրել ապրիլի 24-ի նախօրեին բարձրացող «հայկական ցունամիի» ալիքը»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:




Լրահոս