Գեղարքունիքի մարզի Լուսակունք գյուղի բնակիչ 18-ամյա Հակոբ Սարգսյանը հուլիսի 10-ին մահացել է ՊՆ Երեւանի կենտրոնական կայազորի զինվորական հոսպիտալում: Զինվորի հայրը` Արթուր Սարգսյանը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում որդու մահվան մեջ մեղադրեց բժիշկներին:
Հիշեցնենք, որ շարքային Հակոբ Սարգսյանը, որը 2012-ի հունիսի վերջին էր զորակոչվել բանակ, մահացել է սուր ռեսպերատոր հիվանդություն, ինտոքսիկացիոն համախտանիշ, մինինգոէնցեֆոլիտ, կոմա, ստորբլթային թոքաբորբ ախտրոշմամբ: Նա հուլիսի 6-ին այդ ախտանիշներով ընդունվել էր Երեւանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ եւ 4 օր կոմայի մեջ մնալուց հետո մահացել: Ըստ լուրերի՝ հավաքակայանում՝ «զբոռնի պունկտում» են ինչ-որ սխալ դեղ ներարկել նորակոչիկին: Այնուամենայնիվ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, սակայն դեռ պատասխաններ չեն ստացվել: ՀՀ ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից «Ժողովուրդ»-ին տեղեկացրին, որ 4-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քր. օր.-ի 376 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (անփույթ վերաբերմունք ծառայության նկատմամբ): Կատարվում է հետաքննություն:
Զրուցեցինք Լուսակունքի գյուղապետ Խաչիկ Խաչատրյանի հետ, որն ասաց. «Հոյակապ երեխա էր: Ֆիզիկապես առողջ. քիգբոքս էր պարապում, հաջողություններ ուներ: Ոչ մի անգամ ոչ մի հիվանդությամբ չի տառապել: Հորը շատ էր օգնում աշխատանքի առումով: Լավ ջահել էր: Համեստ ընտանիք ուներ»:
Իսկ Լուսակունքի միջնակարգ դպրոցի տնօրեն Անահիտ Հարությունյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Հակոբը դպրոցում գերազանց սովորելով աչքի չի ընկել, բայց մարդկային բարձր արժեքներ ուներ: «Ընկերասեր էր ու հանդուրժող: Ուսուցիչների եւ շրջապատի նկատմամբ հարգանքով էր: Ժողովրդի լեզվով ասած` թասիբով տղա էր: Ընկերներին նվիրված, ակտիվ էր ու սկզբունքային»,-մեծ հպարտությամբ իր աշակերտին նկարագրեց տնօրենը: Տիկին Հարությունյանը Հակոբին հայոց պատմություն է դասավանդել 5-րդ դասարանից մինչեւ 9-րդ դասարան: Նրա պատմելով՝ Հակոբը սուտն ու կեղծիքը երբեք չի հանդուրժել. «Եթե զգում էր, որ իրեն նվիրված են, ապա ամեն բան անում էր այդ մարդու համար: Նման հարաբերությունների մեջ էր նաեւ ինձ հետ»:
Ըստ տնօրենի՝ ամբողջ գյուղը, առանց տարիքային սահմանափակման, մեծ ցավ է ապրում Հակոբի մահվան կապակցությամբ: «Ուրախությամբ ճանապարհ դրեցինք: Բոլորս էլ մասնակցեցինք բանակի քեֆին: Իսկ հիմա նման դժբախտություն: Իհարկե, բոլորն էլ պարտավոր են գնալ հայոց բանակ ու ծառայել, բայց այս միջադեպը, ցավոք սրտի, վատ անդրադարձավ նրա համադասարանցի մյուս զորակոչիկների վրա: Տարիուկես զբաղվել էր սպորտով»:
«Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ Հակոբի հոր` Արթուր Սարգսյանի հետ: «Քո՛ւր ջան, տղես ծնված օրվանից շատ աշխույժ երեխա էր: Երեխա էր էլի, քո՛ւր ջան, երեխա: Տարան սպանեցին տղիս, սպանեցին: Ի՞նչ էնեմ, քո՛ւր ջան, ի՞նչ էնեմ: Ոչ մի բան չեմ կարա էնեմ: Էրեխես շատ առողջ էր, չգիտեմ, թե ինչ արին, ինչ տվին, ինչից եղավ: Տղես երեք օր է մնացել զորամասում, հետո բերել են Երեւան, կոմայի մեջ է եղել»,-լացը հազիվ զսպելով՝ պատմեց զոհված զինվորի հայրը: Երեւանում բժիշկները ծնողներին խոստացել են անել ամեն հնարավորը՝ փրկելու նրանց որդու կյանքը: «Բայց չկարողացան: Երեւի էդ վակցինա կըսեն, ինչ կըսեն, դա էր: Դատաբժշկական փորձաքննության պատասխանից կերեւա ամեն ինչ: Թե կխաբեն, թե ինչ, չգիտեմ: Շատ նպատակներ ուներ որդիս, այն էլ չիրականացրեց դրանք: Հիմա մեղադրում եմ բժիշկներին: Չգիտեմ, թե ինչ ըսեմ, գժվել եմ լրիվ»,-դառնությամբ նկատեց հայրը:
ՈՐԴՈՒՍ ՏԱՐԱՆ, ՍՊԱՆԵՑԻՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ