ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀԵՏ ԲԱԺԱԿ ՉԻ ԲԱՐՁՐԱՑՐԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի խմբագրություն զանգահարած քաղաքացին բողոքում է, որ Արմավիրի մարզի Էջմիածնի տարածաշրջանի Արագածի համայնքապետարանում քաղաքացիների կողմից պահանջված տեղեկանքները տրամադրում են պայմանով, որ նրանց կողմից կուտակված պարտքերը մարվեն:
«Էս բան չի: Ուր գնում ես, բնակության վայրի մասին տեղեկանք են պահանջում: Ի՞նչ հարկավոր է դա, եթե անձնագրի մեջ հասցե կա գրված: Սա ուղղակի մեզ՝ էս երկրի բնակիչներիս, կախման մեջ պահելու համար են անում: Չեն կարում հարկ հավաքեն, ձեւ են գտել իրենց համար, փող են հավաքում»,-բողոքում է Արագած համայնքի 53-ամյա բնակիչ Լեռնիկ Այվազյանը:
Վերջինս մի քանի անգամ բախվել է այս խնդրին: Այվազյանը պատմեց, որ երբ որդին զինծառայող էր, տարածքային զինկոմիսարիատից պահանջել են բնակության մասին տեղեկանք, որպեսզի զինգրքույկը տան: Հիմա կրկին նույն խնդիրն է, բայց արդեն աղջկա հետ կապված: Լեռնիկը տեղեկացրեց, որ դուստրը՝ Գոհար Այվազյանը, սովորում է Երեւանի պետական բժշկական քոլեջում: «Ուսման վայրում ինքը վայեննի կաֆեդրա է անցել: Հիմի եկել է վայեննի գրքույկ ստանալու պահը, աղջկաս ասել են, որ եթե ուզում է բիլետը ստանա, պիտի բնակության վայրից տեղեկանք բերի: Դե սրանք էլ չեն տալիս, քանի որ գյուղապետարանին 77.000 դրամ պարտք ունեմ: Չեմ էլ տալու, իրանց էլ եմ ասել»,-վրդովված պնդում է Լեռնիկը:
Լեռնիկ Այվազյանի եւ Արագածի համայնքապետարանի վեճը տարիների պատմություն ունի: Դրա լուծմանը մասնակցություն են ունեցել իրավապահ մարմինները, որոնց չի հաջողվել հաշտեցնել նրանց: Արդյունքում՝ գործ է հարուցվել, եւ 2005 թվականին դատարանը վճիռ է կայացել հօգուտ Այվազյանի. «Սա լրիվ ուրիշ հարց է, իրանք ինձ են վնաս տվել, ես էլ դրա համար պարտքս չեմ վճարելու: Իրականում իրենք են ինձ պարտք մնացել»:
Լեռնիկը դժգոհ է համայնքապետարանի գործելաոճից: Ասում է՝ գյուղում ո՛չ ծնվողին, ո՛չ մեռնողին, ո՛չ ուսանողին տեղեկանք չեն տալիս: Հարցնում է, եթե «ծնողները անվճարունակ են կամ  տեռորիստ են», նրանց զավակներն ի՞նչ մեղք ունեն, ինչո՞ւ են նրանց զրկում իրենց իրավունքից, ինչո՞ւ են ստիպում ծնողների փոխարեն պատասխանատվություն կրել: Լեռնիկ Այվազյանը վստահ է, որ այս կառավարությունը «բանի պետք չէ», եւ ինքը յուրօրինակ վերաբերմունք ունի «դրանց» նկատմամբ. «Երբ ընտրություններից առաջ վարչապետը եկավ համայնք, մեր գյուղապետը աղուհացով դիմավորեց, իսկ ես իմ կողմից ներդրում արեցի: Մի տուկ խոտ ու մի կտոր քարաղ դրեցի ճամփեզրին, որ հյուրասիրեմ: Շուխուրը գեղն ընկավ, խաբարը վարչապետին էլ հասավ»: Լեռնիկն ասում է, որ չի վախենում ոչ մեկից, ու իր յուրաքանչյուր խոսքի համար պատրաստ է պատասխան տալ, նաեւ նշում է, որ իրեն պատիվ չի բերում ՀՀ վարչապետի հետ սեղան նստել. «Էդ օրը կանչեց սեղանի մոտ, ասեց՝ արի՛ իրար հետ խմենք, հրաժարվեցի: Ես դրա հետ բաժակ չեմ բարձրացնի»:
Լեռնիկ Այվազյանն ասում է, որ մտահոգված է աղջկա ապագայով, «ձեռքերը ծալած չի նստելու»: Զանգել է ՀՀ կառավարություն, ՊՆ՝ փորձելով ստանալ իրեն հուզող հարցերի պատասխանը, սակայն թերարժեք պատասխաններ ստանալով՝ կրկին հուսահատվել է. «Սա երկիր չէ, ես այսօր գնացել եմ վիզաների վարչություն, հրաժարվել է պետք էս երկրից, մեր էրեխեքին են արդեն մերժում»:
«Ժողովուրդ»-ը փորձեց պարզել, թե Արագածի համայնքային իշխանություններն ինչով են պայմանավորում օրենքով սահմանված կարգով, անվճար տրամադրվող տեղեկանքի փոխարեն մասսայական փոխհատուցում պահանջելը: Սակայն մեր հեռախոսազանգերն անպատասխան մնացին: Ե՛ւ համայնքապետ Աշոտ Կամավոսյանի, ե՛ւ համայնքապետարանի գրասենյակային հեռախոսներն անջատված էին:
ՀՀ կառավարությունից մեզ պատասխանեցին, որ նմանատիպ գործելաոճը ներքին կարգով է արվում, երկրի բարձրագույն իշխանությունները այն որդեգրել են, քանի որ ՀՀ քաղաքացիներից հարկեր հավաքելը  հիմնախնդիր է դարձել:

ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս