Եվրոյի եւ դոլարի փոխարժեքի բարձրացման արդյունքում թանկացումներ արձանագրվեցին նաեւ ավիատոմսերի շուկայում, ինչի հետեւանքով որոշ տուրիստական գործակալություններ հայտնվել են փակման եզրին:
Հիմնականում թանկացել են դեպի եվրոպական երկրներ ավիատոմսերի գները: «Գոլդ թրավել» տուրիստական գործակալությունից «Ժողովուրդ»-ին տեղեկացրին, որ դեպի եվրոպական երկրներ ավիատոմսերի գներն անմիջական կապ ունեն եվրոյի փոխարժեքի հետ: «Իսկ եթե եվրոն բարձրանում է, չի կարող ավիատոմսի արժեքը նույնը մնալ: Դա կախված է այն տուրիստական ընկերությունից, ումից որ ձեռք ենք բերում այդ տոմսերը: Տեղյակ չենք՝ առաջիկայում տվյալ ընկերությունը կթանկացնի՞ ավիատոմսերի մինիմալ արժեքը, թե՞ ոչ: Պարզ գիտեք, որ դեկտեմբերին, երբ դոլարի ու եվրոյի փոխարժեքը կտրուկ բարձրացավ, ավիատոմսերն էլ հինգ րոպեի ընթացքում բարձրանում էին: Ապագայի մասով այս պահին կանխատեսել չենք կարող»,- պարզաբանեցին ընկերությունից:
Իսկ, ահա, «Ջոյ տուր» տուրիստական գործակալությունից փոխանցեցին, որ դեպի Իտալիա եւ Իսպանիա ավիատոմսերի գները 20-30 եվրոյով թանկացել են: Ընկերությունից «Ժողովուրդ»-ին հայտնեցին, որ ամռանը տոմսերն ավելի կթանկանան, այս անգամ` սեզոնային գործոնի պատճառով: «Այս շրջանում ճամփորդական փաթեթներն ավելի էժան են: Բացի այս՝ թանկացումը կախված է եվրոպական երկրների տուրիստական ընկերություններից: Եւ եթե նոյեմբեր, դեկտեմբեր ամիսներին եվրոյի փոխարժեքի բարձրացման արդյունքում վնաս են կրել, ապա միայն դա փոխհատուցելու համար կթանկացնեն իրենց ճամփորդական փաթեթները»,-տեղեկացրին ընկերությունից: Իսկ Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցության ազդեցության մասով տուրիստական գործակալություններն առայժմ զերծ են մնում կարծիք հայտնելուց: Միայն «Ջոյ տուր» ընկերությունից վստահեցրին, որ այն քաղաքացիները, ովքեր զբոսաշրջության նպատակով ՀՀ-ից մեկնում են, հեշտությամբ են կարողանում եվրոպական դեսպանատներից վիզա ստանալ:
Տուրիստական գործակալությունների փակման դեպքերի եւ ոլորտում առկա այլ խնդիրների շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց «Զբոսաշրջային ավիագործակալների ազգային ասոցացիայի խորհուրդի» նախագահ Անդրանիկ Վանցյանի հետ, ով նկատեց, որ զբոսաշրջային ոլորտը բացարձակապես բարձիթողի վիճակում է գտնվում:
«Չկա ոչ մի չափորոշիչ, այսինքն՝ մարդն այդ գործունեությունը սկսելու նախադրյալներ ունի, բայց քանի որ ավիաշուկայում դաժան մրցակցություն է, այս պատճառով չեն գոյատեւում: Այս գործունեությամբ զբաղվող առաջատար ընկերությունները ձեւավորվել են շատ վաղուց, իսկ շուկա նոր մուտք գործողները, հաշվարկելով իրենց ծախսերն ու ակնկալվող եկամուտները, միառժամանակ հետո փաստի առաջ են կանգնում: Եթե շուկան խորը ուսումնասիրենք, ապա կտեսնենք, որ հին կազմակերպությունները չեն փակվում: Իսկ եթե դրանք փակվում էլ են, ապա իրենց աշխատանքային չմտածված գործունեության, մեծ ներդրումների, չարդարացված ծախսերի հետեւանքով»,-բացատրեց ոլորտում տասնյակ տարիների գործունեության փորձ ունեցող մեր զրուցակիցը:
Անդրանիկ Վանցյանի պնդմամբ՝ շուկան վաղուց ձեւավորված է, եւ հին կազմակերպություններն արդեն իսկ ունեն իրենց հաճախորդների հավաքագրված կայուն բազան: Արդյունքում՝ նորաբաց տուրիստական գործակալությունները նման պայմաններում ուղղակի չեն կարողանում գոյատեւել:
«Ես շատ եմ հանդիպել եւ զրուցել նոր տուրիստական գործակալություն բացող քաղաքացիների հետ: Ես իրենցից պահանջել եմ ներկայացնել բիզնես-ծրագիրը, բայց պարզվել է, որ նրանցից մեծ մասը չունեն սեփական տարածք: Արդյունքում նախ պետք է վարձակալեն այն, մի քանի աշխատակից պետք է ունենան, նաեւ պետք է կապի ծախսերը, հարկային պարտավորությունները կատարեն: Հաշվում են ծախսերը եւ ակնկալվող եկամուտը, իրար համեմատելուց հետո հասկանում են, որ վնասով են աշխատելու: Ահա, նման կերպ բացվում են, սկսում են աշխատել, հետո շատ արագ փակվում են: Իսկ կայացած կազմակերպությունները կարողանում են գոյատեւել, քանի որ շուկայում գործընկերներ, հաճախորդներ ունեն»,-նկատեց մասնագետը:
Վանցյանը հիասթափված նկատեց, որ այս տարիների ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչությունը երբեւէ չի փորձել համագործակցել «Զբոսաշրջային ավիագործակալների ազգային ասոցացիայի խորհուրդի» անդամ-գործակալների հետ: «Մենք ինքներս ենք զբաղվում մեր խնդիրներով եւ փորձում ինքներս դրանք լուծել: Իսկ էկոնոմիկայի նախարարությունում գործող տուրիզմի վարչությունից ոչ մի անգամ հրավեր չեմ ստացել, ոչ էլ՝ աջակցություն: Թեեւ տասնյակ տարիներ է, ինչ այս ոլորտում եմ»,- հավելեց Վանցյանը:
«Ժողովուրդ»-ը զրույցի ավարտին Ա. Վանցյանից հետաքրքրվեց՝ Հայաստանի ԵՏՄ-ին անդամակցությունը ինչպես կանդրադառնա հայկական ավիաշուկայի վրա այն դեպքում, երբ նշված քայլը եվրոպական երկրների կողմից ոգեւորությամբ չի ընդունվել: «Հիմա մենք հունվարի 1-ից, կարծես թե, գտնվում ենք ԵՏՄ անդամ երկրների շարքում, բայց ոչ մի դրական եւ բացասական փոփոխություն դեռ չկա: Թանկացումներ հնարվոր է՝ լինեն մոնոպոլ ուղղությունների վրա, դրանք կարող են բարձր սակագին թելադրել: Այնուամենայնիվ, թե ինչ կփոխվի առաջիկայում, դժվար է ասել, դեռ վաղ է այս մասին խոսել»:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ՎԱԽԵՆՈՒՄ ԵՆ ՏԱՔ ՁՄԵՌԻՑ
Այս ձմեռը Հայաստանում 1966 թվականից հետո ամենատաք ձմեռն է: Նման եղանակը ձեռնտու է նրանց, ովքեր բնակարանները ջեռուցելու խնդիր ունեն: Անասնապահներն էլ գոհ են, քանի որ ձմռան երկրորդ ամսին իրենց ոչխարներն ու կովերն արածացնելու են տանում: Սակայն ձմեռվա կեսին անսովոր տաք եղանակը շատերին է մտահոգում: Տավուշի մարզի ցածրադիր բնակավայրերում արդեն ուռել են դեղձենիների բողբոջները: Նոյեմբերյանի տարածաշրջանի` Վրաստանին սահմանակից Բագրատաշեն համայնքի ղեկավար Արկադի Մակյանը հայտնեց, որ իրենց գյուղում ցերեկը 15 աստիճան տաքություն է, գիշերը` 1-2 աստիճան ցուրտ: Գյուղապետը մտավախություն հայտնեց, որ նման տաք եղանակը շարունակվելու դեպքում մի քանի օրից դեղձենիները կծաղկեն, բայց գիշերը կցրտահարվեն: Մարզի Իջեւանի, Նոյեմբերյանի, Բերդի տարածաշրջաններում անհանգստացած են, որ առաջիկա օրերին հոնենիները կծաղկեն, հետո դրանց ծաղիկները եւս կցրտահարվեն: Նշենք, որ անցյալ տարվա գարնանը տեղի ունեցած ցրտահարության հետեւանքով մարզում հոնի բերք գրեթե չեղավ: Մինչդեռ անտառներում եւ այգիներում հավաքված հոնի բերքը, դրանից թորված օղին տավուշցի շատ ընտանիքների համար եկամտի հիմնական աղբյուր է: Տավուշի մարզի բնակիչները հիմա անհանգիստ են` հիշելով անցյալ տարվա ցրտահարության պատճառած վնասները: 2014թ. մարտի 31-ի եւ ապրիլի 1-ի գիշերները տեղի ունեցած ցրտահարության հետեւանքով տուժեց ծիրանենիների, վաղահաս դեղձենիների եւ պտղատու այլ այգիների բերքը:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
ԲՈՑԱՇՈՒՆՉ ԵԼՈՒՅԹ
Երեկ ԱԺ քառօրյայի ընթացքում «Շրջանառության հարկի մասին» օրենքի շուրջ ԲՀԿ-ական պատգամավորների ելույթներին ԱԺ ամբիոնից ռեպլիկի կարգով հակադարձեց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը. «Բնական եւ սպասելի էր, որ հերթական անգամ երկրում գոյություն ունեցող խնդիրները, մարդկանց դժգոհությունը, պրոբլեմները լուծելու ուղղությամբ մեր կողմից կատարվող քայլերը, թեկուզեւ ցավոտ, բայց, այնուամենայնիվ, լուծում գտնելու նպատակով կատարվող, բոլորի համար ընդունելի, իրական, առաջ տանող եւ խութերը վերացնելուն ուղղված քայլերը մեր ընդդիմությունը պետք է օգտագործեր եւս մեկ անգամ սեփական PR-ն անելու, երկրի բոլոր մեծ ու փոքր, հին ու նոր տնտեսական եւ քաղաքական, այս օրինագծի հետ կապ ունեցող ու չունեցող բոլոր հարցերը հնչեցնելու, բարձրաձայնելու, ոչ թե այն խնդիրը, որ այսօր առկա է լուծելու համար, այլ փողոց դուրս եկած դժգոհ հատվածին ցույց տալու համար, որ իրենք կան: Քննարկման ժամանակ էլ ինչի մասին ասես, որ արդարացի բորբոքված չխոսեցին, դասեր տվեցին, տնտեսական խնդիրն անխնա քաղաքականացրեցին, հենց իրենց հետ ձեռք բերված քաղաքական պայմանավորվածություններն անտեսեցին: Վերջում լավ էր հիշեցին, որ երկրի վարչապետը, ինչպես միշտ, ականջալուր եւ պատրաստակամ մասնակցեց ԱԺ նախագահի մոտ իրենց հետ խորհրդակցությանը եւ եկան պայմանավորվածության: Հետեւաբար, ինչի՞ համար են այս բոցաշունչ ելույթները, երբ պայմանավորվածությունն արդեն ձեռք է բերվել, եւ հենց Ձեր մասնակցությամբ սեղմ ժամկետում խնդրի լուծումը տալ: Սա անհասկանալի է հանրության համար»: