«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՌԱՋ ԳՆԱԼՈՒ ՏԵՂ ՉԿԱՐ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայկական մի շարք հիթերի հեղինակ, գործիքավորող Լազզարոն տեղափոխվել է ԱՄՆ եւ այնտեղ ստեղծագործում է արդեն արտերկրի աստղերի համար: Նա «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշել է, որ իր ոլորտում Հայաստանում այլեւս առաջ գնալու տեղ չկար: Ու չնայած այն հանգամանքին, որ Լազզարոն հայրենիքում ամենաթանկ վարձատրվող գործիքավորողներից մեկն էր, այնուամենայնիվ, նա այն կարծիքին է, որ ստեղծագործող մարդը չի կարող երկար գոյատեւել փոքր շուկայի պայմաններում:

-Ինչպե՞ս ստացվեց, որ որոշեցիք բնակություն հաստատել Նյու Յորքում, հայրենիքից հեռանալու պատճառը ո՞րն էր:
-Նյու Յորք գալու եւ այստեղ աշխատելու առիթ ունեցա նախորդ տարում: Երկարատեւ ժամկետով եմ տեղափոխվել, գուցե ընթացքում որոշեմ մշտական բնակություն հաստատել այս քաղաքում, որն ինձ շատ է տրամադրում եւ ոգեւորում: Առհասարակ, միշտ նպատակ եմ ունեցել մի օր աշխատել հանրահայտ աստղերի հետ, եւ ասեմ, որ հիմա հենց այդ ուղու վրա եմ: Նյու Յորքում բնակվող իմ գործընկերոջ հետ ստեղծել ենք փրոդաքշըն-թիմ: Թե՛ ես՝ Հայաստանում, թե՛ նա՝ ԱՄՆ-ում, մեր աշխատանքի մեջ արդեն հասել ենք որոշակի հաջողությունների, ուստի որոշեցինք մեր հնարավորությունները միավորելով՝ ստեղծել ավելի հզոր թիմ, որը կարող է հեռուն գնալ եւ մեծ ձեռքբերումներ գրանցել ամերիկյան եւ համաշխարհային շոու-բիզնեսում:
-Այսինքն՝ Հայաստանում հնարավորությունները պրոֆեսիոնալ գործիքավորողի համար սահմանափա՞կ են:
-Եթե հաշվի առնենք, որ մեր գործում բարձր մակարդակ ցուցաբերելու համար պետք է առաջին հերթին ունենալ լավ լսողություն, իսկ դրա համար որոշակի թանկարժեք սարքավորումների պակաս կա, ապա կարող ենք ասել, որ, այո՛, այդ առումով Հայաստանը բարենպաստ երկիր չէ գործիքավորողների եւ երաժիշտների համար: Այդ ամենը դժվար է Հայաստանում ձեռք բերել՝ լինելով միայն գործիքավորող կամ երաժիշտ:
-Բայց Հայաստանում էլ Ձեր գործերը վատ չէին…
-Կարող եմ վստահ ասել, որ իմ ոլորտում Հայաստանում այլեւս առաջ գնալու տեղ չկար: Ճիշտ է՝ աշխատանքի պակաս երբեք չեմ ունեցել, եւ, կարելի է ասել, եղել եմ ամենաթանկ վարձատրվող գործիքավորողներից մեկը վերջին մի քանի տարում, այնուամենայնիվ, մեր շուկան շատ փոքր է եւ միայն մեզ համար է, իսկ ստեղծագործող մարդը չի կարող երկար գոյատեւել այդ պայմաններում:
-Իսկ ԱՄՆ հայերի հետ կհամագործակցե՞ք:
-Ո՛չ, ես այստեղ ոչ մի կապ չունեմ հայ երգիչների հետ: Հիմա ավելի հեռուն գնացող նպատակներ ունեմ…
-Հայաստանում Դուք էիք ընտրում այն աստղերին, որոնց հետ պետք է համագործակցեիք: Արտերկրի երգիչների դեպքում եւս նույն սկզբունքը կկիրառե՞ք:
-Ո՛չ, այստեղ արդեն Record Label-ն է որոշողը, եւ ոչ՝ գործիքավորողը կամ աստղը:
-Պարզ է, որ հայ աստղերից ոչ բոլորի հետ է հաջողվել աշխատել եւ ընդհանուր լեզու գտնել: Նրանց շրջանում կա՞ մի ընդհանուր միտում, որը մտահոգում է Ձեզ:
-Կասեմ կարճ՝ պրոֆեսիոնալիզմի պակասը: Դա շատ ակնհայտ է Հայաստանում:
-Հայկական շոու-բիզնեսում տեսնո՞ւմ եք որեւէ կատարողի, ով ունի արտերկրի շուկա դուրս գալու բոլոր հնարավորությունները:
-Մենք ունենք շատ տաղանդավոր երգիչ-երգչուհիներ, եւ վստահ եմ, որ նոր սերունդը շատ ավելի լավն է լինելու: Հույս ունեմ, որ շուտով կունենանք մի երգչուհի, որը միջազգային շուկա դուրս կգա եւ կդառնա հանրաճանաչ, սակայն չեմ ուզում անուն նշել:
-Ամեն դեպքում, դժվար թե նա հայաստանցի լինի…
-Հայաստանում լսարանը շատ փոքր է, եւ չկան կապեր ոչ միջազգային Record Label-ների, ոչ էլ արտիստ-մենեջմենթների հետ, այդ պատճառով էլ Հայաստանում ստեղծագործողները չունեն իրենց աշխատանքն ավելի մեծ լսարանի ներկայացնելու հնարավորություն:
-Իսկ ի՞նչ է պետք, որպեսզի, ի վերջո, Հայաստանում շոու-բիզնես հասկացությունը կայանա:
-Մեզ նման փոքր երկրի համար դա շատ դժվար հարց է… Նախ՝ հարկավոր է ավելի առաջադեմ մտածել: Մեզ համար դա բարդ է, քանի որ հայերս, ամեն դեպքում, սիրում ենք ռաբիս երաժշտությունը եւ դա մեր միջից դժվար թե կարողանանք հանել: Իսկ այդ տեսակի երաժշտությունը, բացի հայերից, ուրիշ ոչ ոք չի լսում, այդ պատճառով էլ դրսում լսարան դեռ չենք ունենա:
-Նշեցիք,որ ԱՄՆ-ի հետ կապված հեռահար նպատակներ ունեք, իսկ ո՞ր դեպքում կվերադառնաք Հայաստան:
-Այդ մասին դեռ չեմ հասցրել մտածել: Հիմա այստեղ շատ անելիքներ ունեմ: Անչափ ոգեւորված եմ եւ վստահ, որ «Grammy» մրցանակը այնքան էլ հեռու չէ ինձնից (ժպտում է)…

 

 

 

 

«ԻՆՉՈ՞Ւ ԹՈՂԵՑԻՔ, ՈՐ ՊԱՅԹՅՈՒՆ ԼԻՆԻ»

Հունվարի 31-ին Բերձորի հատվածում հատուկ ջոկատայինները եւ ոստիկանությունը հարձակվել էին «Հիմնադիր խորհրդարանի»՝ Լեռնային Ղարաբաղ մեկնող ավտոերթի մասնակիցների վրա եւ ծեծի ենթարկել նրանց, ջարդել մեքենաների ապակիները, պոկել դրոշները: «100-ամյակն առանց ռեժիմի» նախաձեռնության մասին իրազեկող Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար Ժիրայր ՍԷֆիլյանը եւ երթի մյուս մասնակիցները ստացել էին մարմնական վնասվածքներ:

Միջադեպից հետո հայ հանրության շրջանում բուռն քննարկումների ալիք բարձրացավ: Հատկապես սոցցանցերում օգտատերերը բաժանվեցին երկու հատվածի. նրանց մի մասը միանշանակ դատապարտեց ոստիկանության գործողությունը՝ որակելով այն որպես բռնարարք, մյուս մասն էլ բացատրեց, որ դա արվել է հնարավոր զանգվածային անկարգությունները կանխելու նպատակով: «Ժողովուրդ»-ը թեմայի շուրջ զրուցել է խնդրով մտահոգ արվեստագետների հետ:
Արձակագիր, դրամատուրգ Ռուբեն Հովսեփյանն, օրինակ, չի արդարացնում ո՛չ ավտոերթի մասնակիցների, ո՛չ ոստիկանների գործողությունները. «Ինձ համար նման դեպքերում ամենամտահոգիչն այն է, որ մեզանում չի գործում կանխարգելման անհրաժեշտության գիտակցումը, մենք չենք մտածում, թե ինչ կլինի տվյալ քայլից հետո, այլ սպասում ենք, որ ավերածություն լինի, հետո, օրինակ, պատգամավորներով որոշեն, որ գնալու են, կողմերին հաշտեցնեն… Ինչո՞ւ թողեցիք, որ պայթյուն լինի, ինչո՞ւ երթի մասնակիցներին Արցախ գնալու ճանապարհին չէր զգուշացվել, որ չէր կարելի մուտք գործել այնտեղ, ինչո՞ւ չէին նրանց հորդորել, համոզել: Ավելի քիչ էներգիա ծախսելով՝ կարելի էր չհասնել այս պայթյունին…»,-կարծիք հայտնեց նա:
Երգիչ, երգահան Վախթանգ Հարությունյանն էլ այն համոզման է, որ կատարվածի ետեւում պետք է փնտրել նրան, ով կուզենար սեպ խրել երեւանցի, ղարաբաղցի, այլ մարզեցիների արանքում, իսկ սեպ խրողին նա տեսնում է մեզանից դուրս. «Երկու կողմում էլ հայեր են կանգնած, եւ եթե գոյություն ունի պառակտման ձեւաչափ, ապա ավելի քան համոզված եմ, որ դա ինչ-որ մեկին պետք է… Ցանկացած երեւույթի մեջ փնտրենք հայի տեսակը կապող օղակներ, ոչ թե պառակտող»,-ասաց նա՝ զերծ մնալով փակագծերը բացելուց:Վախթանգ Հարությունյանը նաեւ նշեց, որ չէր ցանկանա` Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի թեման, մեր ընդհանուր ցավը քաղաքականացվեր, մտցվեր գործող ռեժիմի դեմ պայքարի շրջանակ, չարաշահվեր ու ծառայեցվեր սեփական նպատակներին:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 

 

ՆԿԱՐԱՀԱՆՎԵԼ Է ՖԻԼՄՈՒՄ
Արսեն Սաֆարյանի համար 2015-ը յուրօրինակ սկիզբ է ունեցել. նա նկարահանվել է գեղարվեստական նոր ֆիլմում: Երգիչը ESem.am-ին պատմել է իր կերպարի՝ որպես դերասան ներկայանալու բարդությունների մասին: «Սա ինձ համար նոր աշխարհ էր՝ իր հետաքրքիր դրսեւորումներով: Ես ինձ տեսնում էի ֆիլմում, սակայն չէի պատկերացնում այդ ակնթարթները՝ գրավիչ, միաժամանակ հեշտ ու դժվար»,-ասել է նա ու հավելել, որ իրեն հետաքրքիր կերպար են առաջարկել: Երգիչը մարմնավորում է գլխավոր հերոսներից մեկին. «Կարող եմ ասել, որ կերպարս ամենակարող է եւ բավականին մոտ է երկնքին»,-փակագծերը մի փոքր բացել է Արսեն Սաֆարյանը:
Նկարահանման ժամանակ ամենաբարդ փորձությունը, որ նա հաղթահարել է, եղել է ցուրտը, իսկ մասնագիտական առումով՝ կերպարի հետ նույնանալը:
Ամենայն հավանականությամբ, ֆիլմը պատրաստ կլինի ապրիլին:

 

ՋՈԼԻՆ ԱՄԵՆԱՊԱՇՏԵԼԻՆ Է
Բրիտանական YouGov հետազոտությունների գործակալությունը պարզել է, թե համաշխարհային հռչակ վայելող անձանցից ովքեր են արժանանում ամենամեծ սիրուն ու հարգանքին աշխարհի 34 երկրներում: Օգտատերերին առաջարկվել է նշել այն կանանց ու տղամարդկանց անունները, որոնցով իրենք հիացած են: Հարցումների արդյունքում պարզ է դարձել, որ տղամարդկանց շրջանում օգտատերերի համակրանքին արժանացել է Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը, իսկ կանանց շրջանում՝ դերասանուհի Անջելինա Ջոլին:
Քվեարկությանը մասնակցած երկրներից Ռուսաստանում, օրինակ, տղամարդկանցից ամենամեծ հարգանքի արժանացել է Վլադիմիր Պուտինը, ում անսպասելիորեն հաջորդել է Ջեկի Չանը, իսկ կանանցից՝ Անջելինա Ջոլին, ում հաջորդել է Ալլա Պուգաչովան:

 

ԴՈՒՍՏՐԸ ՄԱՀԱՄԵՐՁ Է
Արդեն մի քանի օր է, ինչ համաշխարհային հռչակ վայելող երգչուհի Ուիթնի Հյուսթոնի դուստրը՝ Բոբի Քրիստինա Բրաունը, հիվանդանոցում է՝ ծայրահեղ ծանր վիճակում: 21-ամյա Քրիստինան այժմ արհեստական կոմայի մեջ է, նրա մոտ գլխուղեղի այտուցներ են նկատվել: NTV.ru -ի փոխանցմամբ՝ որքան Քրիստինան երկար մնա կոմայի մեջ, այնքան նրա վիճակը կծանրանա, իսկ նրա ուշքի գալու հավանականությունը, ցավոք, օր օրի նվազում է:
Հիշեցնենք, որ Բոբի Քրիստինան Ուիթնի Հյուսթոնի միակ դուստրն է եւ նրա ողջ ունեցվածքի ժառանգորդը:




Լրահոս