Երգչուհի Նառան երկրպագուների համար նոր տեսահոլովակ է պատրաստում, որը խոստանում է ներկայացնել այս տարի: Նա հաճախ է շրջագայություններ ունենում սփյուռքում, եւ արտերկրի հայերի շրջանում մի ընդհանուր միտում է նկատել. նրանք, կարծես, պարտադրում են երգիչներին հանդես գալ ռաբիս ժանրում: Նառան «Ժողովուրդ»-ի հետ զրույցում անդրադարձել է շոու-բիզնեսյան անցուդարձին, իրեն նախանձողներին եւ այլ թեմաների:
-Նառա՛, Դուք այն երգչուհիներից եք, ով ամեն նոր երգ պարտադիր ներկայացնում է տեսահոլովակի տեսքով: Վերջին շրջանում, սակայն, Ձեր երկրպագուներին նոր գործ չեք մատուցում, ինչո՞ւ:
-Ժամանակի խնդիր է: Քանի որ համերգներով հյուրախաղերի մեկնեցի տարբեր երկրներ, նոր տեսահոլովակիս պատրաստությունն էլ ձգձգվեց: Այս տարի անպայման անակնկալ կմատուցեմ հանդիսատեսին:
-Դուք աշխատել եք Կոնստանտին Օրբելյանի ղեկավարած Հայաստանի պետական էստրադային նվագախմբում որպես մեներգչուհի: Գործելով այսօրվա հայկական շոու-բիզնեսի թելադրած կանոններով՝ պետք է որ շատ կարոտած լինեք կենդանի համերգները:
-Դրա պակասը միշտ եղել է Հայաստանում, այստեղ շոու-բիզնես, առհասարակ, գոյություն չունի, շատ քիչ համերգներ են կազմակերպվում: Իսկ խորհրդային տարիներին սովետական երկրների մեր շուկան մեծ էր, երգիչները հնարավորություն ունեին շրջագայելու մարզերով, անգամ գյուղերով, որոնք բարվոք վիճակում էին: Ի դեպ, այն ժամանակ գյուղերում կար «կլուբ» հասկացությունը: Հիմա այդ նույն գյուղերն անտեսվել են, մարդ չի մնացել, եւ այս բոլոր հանգամանքներն ուղղակի կապ ունեն Ձեր մատնանշած խնդրի հետ:
-Մեր էստրադայի, փոփի ներկայացուցիչները հաճախ սփյուռքի հանդիսատեսին գոհացնելու նպատակով փոխում են իրենց երգացանկը, ներկայանում են ռաբիս կատարումներով: Դուք, սակայն, կարծես այդ «պարտադրանքին» չեք ենթարկվել:
-Ես հաճախ եմ շփվում սփյուռքահայության հետ: Աշնանն, օրինակ, հյուրախաղերով Ֆրանսիայում էի, մարտին մեկնելու եմ ԱՄՆ, եւ մի ընդհանուր տենդենց եմ նկատել. այստեղի ու այնտեղի արժեքները տարբեր են: Մենք Հայաստանում ներկայացնում ենք, օրինակ, էստրադա, փոփ, իսկ սփյուռքահայերը, կարծես պարտադրող լինեն, ուզում են շուկա փոխել, չեն ուզում այսօրվա Հայաստանով ապրել. ահա, այս խնդիրն եմ տեսնում: Ու թեեւ սփյուռքում հանդես գալու դեպքում ես իմ երգացանկը չեմ փոխում, ամեն դեպքում զգում եմ, որ այնտեղի մարդկանց հետաքրքրում է 6/8-ը, կարծես այսօրվա պահանջներն ու պայմանները չեն ուզում ընդունել: Իսկ ես այն կարծիքին եմ, որ հենց արվեստագետը պետք է պահանջարկ ձեւավորի: Այնուամենայնիվ, պետք է նկատել, որ սփյուռքի երիտասարդությունը նորը ընկալելու առումով շատ ավելի ճկուն է, քան հին սերունդը:
-Դուք «բիզնես-վումանի» հաջողված օրինակ եք, եւ, եթե հաշվի առնենք, որ երգարվեստի միջոցով Ձեր առջեւ փող աշխատելու խնդիր չեք դրել, գուցե բիզնեսի միջոցո՞վ եք լրացնում բացը:
-Կա տարածված կարծրատիպ, ըստ որի՝ փող վաստակողն ընտանիքում պետք է տղամարդը լինի, բայց պետք է գիտակցել, որ գումար վաստակելով՝ կինը չի դառնում տղամարդ…Երգարվեստի միջոցով, իսկապես, երբեւէ չեմ ձգտել փող աշխատել: Եթե ես իմ առջեւ այդպիսի նպատակ դնեի, չէի կարողանա հանդիսատեսին մատուցել այն,ինչ ինքս եմ ուզում:
-Նառա՛, Դուք ունեք ժպիտ, որն անպակաս է Ձեր դեմքից, գուցե այդ կերպ պաշտպանվո՞ւմ եք Ձեզ նախանձողներից, ովքեր, ի դեպ, քիչ չեն մեր շոու-բիզնեսում:
-Յուրաքանչյուր մարդ ունի իրեն նախանձողներ, սիրողներ եւ չսիրողներ, դրան պետք է կարողանալ սովորել, ես դա նորմալ եմ ընդունում, իսկ չարախոսներին վերաբերվում եմ հումորով: Առհասարակ, այսօր մարդկային հարաբերություններում միայն սերն է, որ չունենք… Երբեմն մենք ինքներս մեզ պարուրում ենք բացասական աուրայով, դառնում ենք մոխրագույն, այնինչ, պետք է ամեն վայրկյան կարողանալ հիանալ կյանքով:
-Շուտով երկրորդ թոռնիկը կունենաք, սակայն, տարիները Ձեր կողքով են անցնում, ո՞րն է Ձեր երիտասարդության գաղտնիքը:
-Թեեւ զգում եմ, որ մեծացել եմ, տատիկ եմ դարձել, բայց չէ՞ որ կյանքն այստեղ չի ավարտվում: Ինձ համար էական է հոգու երիտասարդությունը, շատ կարեւոր է՝ հոգիդ տխուր է, թե՞ ուրախ: Ինքս անչախ ուրախ մարդ եմ, գոհ եմ այն ամենից, ինչին հասել եմ, երջանիկ եմ երեխաներիս, թոռանս համար, բայց, այնուամենայնիվ, ապրում եմ իմ կյանքով. իրենք ունեն իրենց կյանքը, ես էլ ունեմ իմ կյանքը…
Աննա Բաբաջանյան