Վերջերս ԱԺ-ում քննարկվում էր Կառավարության կողմից ներկայացված օրենսդրական նախաձեռնություն, որի համաձայն բացառապես արտահանմամբ զբաղվող և տարեկան 50 մլրդ դրամի ապրանք արտահանող տնտեսվարողների շահութահարկը կնվազեցվի 20%-ից 2%: Օրենքի քննարկման ժամանակ հատկապես ընդդիմադիր պատգամավորները նշում էին, թե այս նախաձեռնությամբ իշխանության ներկայացուցիչները ցանկանում են արտահանման մոնոպոլիա ստեղծել:
Մասնավորապես, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հիշեցրեց, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը, ոչխարի մսի վաճառքի մասին պայմանավորվելով արաբական ինչ-որ շեյխի հետ, մոնոպոլիզացրեց այդ առևտուրը: Նա հետաքրքվեց, թե ինչն է խանգարելու Ալեքսանդր Սարգսյանին կամ նրա նմանին, օգտագործելով նման հնարավորությունները, այս անգամ ստեղծել մի մասնավոր կառույց, որը թույլ կտա ամբողջ արտահանումը վերցնել իր ձեռքը:
Նման մտահոգություն հայտնեց նաև մեր խմբագրություն դիմած քաղաքացին, ով չցանկացավ հայտնել իր անունը: Մեջբերում ենք նրա նամակն ամբողջությամբ.«Ինչպես հայտնի է՝ վերջերս ԱԺ ներկայացված օրենսդրական փոփոխություններով բացառապես արտահանմամբ զբաղվող և տարեկան 50 մլրդ դրամի ապրանք արտահանող տնտեսվարողների շահութահարկը կնվազեցվի 20%-ից 2%: Այս արտոնությունից չի կարող օգտվել միայն արդյունաբերության ոլորտը, մինչդեռ ակնհայտ է, որ Հայաստանում շատ քիչ թվով կարող են օգտվել այս հնարավորությունից՝ սահմանված բարձր շեմի պատճառով:
Չնայած խոսակցություններ կան, որ օրենսդրական այս փոփոխություններն արվել են Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի ցուցումով, սակայն լավատեղյակ աղբյուրները պնդում են, որ այս ամենի հետևում կանգնած են վարչապետ Հովիկ Աբրահամյանը և ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանը, ովքեր ձգտում են «օրինական» ճանապարհով համատեղ մեծացնել իրենց գերշահույթները:
Հենց դրանով է պայմանավորված արտոնությունների համար նախատեսված բարձր շեմը»:
Այս օրենսդրական նախաձեռնության մասին Armlur.am-ը զրուցեց տնտեսագետ, ՀԱԿ անդամ Զոյա Թադևոսյանի հետ: Նա նույնպես նշված հարցով մտահոգություն հայտնեց, նշելով, որ նման արտահանման ծավալներ ունեցող ընկերությունները խոշոր արտահանողներն են:
«50 մլրդ դրամ արտահանման թիվ ունեցող ոչ խոշոր ձեռնարկություններ Հայաստանում չկան: Արտահանման կառուցվածքը, երբ դիտարկում ենք, դրանք շինանյութերն են: Կոնյակի և գինու արտահանման ծավալներն են մեծացել, որտեղ նույնպես փոքր ձեռնարկություններ չկան, դարձյալ խոշորներին է պատկանում այդ մենաշնորհը: Հանքահումքային արտադրանքներն են, որոնք արտահանվում են և այս առումով մտահոգությունը ճիշտ է», – ընդգծեց Զոյա Թադևոսյանը:
Նա նշեց, թե այդ 50 մլն շեմը բավական բարձր է սահմանվել, սակայն, միևնույն ժամանակ արտահանումը պետք է խթանել: