Վիպասան, դրամատուրգ, նկարիչ Աղասի Այվազյանի տուն-գրադարան-թանգարանի ստեղծման անհրաժեշտության մասին մեկ անգամ չէ, որ խոսվել է: Օրեր առաջ էլ արվեստագետի այրին՝ Գրետա Այվազյանը, բաց նամակով դիմել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ հերթական անգամ բարձրաձայնելով համապատասխան տարածքի տրամադրման չլուծված խնդրի մասին:
«…Իհարկե, ես գիտեմ, որ տարածքի տրամադրումը ոչ թե մշակույթի նախարարության, այլ քաղաքաշինության նախարարության եւ պետգույքի կառավարման վարչության իրավասության ներքո է, սակայն Աղասի Այվազյանի տուն-գրադարան-թանգարանի ստեղծման մասին իմ՝ Ձեզ ուղղված խնդրանքի պատասխանը նորից ստացա մշակույթի նախարարությունից: Մի՞թե նրա ստեղծագործական ժառանգությունը՝ արխիվ, նկարներ, գրադարան, ինձանից հետո այդպես էլ կմնան անհայտության մեջ…»,-ասված էր նամակում:
Տիկին Այվազյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում իր մտահոգությունը հայտնեց հատկապես Աղասի Այվազյանի գրադարանի, նկարների հետագա ճակատագրի վերաբերյալ. «Դրանք ավտոտնակում արդեն փչանում են, բացի այդ՝ ամուսնուցս պահած շատ տարբեր իրեր ունեմ, որոնք եւս ցուցադրման արժանի են»,-ասաց նա:
Այվազյանի այրին ցավում է, որ հիմա հանրությունը գրողի գործերին ծանոթ չէ, գաղափար չունի նրա մեծության մասին. «Ռուսներն ասում են՝ Пушкин-наше все, հավատացեք՝ Աղասի Այվազյանն էլ մեր ամեն ինչն է, եթե հաշվի առնենք, որ նա գրել է հեքիաթներ, պատմվածքներ, նովելներ, վեպեր, ամեն ինչ…Շուտով կնշենք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, իսկ նա Եղեռնի թեմայով այնպիսի շշմելու գործեր ունի…Նա ունի նյութեր, որոնց հիման վրա կարելի է ֆիլմեր նկարել, օրինակ՝ Ալեքսանդր Թամանյանի մասին…Չեն ճանաչում, չեն գնահատում»,-ցավով նշեց գրողի այրին:
Նրա խոսքով՝ ինքը բազմիցս տուն-գրադարան-թանգարանի ստեղծման խնդրով դիմել է ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին, սակայն ապարդյուն. «Դե, մարդ ինքը պետք է կարդա, իմանա, սիրի տվյալ հեղինակին, որ նրան առնչվող խնդրով էլ զբաղվի»,-նկատեց նա:
Այվազյանի այրին նույն հարցով դիմել է նաեւ ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանին, սակայն այս դեպքում եւս խնդրի լուծման կոնկրետ տարբերակներ չեն նախանշվել.«Արդեն հոգնեցրել եմ, այնքան եմ նույն հարցը բարձրացրել, բա ի՞նչ անեմ, 70-ն անց կին եմ, ես գնալու եմ, բայց Աղասի Այվազյանը պետք է մնա, ինչո՞ւ նրա անունը կորչի, մնա անհայտության մեջ…»,-ասաց նա:
ՀՀ քաղաքաշինության նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Եսայանի խոսքով՝ թանգարանի ստեղծման հարցը նախարարության գործառույթների մեջ չի մտնում: «Նարեկ Սարգսյանը դրանով մտահոգված է եղել դեռեւս Երեւանի գլխավոր ճարտարապետ եղած ժամանակ, ընդ որում՝ նա վերաբերվում է Աղասի Այվազյանին ոչ միայն որպես արվեստագետի, այլեւ մի անձի, ում հետ ինքն անձնական շփում, ջերմ հարաբերություններ է ունեցել: Վստահեցնում ենք, որ խնդրով միայն Աղասի Այվազյանի կինը չէ, որ մտահոգված է: Պարզապես տարածք տրամադրելը մի օրվա, այսօրվա ու վաղվա լուծելու խնդիր չէ»,-հավաստիացրեց նա:
Քաղաքաշինության նախարարի մամուլի քարտուղարը նաեւ հարկ համարեց նշել, որ Նարեկ Սարգսյանը մտահոգված է նաեւ բազմաթիվ այլ մշակութային օջախների տարածքների հետ կապված խնդիրներով: «Նախարարը Այվազյանի թանգարանի ստեղծման հետ կապված գաղափարներ ունի, սակայն դրանք ենթակա են մշակույթի նախարարության, Կառավարության հետ քննարկման»,-պարզաբանեց նա:
Այդ գաղափարները կյանքի կկոչվե՞ն արդյոք, եթե լավատես լինենք ու հավատանք դրան, ապա ե՞րբ սպասենք Աղասի Այվազյանի տուն-գրադարան-թանգարանի ստեղծմանը, քանի՞ տարի հետո… Այվազյանի այրին ափսոսում է, որ գալիք սերունդները թանգարանի միջոցով արվեստի վաստակավոր գործչին ճանաչելու հնարավորությունից կարող են զրկվել: Նա հիշում է՝ մահանալուց առաջ Աղասի Այվազյանն իրեն ասել էր. «Գրետա՛, քեզ թվում է, թե դու ինձ գիտես, բայց դու էլ դեռ ծանոթ չես ինձ, երբ գործերս կարդաս, այն ժամանակ էլ ինձ կճանաչես…»:
Աննա Բաբաջանյան