ԱՆԻ ԱՄԻՐՅԱՆ երգչուհուն կհիշենք բոլորս: Նա շատ կարճ ժամանակահատված զբաղվեց երգով, հետո, չգիտես ինչու, թողեց երգարվեստը: Ըստ շրջանառվող բամբասանքների՝ ամուսնությունից հետո նրան պարզապես արգելեցին զբաղվել երգով: Մենք էլ որոշեցինք չհիմնվել խոսակցությունների վրա ու հենց Անիից պարզել իրական պատճառները:
-Անի՛ ջան, ինչո՞ւ եք դադարել երգել, ամուսնությունից հետո՞ այդպես որոշեցիք, թե՞…
-Ո՛չ, մինչ այդ էի որոշում կայացրել, ուղղակի երբ ամուսնացա, բոլորը մտածեցին, թե դրա հետ է կապված:
-Կարծիք կա, որ Ձեր ամուսինն է արգելում Ձեզ բեմ բարձրանալ, երգել:
-Ընդհակառակը, ինքն ուզում է, որ ես երգեմ, լինեմ ասպարեզում, որովհետեւ ինքն էլ դերասան է, բայց ես չեմ համոզվում: Գիտեք, գալիս է մի ժամանակահատված, երբ դու հասկանում ես, թե իրականում ինչ ես ուզում: Կա մի տարիք, երբ ամեն ինչ կարող ես փորձել, եւ ամեն ինչ ներվում է, իսկ հետո պետք է հասկանաս՝ ինչն է քեզ հարազատ, որտեղ ես դու քեզ ավելի լավ զգում:
Մի շրջան է գալիս, երբ դու հասկանում ես, որ մեծ ես ու պետք է ինքնուրույն գումար աշխատես, ինչքա՞ն կարող են ծնողները կամ ամուսինը օգնել, որ տեսահոլովակ նկարես ու երգ ձայնագրես: Իսկ այն երգերը, որ ես եմ երգում, ու այն աշխարհը, որ ես ունեմ, այսօր չեն վաճառվում: Մեծ հաշվով գումարի համար չես անում, անում ես քեզ համար, ուղղակի ես էդպես որոշեցի, այսինքն՝ հասկացա, որ չեմ ուզում զբաղվել երգարվեստով, որ ինձ լավ եմ զգում տանն ու, իհարկե, աշխատանքում, բայց ոչ այնպիսի աշխատանք, որտեղ ես կլինեմ ուշադրության կենտրոնում, կպատրաստվեմ համերգների: Հիմա ինձ համար մի հարցազրույցն ու եթեր դուրս գալն էլ դժվար էտապ է, որի համար ես պատրաստվում եմ: Իսկ ես այդպես եմ ամեն հարցում, դրա համար ավելորդ անգամ սթրես ապրել ու բարդացնել կյանքը, եթե դա ինքնանպատակ չէ ու քո կյանքի իմաստը չէ, պետք չէ:
-Հիասթափությո՞ւնը ստիպեց հեռանալ երգարվեստից:
-Անգամ չեմ հիշում՝ երբ եւ ինչից հետո ես որոշեցի չերգել, բայց մեր ընտանիքում միշտ եղել է խոսակցություն, հորեղբայրս, լինելով այդ ասպարեզում, ինքն էլ չէր ուզում, որ ես երգեմ, սակայն ինձ թվում էր, որ իմ ապագան երգչուհի լինելն է: Հետո եկավ մի ժամանակ, երբ այսպես ուղղակի ստացվեց:
-Իսկ հիմա որտե՞ղ եք իրացնում Ձեր գիտելիքները:
-Ավարտել եմ Մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի ռեժիսուրայի բաժինը, այժմ այնտեղ դասավանդում եմ դերասանի վարպետություն: Մի 6 տարի արդեն դասախոս եմ:
Այն բոլոր ստեղծագործական ապրումները, ինչ իմ մեջ կային, ես սպառում եմ այնտեղ, ուսանողների հետ, ու պատկերացրե՛ք, ես ինձ շատ ավելի լավ եմ զգում: Խմբակային աշխատելու այդ էտապը շատ եմ սիրում, երբ մեկը մյուսի համար է անում, միայն լեկցիաներ չեն, հետաքրքիր մարդկային փոխհարաբերություններ կան այդ ամենի մեջ:
-Դերասանի վարպետություն եք դասավանդում, ինքներդ Ձեզ չե՞ք փորձել որպես դերասանուհի:
-Ուղղակի ես չեմ սիրում տեսախցիկ, տեսախցիկն էլ ինձ չի սիրում, մենք իրար հետ այդքան էլ լավ չենք: Իսկ բեմը, թատրոնը ես սիրում եմ: Եթե որեւէ առաջարկ լինի, ես էլ, ամուսինս էլ հասկանանք, որ ես կարող եմ լինել տվյալ դերում, ու դա ինձ հարազատ է, միգուցե նաեւ փորձեմ ինձ թատրոնում, բայց ֆիլմեր չեմ սիրում:
Թատրոնի դեպքում էլ փոքրիկ թատրոններ եմ սիրում, ինչպես, օրինակ, Մալյան թատրոնը:
-Ի դեպ, ես նկատել եմ, որ Դուք բավականին ակտիվ օգտատեր եք «Ֆեյսբուք» սոցիալական կայքում: Միշտ արձագանքում եք բոլոր խնդիրներին: Մի օր էլ Ձեր գրառումների մեջ կարդացի, որ Հայաստանում արդեն անհնար է ապրել: Այդ ի՞նչ էր պատահել:
-Վերջերս մի հումոր լսեցի, որ շատ հայրենասեր մարդը հասկացել է, որ ինքը չի ձգում: Չեմ ուզում բոլորի անունից խոսել, ես իմ մասին կասեմ, որ շատ սիրում եմ իմ հայրենիքը, շատ սիրում եմ Երեւանը, բայց երբ ժամանակ ու հնարավորություն կար Հայաստանից գնալու, ես հիշում եմ՝ ոնց էի լացում, չէի ուզում թողնել իմ փողոցը, տունը: Այսօր, եթե օրն ու փաստը գա, կանգնի իմ առաջ, միգուցե հուզվեմ ու կրկին չկարողանամ գնալ, բայց ամեն քայլափոխի ես տեսնում եմ այնպիսի բաներ, որ ինձ թեւաթափ են անում, հիասթափեցնում են, նեղացնում…
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ