Հայաստանի «կորցրած» քաղաքացիների թիվը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախկինում մարդիկ Հայաստանից արտագաղթում էին, բայց դա էապես չէր ազդում ՀՀ բնակչության պաշտոնական թվի վրա, սակայն վերջին երկու տարիներին բնակչության պաշտոնական թիվը եւս սկսել է տարեցտարի նվազել: Սա նշանակում է, որ ՀՀ քաղաքացիների թիվը պաշտոնապես նվազում է, ինչն այլեւս հնարավոր չէ թաքցնել: Բայց ուշագրավն այն է, որ պաշտոնական վիճակագրերն այս փաստը փորձում են չտեսնելու տալ, կարծես ոչինչ էլ չի եղել:

Մարդահամար անցկացնելիս, ինչպես հայտնի է, բնակչության երկու թիվ է ստացվում՝ «առկա բնակչություն» եւ «մշտական բնակչություն»: Առաջին խումբը՝ «առկա բնակչությունը», իր մեջ ներառում է մարդահամարի անցկացման պահին ներկա մարդկանց թիվը: Իսկ «մշտական բնակչությունը» մարդահամարի պահին ներկա եւ բացակա բնակչության հանրագումարն է, կամ այլ կերպ ասած՝ քաղաքացիների թիվը:
2001 թվականին անցկացված մարդահամարի արդյունքներով, ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների, Հայաստանի «մշտական բնակչության» թիվը եղել է 3 միլիոն 213 հազար 11 մարդ:

Մինչեւ 2011 թվականը Հայաստանի մշտական բնակչության թիվը շարունակաբար աճել է, եւ արդեն 2011-ի սկզբին այդ ցուցանիշը, կրկին ըստ ԱՎԾ-ի, կազմել է 3 միլիոն 262 հազար 200 մարդ: Նշված տարիներին Հայաստանից արտագաղթը չի դադարել, բայց մշտական բնակչության թիվը, միեւնույն է, շարունակում էր աճել, ինչը հիմնականում բացատրվում էր այն հանգամանքով, որ արտագաղթների հաշվառում, որպես այդպիսին, չի իրականացվում (ներկայումս էլ չի իրականացվում) եւ, որ ամենակարեւորն է, պաշտոնական վիճակագրերը պնդում էին, որ արտագաղթած մարդը, քանի դեռ չի հրաժարվել ՀՀ քաղաքացիությունից, շարունակում է մնալ մշտական բնակչության կազմում:

2011 թվականի հոկտեմբերի 12-ից 21-ը անցկացված մարդահամարի արդյունքներով ՀՀ մշտական բնակչության թիվը կազմել էր 3 միլիոն 18 հազար 854 մարդ: Այսպիսով՝ ստացվում է, որ 2001 թվականի համեմատ մշտական բնակչության թիվը նվազել է 194 հազար 157 մարդով: Սակայն նշված տասը տարիներին Հայաստանն ունեցել է նաեւ բնակչության բնական աճ՝ ծնվածների եւ մահացածների թվի դրական տարբերությունը: Մասնավորապես, նշված տասը տարում Հայաստանի բնակչության բնական աճը կազմել է 134 հազար 291 մարդ: Իսկ բնական աճի պայմաններում մշտական բնակչության թվի նվազում արձանագրելու համար անկումը պետք է լիներ ավելին: Այսինքն՝ մշտական բնակչության իրական նվազումը եղել է բնական աճի եւ արձանագրված անկման գումարի չափով, այն է՝ 328 հազար 448 մարդ: Ստացվում է՝ 2001 թվականից մինչեւ 2011 թվականը Հայաստանի Հանրապետությունը կորցրել է նշված վերջին թվի չափով քաղաքացիներ:

Մարդահամարից հետո՝ 2012 թվականին, ՀՀ մշտական բնակչության թիվը կազմել է 3 միլիոն 21 հազար 400 մարդ, 2013 թվականի սկզբին այդ թիվը եղել է 3 միլիոն 41 հազար, 2014 թվականի տարեսկզբին՝ 3 միլիոն 17 հազար 400, իսկ արդեն 2015 թվականի սկզբին՝ 3 միլիոն 10 հազար 600: Այսինքն՝ 2011-ի մարդահամարից հետո մինչեւ 2013 թվականի սկիզբը Հայաստանի մշտական բնակչության թիվը շարունակել է աճել, իսկ արդեն 2014-ի սկզբին այդ ցուցանիշը կտրուկ անկում է ապրել: 2012-ից 2014 թվականը ներառյալ Հայաստանի բնակչության բնական աճը կազմել է 44 հազար 735 մարդ: Այսպիսով՝ եթե հանրագումարի բերենք, ապա ստացվում է, որ 2001 թվականից մինչեւ 2015 թվականի սկիզբը Հայաստանի մշտական բնակչության թիվը նվազել է 403 հազար 583 մարդով:

Սակայն, երբ ուսումնասիրում ենք պաշտոնական վիճակագրության տվյալները, պարզվում է՝ վերը բերված թիվն էլ վերջնական չէ: Բանն այն է, որ ըստ ԱՎԾ-ի՝ 2007 թվականից, երբ ներդրվեց երկքաղաքացիության համակարգը, Հայաստանը երկքաղաքացիություն է շնորհել 53 հազար 322 մարդու: Բնականաբար, երկքաղաքացիները եւս ներառված են ՀՀ մշտական բնակչության թվաքանակի մեջ: Այսինքն՝ ստացվում է, որ վերջին 14 տարիներին Հայաստանը կորցրել է 456 հազար 905 քաղաքացի: Այս թիվը չշփոթել արտագաղթի թվի հետ:

Արտագաղթի թիվը շատ ավելի մեծ է, բայց այն մարդիկ, ովքեր արտագաղթել, բայց չեն հրաժարվել ՀՀ քաղաքացիությունից, շարունակում են մնալ ՀՀ քաղաքացի: Եթե մի լավ օր Հայաստանում իրավիճակը փոխվի, եւ այն իր քաղաքացիների համար դառնա գրավիչ երկիր, ապա կասկած չկա, որ քաղաքացիների մի մասը կվերադառնա Հայաստան: Իսկ քաղաքացիությունից հրաժարված եւ այլ երկրի քաղաքացիություն ընդունած մեր նախկին հայրենակիցներին Հայաստան վերադարձնելն արդեն կարելի է համարել անհույս գործ:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս