ԼՈՒՐ ԿԱԴՐ
Լուսանկարը՝ armlur.am-ի
Երեւանի բազմաբնակարան շենքերից մեկին փակցված այս գրությունը՝ «տրվում է վարձով», առաջին հայացքից վերաբերում է նաեւ հայկական դրոշին: Անհասկանալի է, թե բնակիչն ինչո՞ւ է որոշել իր տան պատշգամբին փակցնել հայկական դրոշը, գուցե տան հետ վարձով է տրվում նաեւ հայկական պարծա՞նքը:
ՀԱՐՑ. Ունեմ բնակելի տուն, որը բնակեցված չի եղել: Այժմ ցանկանում եմ, որ ընտանիքիս անդամները բնակվեն այդ տարածքում: Խնդրում եմ պարզաբանել՝ կարո՞ղ է արդյոք բնակելի տարածության օգտագործման իրավունք ունեցող անձը բնակելի տարածությունում բնակեցնել իր ընտանիքի անդամներին:
Նարեկ Սահակյան (31 տարեկան, քաղաքագետ)
ՊԱՏԱՍԽԱՆ. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 225-րդ հոդվածի պահանջների համաձայն՝ «Բնակելի տարածության օգտագործման իրավունք ունեցող անձի հետ առանց սեփականատիրոջ համաձայնության կարող են բնակվել նաեւ իր ընտանիքի անդամները (ամուսինը, անչափահաս երեխաները):
ՀՀ կադաստրի պետական կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք նաեւ, որ սեփականատերն իրավունք ունի իրեն պատկանող գույքի նկատմամբ իր հայեցողությամբ կատարել օրենքին չհակասող եւ այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը չխախտող ցանկացած գործողություն, այդ թվում` իր գույքը որպես սեփականություն օտարել այլ անձանց, նրանց փոխանցել այդ գույքի օգտագործման, տիրապետման եւ տնօրինման իրավունքները, գույքը գրավ դնել կամ տնօրինել այլ եղանակով:
ՀԱՐՑ. 2-րդ կարգի հաշմանդամ եմ: 5 տարի շարունակ ե՛ւ աշխատավարձ, ե՛ւ հավելավճար եմ ստացել: Պարզ է, որ հաշմանդամության պատճառով ներկայումս 2 ժամ հիմնական ժամանակից պակաս եմ աշխատում, եւ դրա պատճառով հավելավճար չեն տրամադրում: Կխնդրեի պարզաբանել՝ արդյոք հաշմանդամությունը կարո՞ղ է պատճառ հանդիսանալ, որ ինձ հավելավճար չտրամադրեն:
Լանա Գեւորգյան (70 տարեկան, խորհրդական)
ՊԱՏԱՍԽԱՆ. «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՕ-209-Ն ՀՀ օրենքով լրացումներ են կատարվել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասում, որով սահմանվել են հիմնական աշխատավարձի, լրացուցիչ աշխատավարձի, հավելումների, հավելավճարների, լրավճարների եւ պարգեւատրումների հասկացությունները:
Համաձայն հիշյալ սահմանման` հավելավճարը հիմնական աշխատավարձի նկատմամբ հաշվարկվող լրացուցիչ վարձատրություն է, որը վճարվում է որակավորման (դասային, դիվանագիտական, գիտական աստիճան, կոչում եւ այլն), աշխատանքային ստաժի համար:
Հետեւաբար, հաշմանդամությամբ պայմանավորված ոչ լրիվ աշխատաժամանակի սահմանումը որեւէ ազդեցություն չի կարող ունենալ հավելավճարի վճարման համար:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հայաստանում աշխատանք փնտրողների թիվը 2015 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել է 65.9 հազար մարդ՝ նախորդ տարվա ցուցանիշի համեմատ աճելով 17.9 տոկոսով: Ներկայիս աշխատանքային շուկայում առկա իրավիճակը եւ գործազրկության բարձր ցուցանիշներն իրենց հերթին պարարտ հող են ստեղծում գործատուի կողմից իրականացվող այնպիսի չարաշահումների համար, ինչպիսիք են` առանց հավելավճարի աշխատողին արտաժամյա աշխատեցնելը, աշխատանքային ժամերի ավելացումը եւ այլն: Եւ, իհարկե, այսպիսի պայմաններում գործատուներն ամեն կերպ պատճառներ են փնտրում՝ աշխատողին իրենց հասանելիք աշխատավարձը կամ հասանելիք գումարները չվճարելու համար: